Երեկ խորհրդարանում կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամին ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շարունակեց իշխող վերնախավի անդամների մասին «օդում կախված» տեղեկություններ հրապարակելու շարքը:
Այս անգամ հերթը ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանինն էր: Նիկոլ Փաշինյանի` «օդում կախված չստուգված» տեղեկությունների հիման վրա արված հայտարարության համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը ոչ թե շահագործում է Ախուրյանում գտնվող իր շաքարի գործարանը, այլ շաքար է ներկրում: Իսկ գործարանը զուտ շղարշ է` հումքի անվան տակ պատրաստի արտադրանք ներկրելու եւ հարկեր չվճարելու համար: Այս առիթով «Առավոտի» հարցին Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Նիկոլին մնա, կասի՝ նասկիներն էլ ա պատրաստի բերում, ցույց ա տալիս, թե ստեղ ա գործում»: Այլ հարցեր չհասցրեցինք տալ, Ալեքսանյանն անջատեց հեռախոսը:
«Առավոտ» օրաթերթ
04.02.2016