Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկի հրավերով երկու աշխարհաքաղաքացի Հայաստանում են

Փետրվար 04,2016 13:00

Անվանի ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը ժամանակին «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե ինքը աշխարհաքաղաքացի է: Այդ «տիտղոսը», շատերին է հարմարում: Վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում Հայաստան հյուրախաղերի ժամանած աշխարհաքաղաքացի արվեստագետների: Նրանց թվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հրավերով Իսպանիայից Երեւան ժամանած ճանաչված դիրիժոր Մանուել Էրնանդես-Սիլվան եւ կոնտրաբասահար Նազարեթ Քյուրքչյանը: Վերջինս շուրջ 30 տարի բնակվում է Իսպանիայում, իսկ մասնագիտական կրթություն ստացել է Երեւանի, Սանկտ Պետերբուրգի եւ Փարիզի կոնսերվատորիաներում: Մեզ հետ հետ զրույցում Էրնանդես-Սիլվան ասաց, որ ինքը Վենեսուելայից է, նշելով, թե սրտով իսպանացի, հոգով՝ վենեսուելացի: Հայազգի կոնտրաբասահարն էլ ասաց՝ միանշանակ հայ է, բայց ավելի շատ ապրել ու ստեղծագործել է Իսպանիայում: Այս երաժիշտների համագործակցությունը տարիներ առաջ սկսվել է հենց Իսպանիայում: Նրանք հաճախ են միասին համերգների մեկնում այլ երկրներ:

Մանուել Էրնանդես-Սիլվան ներկայումս Մալագայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարն է, ինչպես եւ Անդալուսիայի նվագախմբի երաժշտական ղեկավարը: Մեր հայրենակիցն էլ նշեց, որ դասավանդում է Իսպանիայի կոնսերվատորիաներում, ինչը զուգահեռում է համերգային գործունեության հետ:
Ծանոթանալով դիրիժորի ստեղծագործական գործունեությանը, նկատեցինք, որ նա ղեկավարել է իսկապես աշխարհահռչակ այնպիսի կոլեկտիվներ, ինչպիսիք են Վիեննայի, Պրահայի սիմֆոնիկ, Սեուլի, Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը:

Հաճախ չէ, որ կոնտրաբասը հանդես է գալիս որպես մենանվագ գործիք, դրա համար էլ մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է այս «հսկայի» ճակատագիրը եվրոպական երկրներում: «Եվրոպայում ավելի տարածված է կոնտրաբաս սովորելը: Ես դա փաստում եմ՝ ելնելով իմ մանկավարժական գործունեությունից եւ իհարկե՝ տարբեր երկրներում անցկացրած վարպետության դասերից»,- ասաց Նազարեթ Քյուրքչյանը: Նա հավաստիացրեց, թե հրավերի դեպքում մեծ սիրով նման գործունեություն կծավալի նաեւ Հայաստանում: Հարցին, թե ինչ վերաբերմունք ունի Իսպանիայի կառավարությունը դասական երաժշտարվեստի հանդեպ, մեր զրուցակիցները հավաստիացրին, թե յուրաքանչյուր տարի մշակույթին հատկացվում է X գումար, որը կոնկրետ ուղղություններով եւ չափով հատկացվում է շրջաններին: Ի վերջո, կոնկրետ շրջանի ղեկավարն է որոշում երաժշտարվեստին, թատերարվեստին, կինոյին եւ մյուս ոլորտներին ինչ չափով հատկացումներ կատարել: Հետաքրքրությանը՝ իսկ մշակույթի նախարարությունը չի՞ միջամտում, դիրիժորը պատասխանեց. «Այդ կառույցը ֆինանսների հատկացմամբ բացարձակ չի զբաղվում»:

Իսկ թե դասական երաժշտական կրթությունն ինչպես է կայանում Իսպանիայում, հայ երաժիշտը պատասխանեց. «Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների գեղագիտական ճաշակի զարգացմանը: Գոնե տարվա 4 եղանակներին մեկ անգամ անցկացվում են ուսուցողական համերգներ: Նպատակն է՝ պատրաստել ապագա պրոֆեսիոնալ ունկնդիր: Երաժշտական մասնագիտական հաստատություններում էլ սովորում են եթե ոչ տաղանդավոր, ապա միանշանակ շնորհալի երիտասարդներ»:

Իր գործունեության ընթացքում մոտ 20 նվագախումբ ղեկավարած Մանուել Էրնանդես-Սիլվան նշեց, որ նվագախումբը մի ամբողջություն է, որտեղ շատ կարեւոր են անձնական հարաբերությունները՝ յուրաքանչյուր երաժշտի հետ: «Գործունեությանս ընթացքում կամա թե ակամա շփվել եմ տարբեր ազգերի երաժշտության հետ: Օրինակ, բազմիցս ղեկավարել եմ Խաչատրյանի ստեղծագործությունները, բայց համոզված եմ, որ հայկական նվագախումբը դրանք այլ կերպ կմեկնաբանի: Այնպես որ, դիրիժորներն էլ սովորելու բան ունեն այլ ազգերի երաժիշտներից»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29