«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ համահիմնադիր Զարուհի Մեժլումյանն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ Մեծ Բրիտանիայում ազատազրկման դատապարտվածների շրջանում 1700-ից ավելի արդարացվածներ կան, նրանցից 337-ը միայն ԴՆԹ թեստով են արդարացվել:
Նա մեծ ձեռքբերում է համարում Հայաստանի քրեական նոր օրենսգրքով սահմանված դրույթը, ըստ որի իրեղեն ապացույցներն այսուհետեւ չեն ոչնչացվելու. «Իրեղեն ապացույցների պահպանությունը շատ կարեւոր է: Դատական սխալներն անդառնալի են, երբ մարդիկ դատապարտված են առավելագույն չափի պատիժների: Քրեական նոր օրենսգրքով սահմանված դրույթը ապագային ուղղված մեծագույն քայլ եմ համարում, բայց ինչ անել, եթե չկան այդ իրեղեն ապացույցները, բայց մարդիկ շարունակում են պատիժ կրել եւ 20 տարի շարունակ բարձրաձայնում են, որ անմեղ են»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ արձանագրել է, որ Հայաստանում ցմահ դատպարտյալների գործերը չեն վերաբացվում. «Դատարանները մարդիկ են, մի կողմ դնենք, դրանք անկախ են, թե՝ ոչ: Նրանք մարդիկ են եւ կարող են սխալվել: Կներեք, նույնիսկ մեր իշխանություններն են ընդունում, որ մեր դատական համակարգը կատարյալ չէ եւ անընդհատ բարեփոխումների մեջ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