Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատանքի պետական տեսչությունն իրավաբանորեն չէր իրականացնում իրավապաշտպան գործառույթ»

Փետրվար 04,2016 14:00

Հարցազրույց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեւորգ Պետրոսյանի հետ

-Պարոն Պետրոսյան, անցյալ տարի հաճախակի էին աշխատավորների զանգվածային միջոցառումները, հավաքները. «Նաիրիտ», Մետրոպոլիտենի աշխատակիցներ, ավիացիա, «Հայէլեկտրոմեքենա», տաքսու վարորդներ: Գործատուները նրանց իրավունքները ոտնահարել էին, մի բան ակնհայտ էր, որ չկան արհմիություններ, չկան աշխատավորների պաշտպանությանը միտված հասարակական կազմակերպություններ: Ինչ՞ եղան արհմիությունները:

– Ձեր դիտարկումը, որ արհմիություններն այսօր փաստացի էական դերակատարում չունեն աշխատողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության գործում, միանգամայն հիմնավոր է: Արհմիությունները դե յուրե գործում են: Դեռեւս 2000 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում ընդունվել եւ մինչ օրս էլ գործում է «Արհեստակցական միությունների մասին» օրենքը, որով չէի ասի, թե չափազանց ընդարձակ, բայց եւ ոչ այնքան թույլ լիազորություններ են վերապահված արհմիություններին: Այլ է խնդիրը, թե արհմիությունները որքանով են հետեւողական օրենքով իրենց վերապահված լիազորությունները փաստացի կենսագործելու հարցում: Օրինակ` թույլ տրված խախտումների վերաբերյալ գործատուից բացատրություններ պահանջելու, միջնորդագրեր ներկայացնելու, անգամ հայցով դատարան դիմելու իրավունք ունեն արհմիությունները: Ես չեմ հիշում այնպիսի մի դեպք (գուցե եղել են, բայց սակավաթիվ), որ արհեստակցական միության նախաձեռնությամբ աշխատողների անունից հայց է հարուցվել դատարան աշխատողների շահերը պաշտպանելու նպատակով: ՀՀ գործող Աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողների իրավունքները պաշտպանող մյուս կառույցը դատարաններն են: Փաստորեն, եթե մենք արհմիությունների վրա հույս չենք դնում, ուրեմն քաղաքացին գործատուի հետ փոխհարաբերություններում մնում է մեն մենակ, իսկ իրավապաշտպան կառույցը մնում է դատարանը, որտեղ իրավունքների՝ վճարովի հիմունքներով որակյալ պաշտպանությունը շատերի համար հասանելի չէ: Բացի այդ, դատարաններն այսօր գերծանրաբեռնված են տարբեր իրավահարաբերություններից բխող վեճերով: Մեկ աշխատանքային վեճը, եթե անցնում է երեք ատյաններով, լավագույն դեպքում առնվազն տեւում է մեկուկես տարի: Ինչ է, պետք է աշխատողը եւ նրա ընտանիքի անդամները, որոնք գտնվում են նրա խնամքի տակ, անորոշ սպասե՞ն: Ես առիթը բաց չեմ թողել` ասելու, որ մեզ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ կատարել անհատական աշխատանքային վեճերը հնարավորինս սեղմ ժամկետում լուծելու վերաբերյալ: Դա բխում է եւ՛ աշխատավորների եւ՛ գործատուների շահերից: Գործատուն նման դեպքում շուրջ երկու տարի ձգձգվող վեճից հետո հարկադրված է սխալի դեպքում հարկադիր պարապուրդի համար վճարել աշխատողին: Եթե գործատուն է սխալ թույլ տվել, դատարանը թող շուտ պարզի. իրավական հետեւանքների բեռը գործատուի համար քիչ կլինի:

