Թե՞ որն է դրամի թուլացման այն սահմանը, որը թույլ կտա հավասարակշռել դրա դրական եւ բացասական հետեւանքները, շատ դժվար է ասել։ Իսկ որ դրանք բազմազան են, միանշանակ է։
Դրամի թուլացման համար այս պահին անշուշտ դրական գործոն է գնաճը։ Անցած տարվա տվյալներով, 12-ամսյա հատվածում Հայաստանում ընդհանրապես գնաճ չի գրանցվել։ Ընդհակառակը, պաշտոնական տվյալներով, տեղի է ունեցել նույնիսկ գնանկում։ Սա որոշակի հնարավորություններ է ընձեռում Կենտրոնական բանկին, որ թույլ տալ դրամն ավելի ազատ լողա։ Այդ դեպքում ազգային արժույթի արժեզրկումը բնականաբար անխուսափելի է, որը եւ տեղի է ունենում։
Սակայն եթե դա երկար շարունակվի, ապա բերելու է գնաճի ակտիվացման, ինչը ցանկալի չէ, հատկապես ներկայիս սոցիալական պայմաններում։ Սոցիալական իրավիճակի վրա շատ ավելի մեծ կարող է լինել ազգային արժույթի թուլացման անուղղակի ազդեցությունը։
Ինչպես հայտնի է, տարադրամի փոխարժեքները այն հիմնական գործոններից մեկն են, որ հաշվի են առնվում հանրային ծառայությունների սակագները որոշելու ժամանակ։ Խոսքը գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների մասին է։ Անցած տարի ազգային արժույթի թուլացման հետեւանքով գազի ներքին սակագների բարձրացումից հաջողվեց խուսափել միայն երկնագույն վառելիքի ներմուծման էժանացման շնորհիվ։ Այլապես դա անհնարին կլիներ։ Եթե ազգային արժույթի արժեզրկումը շատ խորանա, ապա չի բացառվում, որ դարձյալ առաջանա նույն խնդիրը։
Կարդացեք նաև
Դրամի արժեզրկումը, հատկապես երբ դա զգալի է, խնդիրներ է ստեղծում նաեւ ֆինանսական ոլորտի մասնակիցների շրջանում։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին վարկառուներին, որոնց վարկերը տարադրամով են։ Դրամի արժեզրկումը մեծացնում է ճնշումը տարադրամային վարկերի սպասարկման վրա՝ խնդիրներ ստեղծելով նույն բանկային համակարգի համար։
Սրանք գործոններ են, որ դժվար է հաշվի չառնել ազգային արժույթի արժեզրկման անհրաժեշտության մասին խոսելիս։
Մի բան միանշանակ է, որ անկախ նրանից, թե Կենտրոնական բանկը ինչպիսի քաղաքականություն է մտադիր իրականացնել առաջիկայում արժութային շուկայում, անհրաժեշտ է ամեն ինչ անել կտրուկ զարգացումներից խուսափելու համար։ Դրամի արժեզրկումը կամ արժեւորումը պետք է հնարավորինս սահուն իրականացվի, այլապես դրա հետեւանքները շատ ավելի ծանր կլինեն։
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում