ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել է կոռուպցիայի դեմ պայքարի, այսպես ասած, նորաստեղծ խորհրդի գործունեության արդյունավետության հարցը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է արել այդ խորհուրդը իր գործունեության մոտ մեկ տարվա ընթացքում:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի պատասխանից պարզ է դարձել, որ խորհուրդը չի արել ոչինչ, համենայնդեպս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չի արել ոչինչ: Նախարարը ասել է, թե երկու նիստ են անցկացրել, լուրջ հարցեր են քննարկել, ընդունել են գործողությունների ծրագիր 2015-18 թվականների համար, և պետք չէ թերահավատություն սերմանել:
Ինչ խոսք, կարելի է պատկերացնել կոռուպցիայի խուճապը անցկացված երկու նիստերի կապակցությամբ: Եվս մի քանի այդպիսի նիստ, և կոռուպցիան կգնա ուղիղ Կիևյան կամուրջ՝ հուսահատությունից իրեն ցած նետելու: Իհարկե, մեծ ձեռքբերում կարելի է համարել այն, որ արդարադատության նախարարը այնպես, ինչպես մի քանի օր առաջ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարեց, նույն կերպ չի համարում, թե Հայաստանում կոռուպցիա էլ չկա, սակայն դրանից, իհարկե, Հայաստանում կոռուպցիայի պատկերը չի փոխվում և հակառակը՝ նույնիսկ ավելի վատթարանում է, ինչի մասին վկայեցին օրերս հրապարակված տվյալները, երկրների կոռումպացվածության ինդեքսը, որ հրապարակեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը: Այդ ցուցանիշով Հայաստանը նահանջ է ապրել 2014-ի համեմատ:
Սա կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդի գործունեության լավագույն գնահատականն է, և, համենայն դեպս այդ ուսումնասիրության ու զեկույցի տվյալները շատ ավելի հավաստի են, քան կոռուպցիայի դեմ պայքարի մասին կառավարական հավաստիացումները:
Կարդացեք նաև
Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ այդ խորհրդի ստեղծումը նույնիսկ բացասական սպասումներ էլ չի առաջացրել կոռումպացվածների շրջանում, որը թույլ կտար գոնե կոռուպցիայի մակարդակը նույնը պահել, թույլ չտալ բարձրանալ: Սակայն կոռուպցիան, փաստորեն, խորհրդի գործունեության արդյունքում համակվել է դրական սպասումներով, ինչն էլ արտահայտվել է կոռուպցիոն ինդեքսի աճով:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում