Սույն հրապարակումն ամփոփում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման նկատմամբ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED – National Endowment for Democracy), Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED – European Endowment for Democracy), Երևանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան և Եվրոպական միության աջակցությամբ իրականացված դիտորդական առաքելության արդյունքները:
2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելությամբ հանդես է եկել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որը ստեղծվել է 2013թ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ), «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ), «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» (ՀՔԱՎ) հասարակական կազմակերպությունների (ՀԿ) կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում համապետական և տեղական ընտրությունները և ներպետական օրենսդրությանն ու միջազգային ժողովրդավարական չափանիշներին դրանց համապատասխանությունը վերահսկելու նպատակով: Սահմանադրական հանրաքվեի վերահսկողության գործընթացում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում ներգրավվել են ևս 18 հայաստանյան հասարակական կազմակերպություն մոտ 1000 անհատներով՝ իրականացնելով դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության (ՀՀ) գրեթե բոլոր ընտրատարածքների 520 տեղամասերում (ընդհանուրի մեկ քառորդում): Հանրաքվեի վերահսկողությանը միացել է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը, որի փորձագետները նաև կատարել են հանրաքվեի պաշտոնական արդյունքների վիճակագրական վերլուծություն և գնահատել միջազգային դիտորդական առաքելությունների որակն ու անկողմնակալությունը:
2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) Հանրաքվեների օրինակելի պրակտիկայի կանոնագրքում (անգլ.` Code of Good Practice on Referendums) ամրագրված այնպիսի նորմերի, ինչպիսիք են ընտրական ցուցակների արժանահավատությունը, հավասար ընտրական իրավունքի ապահովումը, ընտրողների՝ կարծիք ձևավորելու և իրենց կամարտահայտման ազատության երաշխավորումը, հանրաքվեի պատշաճ դիտարկման հնարավորությունը և արդյունավետ բողոքարկման համակարգը. Ուստի, կարելի է պնդել, որ հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների կամքը, դրանք մեծամասամբ պարտադրված և կեղծված են, և, այդպիսով, հանրաքվեն և դրա միջոցով ընդունված փաստաթուղթը չեն կարող համարվել լեգիտիմ:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը դիտորդական առաքելությունն արձանագրել է լայնածավալ, վերջին տարիների համար աննախադեպ և, կարծես թե, մոռացված կոպիտ խախտումներ ու կեղծիքներ՝ ինչպիսիք են դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչների, ինչպես նաև՝ վստահված անձանց իրավունքների համատարած սահմանափակումները և վերջիններիս լիազորությունների իրականացման խոչընդոտումը, քվեարկության ընթացակարգերի խախտումները, քվեատուփի լցոնումը, կաշառքը, ֆիզիկական ուժի կիրառումը, կրկնակի քվեարկությունները, ամփոփման ընթացքում քվեարկության արդյունքների նենգափոխումը, ամփոփիչ արձանագրությունների կեղծումը, որոնց վերաբերյալ առաքելության կազմում ներգրավված դիտորդներից և ԶԼՄ ներկայացուցիչներից ստացվել են թվով մոտ 1080 ահազանգեր, որոնցից շուրջ 130-ը՝ վերաբերել են վերջիններիս իրավունքների խախտումներին և լիազորությունների իրականացման խոչընդոտներին:
Կարդացեք նաև
Կազմվել և հանրաքվեի ընտրատարածքային և կենտրոնական հանձնաժողովներ են ներկայացվել ընտրական գործընթացի խախտման վերաբերյալ թվով 156 տեղամասից ստացված ահազանգերի առնչությամբ դիմում-բողոքներ և շուրջ 258 տեղամասերի ամփոփիչ արձանագրությունների վավերության վերաբերյալ դիմում-բողոքներ: Դիմումների կապակցությամբ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի (ՀԿՀ) որոշումները վիճարկվել են ՀՀ վարչական և սահմանադրական դատարանում, սակայն վերջիններիս կողմից դրանք պատշաճ բովանդակային քննության չեն ենթարկվել: Ահազանգերի քարտեզում արձանագրված և ԶԼՄ-ներով լուսաբանված ընտրախախտումները, ինչպես նաև դրանց հիման վրա ՀԿՀ-ին ուղղված հրապարակային դիմում-բողոքները հիմք են հանդիսացել իրավապահ մարմինների կողմից ընտրակեղծիքների փաստերով նյութեր նախապատրաստելու համար:
Վերոնշյալ խախտումների նկատմամբ արձագանքը կամ, ավելի ճիշտ, պատշաճ արձագանքի բացակայությունը թե՛ ընտրական վարչարարությամբ զբաղվող իրավասու մարմինների՝ հանրաքվեի հանձնաժողովների, թե՛ իրավապահ մարմինների և թե՛ դատական համակարգի կողմից կարող են ակնարկել դրանց համակարգված և համընդհանուր բնույթ ունենալու, ինչպես նաև նշված պետական ինստիտուտների՝ իրենց օրինական գործառույթներն իրականացնելու անկարողության կամ ցանկության բացակայության մասին:
Բացի վերոնշյալը, դիտորդական առաքելության ընթացքում վեր են հանվել և հիմնավորվել համակարգային բնույթ կրող այլ խնդիրներ ևս, որոնց մի մասը պայմանավորված է առկա իրավակարգավորումների չկիրառմամբ, իսկ զգալի մասը՝ ընտրական օրենսդրության բացերով ու թերություններով: Մասնավորապես, ընտրողների ցուցակների վարման կարգի, վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրական վարչարարության, քաղաքացիական վերահսկողության, ընտրական վեճերի ոլորտներում առկա խնդիրները լուրջ խոչընդոտ են արդյունավետ ընտրական համակարգի կայացման ճանապարհին՝ վստահելի ընտրությունների ապահովման և այդ գործընթացներում իրավունքների արդյունավետ պաշտպանության համար: Քանի որ այդ խնդիրների ազդեցությունն առանցքային դեր ունի ընտրական իրավունքի երաշխավորման տեսանկյունից, անհրաժեշտ է, որ դրանք հաշվի առնվեն ընտրական օրենսդրության վերանայման շրջանակներում և հետագայում կազմակերպվելիք ընտրական գործընթացներում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այստեղ