Երեւանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դեպք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 53-ամյա սանիտար Վաղարշակ Սահակյանը ստացել է ոտքի կոտրվածք եւ գտնվում է հիվանդանոցում։
Շտապօգնության կենտրոնական ենթակայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մանրամասնեց, որ միջադեպը տեղի է ունեցել անօթեւան մի տղամարդու հետ, որն անսթափ վիճակում ենթակայան գալով՝ ցանկություն է հայտնել մնալ այնտեղ, որովհետեւ տաք է։ Բուժաշխատողները նրան բացատրել են, որ դա հիվանդանոց չէ եւ մնալու հնարավորություն էլ չկա։ Տղամարդը պահանջել է այդ դեպքում իրեն որեւէ հիվանդանոց տեղափոխել։ Բայց քանի որ նա, ըստ Թագուհի Ստեփանյանի, առողջական խնդիրներ չի ունեցել, այդ պահանջը նույնպես մերժվել է։
Արդյունքում վիճաբանություն է սկսվել, ինչից հետո նաեւ բախում է տեղի ունեցել անսթափ վիճակում գտնվող տղամարդու եւ սանիտարի միջեւ, որի ընթացքում վերջինս վայր է ընկել ու կոտրել ոտքը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում են ստացել, դեպքի վայր ժամանած իրավապահները բերման են ենթարկել 1984 թվականին ծնված Արզուման Ավակումյանին, նա բացատրություն է տվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու տուժածի մարմնական վնասվածքի աստիճանը, կատարվում է հետաքննություն։ Ավելի ուշ Արզուման Ավակումյանը ազատ է արձակվել:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում