Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական սխալները խոստովանելու համար քաղաքական կամք է պետք. փաստաբան

Փետրվար 03,2016 22:25

Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի համոզմամբ, դատական սխալները խոստովանելու ու քրեական գործերը վերաբացելու համար քաղաքական կամք է պետք:

«Դատարանները բավականին անկախ չեն, որպեսզի ինքնուրույն որոշեն ծանր գործերի վերաբացումները։ Մարդկային գործոնը կա. ասում են՝ գործի վերաբացումը ենթադրում է  նոր դատավարություն, նոր գլխացավանք, մեղավորների փնտրում, գործը կոծկողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, որից խուսափում են»,- կարծում է փաստաբանը:

Նա հիշեց դեպք, երբ անձը դատապարտվել էր ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա. «Անձ, որը նման արարք չի արել, բայց  հանկարծ ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, որ ինքն է արել այդ հանցագործությունը, հետագայում պարզվեց, որ խոշտանգումների արդյունքում է ցուցմունք տվել, իսկ իրական հանցագործը բռնվեց: Ավելի ցավալին այն էր, որ այդ սխալի համար ոչ ոք քրեական պատասխանատվության չենթարկվեց»:

Ըստ նրա, դատական համակարգում թիվ մեկ խնդիրը դատարանների անկախության հարցն է. «Դեռ շատ գործեր են ի հայտ գալու, որտեղ կլինեն նոր հանգամանքներ, բարձրաձայնումներ, բայց հուսով են, որ մի օր կտեսնենք այնպիսի իրավական համակարգ, որը չի վախենա խոստովանել իր սխալները: Երբ մեր դատական համակարգը սկսի խոստովանել իր սխալները, մենք կարող ենք ասել, որ դատարանի անկախությունն ու արդարադատությունը երեւում է: Սա փորձաքար է  դատարանների համար իրենց անկախությունը, օբյեկտիվությունն ապացուցելու համար»:

Փաստաբանը տվյալներ չունի, թե Հայաստանում դատական սխալի արդյունքում քանի անմեղ մարդ է անազատության մեջ. «Այ, լավ կլիներ, որ պետական մակարդակով ներկայացվեր, թե այս տարիների ընթացքում ծանր հանցագործություններով քանի վերանայված գործ է եղել ու քանի դեպքով է դատարանը անդրադարձ կատարել իր սխալների վրա: Չկա նման վիճակագրություն, երբ դա ունենանք, կարող ենք ասել, որ սայլը տեղից շարժվել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29