-Դատարաններում արհմիությունների դերը մի տեսակ ընկած էր «Աշխատանքի պետական տեսչության» վրա: Քչերը գիտեն, որ այդ կառույցը չկա, ինչո՞ւ հրաժարվեցին տեսչությունից:

– Աշխատանքի պետական տեսչությունն իրավաբանորեն, ֆորմալ առումով լիազորված չէր իրականացնել իրավապաշտպան գործառույթ: Գոյություն ունի «Աշխատանքի պետական տեսչության մասին» կոնվենցիա, որին Հայաստանն անդամակցում է: Կոնվենցիայով տեսչության համար այդպիսի գործառույթ չի նախատեսվում, հետեւաբար, մեր օրենսդրությունը նույնպես չէր կարող հակասել կոնվենցիային եւ տեսչությանը նման իրավունք առերեւույթ վերապահել չէր կարող։ Բայց բովանդակային առումով, եթե մենք վերլուծենք «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ 2005թ. օրենքը, որն, իհարկե, այս պահին այլեւս չի գործում, ապա կհամոզվենք, որ տեսչությանը վերապահված գործառույթները ոչ այլ ինչ էին, թե ոչ աշխատողների շահերի պաշտպանությանն ուղղված իրական գործիքներ:

Երբ ես ժամանակին ղեկավարում էի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, տեսչության հետ իմ առնչությունն անմիջական էր։ Ծայրահեղ հետեւողականորեն քննարկվում էին բոլոր դիմումներն ու բողոքները: Տեսչության հեղինակությունն ու դրա նկատմամբ վստահությունն այնքան բարձր էին, որ քաղաքացիների շատ բողոքներ չէին հասնում դատարաններ: Աշխատողն ու գործատուն տեսչությունում վարչական գործի քննության ժամանակ համոզվում էին իրենց տեսակետի ոչ իրավաչափ լինելու մեջ եւ բավարարվում էին տեսչության որոշմամբ, կամովին կատարում էին դրա պահանջները։ Արդյունքում կանխվում էին անհիմն հայցերի հոսքը դատարան, անվերջ ձգձգվող դատարավարությունները:

2013թ.-ին «Աշխատանքի պետական տեսչությունը» ՀՀ կառավարության որոշմամբ վերցվեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, տեղափոխվեց Առողջապահության նախարարության աշխատակազմ՝ որպես առանձնացված ստորաբաժանում՝ «Առողջապահական պետական տեսչություն» անվանումով, որի մի շարք կարեւոր գործառույթներ վերցվեցին տեսչությունից:

-Հակասություններ չծագեցի՞ն աշխատանքային օրենսգրքի հետ:

-Աշխատանքային օրենսգրքում արդեն 2015 թվականի հունվարից ուժը կորցրած է ճանաչվել 34-րդ հոդվածը, համաձայն որի, ՀՀ Աշխատանքի պետական տեսչությունը հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ պետական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող հիմնական մարմինը։ Այդ հիման վրա էլ 2015թ. հունիսին ՀՀ Կառավարության որոշմամբ «Առողջապահական պետական տեսչությունից» վերցրեցին օրենսդրության պահպանման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության գործառույթները։

-Ի՞նչ ունենք այսօր:

-Փաստորեն, այսօր եւ իրավաբանորեն, եւ փաստորեն, առողջապահական պետական տեսչությունը շատ չնչին մասով է մասնակցում աշխատանքային հարաբերություններում օրինականության հսկողության գործընթացին: Ընդամենը թողել են միայն աշխատանքային պայմանների, անվտանգության նորմերի, կանոնների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը: Բնականաբար, միաձուլման արդյունքում հաստիքների կրճատում եղավ, մասնագետների զգալի մասը դուրս մնաց համակարգից:

-Տեսչության եզրակացությունները արդյոք ձեւական չե՞ն, ազդո՞ւմ էին դատարանների վրա:

