Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը առաջին ու երրորդ օմբուդսմեններին համարում է ազնիվ գործիչներ: Իսկ Արմեն Հարությունյանը՝ երկրորդ օմբուդսմենը, ըստ փաստաբանի ճարպիկ անձնավորություն էր:
«Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ներկայացուցիչն էլ պետք է ժուլիկ չլինի, որ թողնի գնա ինչ-որ ֆիրմայում աշխատի, հետո նորից գա ու էլի գնա, ինչ-որ տեղ դատարանում աշխատի, պետք է ազնիվ լինի: Կարեն Անդրեասյանը ձեռք չի տալիս այս իշխանություններին, որովհետեւ ինքը շատ է խոսում, դեմոկրատ է: Հիմա, որտեղ է աշխատում երկրորդ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը՝ Եվրադատարանում դատավոր է: 2008-ին՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ իր հրաժարականի դիմումը գրեց ու հանգիստ հեռացավ, երեւի ճիշտն ինքն էր՝ շառից, փորձանքից հեռու, իսկ այսօր եվրադատարանում դատավոր է»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով, մարդու իրավունքների պաշտպանի գործը ծանր բեռ է Հայաստանում. «Ոչ մեկին ձեռք չի տալիս մարդու իրավունքների անկախ պաշտպան: Մարդու իրավունքների պաշտպանը ինստիտուտ է, ու Հայաստանի իշխանություններն այնքան հանդուրժող պետք է լինեն, որ չխանգարեն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին: Այդ ինստիտուտը բյուջեից է սնվում, կարող են փող չտալ, գրասենյակը փակեն, ճնշեն, բայց այնքան մեծահոգի պետք է լինեն, որ այդ ինստիտուտին վնաս չհասցնեն»:
Նրա կարծիքով, իշխանությունը փնտրում է մարդու իրավունքների այնպիսի պաշտպան, որը կհամակրի իրենց գաղափարները. «Օմբուդսմենը ընտրովի է, նշանակովի չէ, բայց հաշվի առնելով, թե ինչպես է անցնում այդ գործընթացը, ես գտնում եմ, որ մեկին կգտնեն, օրինակ` նախկինում դատավոր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