Լրահոս
Օրվա լրահոսը

Քննադատել դիվանագետին

Փետրվար 04,2016 10:05

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել չքննադատել դիվանագետներին, որովհետեւ նմանք նման են խրամատում նստած զինվորներին: Ամենեւին չնսեմացնելով դիվանագետների դերը՝ կցանկանայի նշել, որ համեմատությունը կոռեկտ չէ: Զինվորը խրամատում ամեն վայրկյան վտանգի է ենթարկում իր կյանքը, դիվանագետը, որպես կանոն՝ ոչ: Խրամատում զինվորը կրում է բազմաթիվ կենցաղային զրկանքներ, դիվանագետը չի կրում: Ավելին՝ ի տարբերություն մեզ՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության, դիվանագետը հարկադրված չէ ամբողջ օրը վազվզել՝ իր ընտանիքի ապրուստն ապահովելու համար: Դիվանագետը գործուղվում է այլ՝ որպես կանոն, Հայաստանից ավելի բարեկեցիկ երկիր, որտեղ ոչ մի նյութական նեղություն չի կրում:

Դիվանագետի ծառայությունն, իհարկե, կարեւոր է, բայց մի՞թե ուսուցչի, բժշկի, ոստիկանի, դատավորի կամ, ասենք, հրշեջի ծառայությունը պակաս կարեւոր են: Կարելի՞ է արդյոք դրա հիման վրա պնդել, որ այդ մասնագիտությունների մարդկանց չի կարելի քննադատել: Ըստ երեւույթին՝ ոչ: Եթե, ենթադրենք, իմ տանն աշխատող պատշարը գործ է արել, եւ շարած պատն ինձ՝ որպես պատվիրատուի, դուր չի եկել, ես կարող եմ, չէ՞, այդ արհեստից ոչ մի բան չհասկանալով՝ իմ դժգոհությունն արտահայտել: Նա, հավանաբար, չի ասի՝ «էս վերջերս պատ շարելուց հասկացողները շատացել են, ինչո՞ւ է նա ավել-պակաս խոսում»: Ցանկացած պետական ծառայողի (այդ թվում` դիվանագետի) «պատվիրատուներն» այդ երկրի քաղաքացիներն են, եւ նրանք իրավունք ունեն իրենց ծառայողների աշխատանքի մասին կարծիք հայտնել:

Սրան պետք է ավելացնել նաեւ, որ դիվանագիտությունը արտաքին քաղաքականության մասն է, եւ քանի որ Հայաստանում կան տարբեր քաղաքական հայացքներ, արժեքային համակարգ ունեցող մարդիկ, հասկանալի է, որ այդ քաղաքականությունը կարող է շատերին դուր չգալ. սա եւս մի փաստարկ` դիվանագետների կողմը «քարեր շպրտելու» օգտին: Բացի այդ, շատ բնական է, որ մարդիկ, որոնք դիվանագիտական եւ այլ պաշտոններ են զբաղեցրել առաջին նախագահի օրոք կամ պարզապես Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրպագուներն են, պետք է ասեն, որ «իրենց ժամանակ» հրաշալի դիվանագիտություն կար, իսկ հիմա ամեն ինչ փչացել է: Նույնը` երկրորդ նախագահի ժամանակ իշխանություն ունեցողները, կամ Ռոբերտ Քոչարյանի երկրպագուները (ավելի փոքրաթիվ) նույնպես պետք է պնդեն, որ իրենց դիվանագիտությունը աջուձախ «ջարդում-փշրում էր»: Չեմ կասկածում՝ երբ այս իշխող քաղաքական թիմը փոխվի, Էդվարդ Նալբանդյանը նույնպես կքննադատի ապագա դիվանագետներին, եւ դրա մեջ որեւէ բացասական կամ արտառոց վատ բան չկա:

Եթե քննադատությունների մեջ կա թեկուզ փոքրիկ ճշմարտության հատիկ, դա պետք է հաշվի առնել: Եթե դրանք զուտ մերկապարանոց մեղադրանքներ են, ապա պետք է… դիվանագիտորեն ժպտալ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Պ. Աբրահամյան, ձեզ ձրի թեմա եմ տալիս: Մեր այսպես կոչեցյալ “դիվանագիտական կորպուսից” շատերը դարձել են օտարերկրյա (ինչ էլ դժվար բառ է) քաղաքացիներ: Այսինքն աշխատել են իբրև դիվանագետ ու մեկ էլ հոպ`”պաշպորտ” են ստացել: Սկսած Ճըպ Գագոյից, որ մեր դեսպանն էր Ռուսաստանում: Նրանց երեխաները, ընտանիքների անդամները … Թե չէ կանգնել եք` քննադատենք, չքննադատենք… Չկա հայկական դիվանագիտություն`նետու, բրատ ջան, նե-տու: Ի՞նչը քննադատենք`Շավարշի սիրողական զառանցանքը՞, թե՞ Նալբանդյանի սսկված “պախկվելը”:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29