Լրահոս
Օրվա լրահոսը

«Heritage Foundation»-ը ներդրումների ազատությունով Հայաստանին եւ Ավստրալիային նույն գնահատականն է տվել

Փետրվար 03,2016 18:55

Ըստ «Heritage Foundation» հիմնադրամի հրապարակած  2016թ-ի Տնտեսական ազատության ինդեքսի՝ Հայաստանն այս անգամ էլ համարվում է «չափավոր ազատ» տնտեսություն ունեցող երկիր: Հիմնադրամի զեկույցի համաձայն 178 երկրների շարքում զբաղեցնում է 54-րդ տեղը: Նախորդ տարի մեր երկիրը զբաղեցնում էր 52-րդ տեղը: Չնայած սրան, այս հիմնադրամը առանձին ոլորտների համաթվերով, Հայաստանին բավականին լավ գնահատական է տվել: Օրինակ՝ հարկաբյուջետային ազատությունով՝ 83.8%, ներդրումների ազատությունով`80.0%, կառավարության ծախսումներով` 80.7%:

Որեւէ երկրի տնտեսության վերաբերյալ միջազգային այսպիսի կառույցների ցուցանիշները ավելի շատ օտարերկրյա ներդրողներին պիտի որ հետաքրքրեն:

Արդյոք այս հիմնադրամի ներկայացրած ցուցանիշները կարո՞ղ են ազդեցություն ունենալ մեր երկիր ներդրումներ բերելու համար, եւ արդյոք «Heritage Foundation»-ի` մեր երկրին տրված գնահատականներն իրականությանը համապատասխանո՞ւմ են:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այն կարծիքի է, որ հիմնադրամի 2016թ-ի Տնտեսական ազատության ինդեքսը Հայաստանի տնտեսության իրական պատկերը չի արտացոլում: Ըստ Մանուկյանի, «Heritage Foundation»-ի վարկանիշը մի փոքր իր որակական գնահատումով զիջում է «Fitch»-ին եւ այլ միջազգային աշխարհահռչակ կառույցների՝ երկրներին տրվող գնահատականներին.«Որովհետեւ այդ վարկանիշները, մեծ հաշվով, ազդում են երկրում վարկային տոկոսադրույքների վրա, կամ երկրում ռիսկայնության մակարդակը բնութագրող ցուցանիշների վրա: Իսկ Տնտեսական ազատության ինդեքսը նման թիրախավորում չունի»:

Տնտեսագետի համար տարօրինակ է, որ որոշ ցուցանիշներով Ավստրալիան, որը «Heritage Foundation»-ի գնահատականով 178 երկրների մեջ 5-րդ տեղն է, որոշ ցուցանիշներով Հայաստանից հետ է. «Մասնավորապես՝ հարկաբյուջետային ազատությունով, կառավարության ծախսումներով Ավստրալիան մեզանից վատ ցուցանիշներ ունի, իսկ ներդրումների ազատությունով մենք եւ Ավստրալիան 80% ենք ստացել:

Այսինքն, մեր օրենքները ներդրումների համար բավականաչափ ազատ են, ինչպես Ավստրալիայում: Բայց, եթե համեմատենք կառավարության ծախսումների որակն ու հարկաբյուջետային արդյունավետությունը, Հայաստանն ու Ավստրալիան անհամեմատելի են: Մինչդեռ, Ավստրալիայում գործազրկությունը 6% է, մեզ մոտ՝ 17%: Ավելին, Ավստրալիան մեկ շնչի հաշվով մոտ 19 անգամ ավելի շատ է օտարերկրյա ներդրումներ ներգրավում, քան Հայաստանը»:

Ըստ տնտեսագետի, այս ցուցանիշները խոսում են այն մասին, դրանք զուտ առկա օրենքների վրա տրված գնահատականերն են, իսկ թե այդ օրենքներն ինչպես են կիրառվում Հայաստանում, որեւէ համաթվով չեն գնահատում:

«Ավստրալիայի հետ նույն ցուցանիշն ունենալը ծիծաղելի է, որովհետեւ մենք չենք կարող որեւէ ցուցանիշով՝ օրենք-պրակտիկա բանաձեւով Ավստրալիայի հետ մրցակցել»,-ասաց տնտեսագետը: Նրա խոսքերով՝ մենք կարող ենք գրել աշխարհի լավագույն օրենքները, բայց պրակտիկան դա որեւէ կերպ չի ամրապնդում: Այս հիմնադրամի գնահատականները, գուցե երկրի մասին ընդհանուր պատկեր տան, բայց բիզնես որոշում կայացնողների համար կարեւոր է տվյալ երկրի ռիսկայնության մակարդակը եւ պրակտիկան, ինչը ցույց տալիս:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29