Քաղաքացի Ժաննա Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Ժաննա Հ.-ն հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 30-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչն իր և Երանյակ Բ.-ի միջև կատարած առերես հարցաքննության ժամանակ չի արձանագրել վերջինիս կողմից իրեն տոկոսադրույքով գումար տալու վերաբերյալ վկայող՝ Երանյակ Բ.-ի ցուցմունքը:
Բացի այդ, նույն քննիչի կողմից չի առգրավել և քրեական գործին չի կցվել առերես հարցաքննության ժամանակ Երանյակ Բ.-ի կողմից ցույց տրված տոկոսագումարների գրառման վերաբերյալ ստացականը, որով էական վնաս է պատճառվել իր իրավունքներին և օրինական շահերին:
Քաղաքացի Ժաննա Հ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն