«Սփյուռքը պետք է տեսնի, որ հայրենիքն իրենից ոչ միայն բարեգործություն է ակնկալում, այլև ներդրումներ»,- այսօր՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Եվրոպական միության պատվիրակության, Սփյուռքի նախարարության և «Առաքելություն արևելք» կազմակերպության կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և մանրամասնեց. «Մենք Հայաստանը հռչակեցինք համայն հայության հայրենիք ու սրանով նաև Սփյուռքին ազդակ ուղարկեցինք, որ Հայաստանի զարգացման, առաջընթացի համար անհրաժեշտ են նաև Սփյուռքի կապերը, հնարավորությունները, ֆինանսները, մոտեցումները, ծրագրերը, ներդրումները: Սփյուռքահայը պետք է գա հայրենիք ու եկամուտ ստանա: Եթե սփյուռքահայը եկամուտ ստանա, հայրենիքն էլ եկամուտ կստանա, որովհետև նա աշխատատեղեր կստեղծի, կկրճատվի գործազուրկների, աղքատների թիվը»:
Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր 16-17 հազար սփյուռքահայ կա Հայաստանում, որոնք արդեն կայացած բիզնեսներ ունեն հայրենիքում. «Մենք օգնում ենք փոքր և միջին բիզնեսի կայացմանը, արդեն իսկ 1,5 մլն դոլար վարկ է հատկացվել՝ 4 տոկոսով: Հուրախություն մեզ՝ մեր հայրենակիցները կարողանում են հաստատվել մի շարք ոլորտներում և հատկապես սպասարկման ու սննդարդյունաբերության ոլորտներում»,- նշեց նախարարը:
Դառնալով Երևանում այսօր անցկացված համաժողովին՝ նշենք, որ այստեղ քննարկվեցին Սփյուռքի ներգրավման նորարարական մոտեցումները, ինչպես նաև դրամական փոխանցումների հնարավոր օգտագործումը երեխաներին առնչվող բարեփոխումների ոլորտներում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ասաց, որ հայկական սփյուռքի և հայ աշխատանքային միգրանտների ներգրավմամբ հնարավոր է լուծել Հայաստանում երեխաների բարեկեցիկ ապագայի խնդիրը. «Երեխաների համար բարեկեցիկ կյանքի ապահովումը լավագույն ներդրումն է երկրի ու ազգի ներուժի զարգացման տեսանկյունից: Ճիշտ է, միգրանտների դրամական փոխանցումները մեծ չափով օգնում են իրենց ընտանիքներին, բայց ավելի շատ բան է հնարավոր անել՝ միգրանտների ընտանիքներին երկարաժամկետ հեռանկարում օգնելու ու նրանց երեխաների համար ավելի լավ ապագա ապահովելու տեսանկյունից: Միայն այդ դեպքում հայ միգրանտների հաջորդ սերունդն այլևս չի մեկնի արտասահման ու ստիպված չի լինի աշխատելու ցածր վարձատրության դիմաց»,- նշեց Տանյա Ռադոչայը:
Կարդացեք նաև
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին նվազեցնելու միգրացիոն հոսքերը. «Նրանք, որոնք արտասահմանում են, շատ ավելի մեծ օգուտ կարող են տալ, եթե մնան իրենց երկրում: Մենք ցանկանում ենք օգնել ՀՀ իշխանություններին, որպեսզի կարողանան այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայերը չգնան Հայաստանից, իրենց ապագան կապեն իրենց երկրի հետ: Այս հողը չափազանց գեղեցիկ է: Դրա համար չպետք է թույլ տանք, որ երիտասարդ տաղանդները գնան ու իրենց ապագան այլ երկրներում փնտրեն»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հարց տուել էք թէ ինչու են գնում ?