– Նախքան դատարան դիմելը, երբ վարչական վարույթ էր հարուցվում, տեսչությունը կատարում էր ստուգումներ եւ ուսումնասիրություններ եւ, եթե խախտումներ էին հայտնաբերվում, ու գործատուների կամ դրանց պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակվում էին վարչական հարկադրանքի միջոցներ, ապա այդ նյութերը՝ որպես արդեն իսկ հաստատված հանգամանքները հաստատող ապացույցներ, աշխատողը ներկայացնում էր դատարան: Իհարկե, դրանք դատարանի համար պարտադիր չէին, բայց եւ չի կարելի ասել, թե դրանք որեւէ ազդեցություն չէին ունենում ապացուցման գործընթացում, որեւէ դեր չէին խաղում դատարանի ներքին համոզմունքը ձեւավորելու հարցում: Ցավոք, աշխատողները մնացին մեն մենակ գործատուի հետ հարաբերություններում` այն դեպքում, երբ աշխատողը գործատուից կախված է կազմակերպական, ֆինանսական, կարգապահական իշխանությամբ։ Հույսի միակ կղզյակը մնաց դատարանը։

-Ի վերջո, չկա՞ն առաջարկներ, լուծումներ:

-Այս վիճակից դուրս գալու առաջարկները բազմաթիվ են: Առաջին հերթին՝ ստեղծել անկախ արհմիություններ, որոնք ֆինասավորվեն հենց աշխատողների կողմից, որեւէ գործատուից որեւէ կախում չունենան, այդ թվում, նյութատեխնիկական պայմաններ, կապի միջոցներ, աշխատատեղ հատկացնելու, տրանսպորտային միջոցներ տրամադրելու եւ այլ հարցերում։ Օրենքով պետք է փոխել դրանց սկզբնական կառույցների ու վերադաս մարմինների ձեւավորման կարգը։ Այսօրվա արհմիությունները շարունակում են դեռեւս նախկին՝ սովետական տրամաբանությամբ եւ կարգերով՝ ստեղծվելով գործատուի մոտ, նրա «հովանու ներքո»: Այսօր շատ դեպքերում դրանք համարվում են գործատուների գրպանային կառույց, ինչու չէ՝ ուղղակիորեն ղեկավարվում են գործատուների հրահանգներով ու ցուցումներով, նրանց ապօրինի պահանջներն օրինականացնելով։ Հակառակ դեպքում՝ մանր-մունր փոփոխություններով վիճակը ցանկալի մակարդակի բերվել չի կարող։ Եթե իբրեւ միակ իրավապաշտպան գործուն կառույց, մնացել են դատարանները, ապա ժամանակն է մտածել մասնագիտացված` Աշխատանքային դատարաններ ստեղծելու մասին, որպիսիք շատ արդյունավետ են գործում եվրոպական մի շարք երկրներում:

-Օգտվելով մեր հանդիպման հնարավորությունից, ուզում եմ Ձեր կարծիքը լսել կոալիցիա կազմելու, Ձեր՝ ԲՀ կուսակցության կողմից այդ կոալիցիային մաս չկազմելու մասին:

-Չնայած հարցը դուրս է թեմայից, բայց չեմ խորշի պատասխանից։
Գիտե՞ք, ցավոք սրտի, մեզանում «կոալիցիա» կոչվածի վերաբերյալ պատկերացումները մի տեսակ այլ են: Քիչ չեն մարդիկ, որոնք կոալիցիա մտնելու իմաստը հասկանում են սոսկ ինչ-որ ծառայության դիմաց կամ ինչ-որ երազանքի ակնկալիքով գործադիրի գրավիչ պորտֆելներին ու դրանցով ղեկավարվող ոլորտներին տիրանալն ու այդպես գոյատեւելը։ Մի՞թե դա առողջ մոտեցում է։ Գուցե հենց այդ պատճառով այդպես էլ չի ձեւավորվում սպասվող համախմբումը։ Չգիտեմ:

-Իսկ միթե բացառո՞ւմ եք գործարքի տարրը:

-Ցավոք, մեր իրականության մեջ ինչ-որ բան բացառելը կենսունակ մոտեցում չէ: Իմ պատկերացմամբ, կոալիցիան պետք է ընկալվի նախեւառաջ պետության ու հասարակության կառավարման բեռը կիսելու հարթությունում։ Ես, իհարկե, իրավունք չունեմ հայտարարությունս հռչակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից, բայց կարող եմ՝ որպես կուսակցական, որպես մասնագիտությամբ իրավաբան եւ՝ նաեւ որպես քաղաքացիական հասարակության անդամ, իմ կարծիքը հայտնել: Եթե Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը» կամ ՀՅԴ-ն ինչ-որ մի ընթացիկ օրենքի կամ կառավարության այս կամ այն կոնկրետ նախագծի ընդունման ուղղությամբ մեկտեղեին իրենց ջանքերը, այստեղ կարող էինք ասել, որ պարզապես առանձին հարցերում դիմադիր եւ ընդդիմադիր կողմերում առկա է համաձայնություն: Բայց եթե համատեղ ուժերով պայքարել եւ կյանքի է կոչվել այնպիսի գլոբալ իրավաքաղաքական փաստաթուղթ, ինչպիսին երկրի Հիմնական օրենքն է, այն էլ՝ դրա հիմնովին փոփոխված տարբերակը, ապա կասկածելի է կոալիցիային «մոտ չգալու» մտայնությունը։ Սա ի՞նչ է՝ փախու՞ստ, քաղաքական դասալքությու՞ն, թե՞ անվստահելի լինելու արգասիք։ Եթե դու խրախուսել, քարոզել եւ կյանքի ես կոչել որակապես նոր Սահմանադրություն, այն հորջորջել ես՝ իբրեւ հասարակական առաջընթացի գրավական, ապա որ՞ն է տրամաբանությունը՝ չմասնակցելու այդ փաստաթղթի իրացմանը, դրա ժողովրդաշահ դրույթների կենսագործմանը։ Այս առումով ես ծանրակշիռ հիմքեր չեմ տեսնում համագործակցությունից կամայական կերպով հրաժարվելու համար։ Գտնում եմ, որ կոլալիցիան ու պորտֆելների մեխանիկական կամ՝ ըստ ճաշակի բաժանումը նույնացնելը քաղաքակիրթ պատկերացում եւ մոտեցում չէ։ Անշուշտ, կոալիցիա կազմելը չպետք է լինի սոսկ ինչ-որ ոլորտներ վերցնելը, դա առեւտուր չի, եւ ԲՀԿ-ն ասել է, որ ինքն առեւտրի չի գնում։ Կոալիցիա մտնելն, ըստ իս, պետք է ընկալել ամենաառաջինը՝ որպես պատասխանատվությունը կիսելու քաջություն: Եթե կողմ ես քվեարկել Սահմանադրությանը, քո կուսակցությունն ու ընտրազանգվածը պայքարել են՝ հանուն այդ ամփոփ գաղափարի, ուրեմն ինչ-որ տեղ էլ բարոյապես ես պարտավոր եմ կիսել այն բեռը, որը Սահմանադրությամբ դրված է պետության ուսերին: Սահմանադրությունն ընկեցիկ երեխա չէ, որ ծնես ու անտեր թողնես: Իսկ եթե որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ «վախենում են թրջվելուց» եւ Հայաստանի ապագայի կերտման վերաբերյալ ունեն ներկայիս իշխող ուժի դիրքորոշումներից որակապես տարբերվող այլ տեսլականներ, որոնք նրանք պատրաստվում են կենսագործել 2017-ի «Ավարայրից» հետո, ապա հենց այստեղ պետք է կանգ առնել ու…։ Վստահ եմ՝ հասկացողը հասկացավ:

Հարցազրույցը վարեց
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29