Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր մոտ էր հրավիրել շիրակցի ֆերմերներին, գյուղատնտեսության նախարարության, Շիրակի մարզպետարանի ու շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին պատկանող «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ներկայացուցիչներին՝ քննարկելու Շիրակի մարզում հոլանդացիների օգնությամբ կարտոֆիլի վերամշակման գործարան հիմնելու հարցը: Հոլանդիայից ժամանած Յոս Դեն Բոերը՝ հոլանդական «Ֆարմֆրիտես» ընկերության ծրագրերի զարգացման պատասխանատուն, լսեց ֆերմերներին: Հայկ Հովհաննիսյանը, որը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ներկայացուցիչն էր, ասաց, որ 3 ամիս առաջ Սամվել Բալասանյանը իրենց խորհուրդ է տվել կենտրոնանալ կարտոֆիլի վերամշակման վրա, քանի որ այն Շիրակի մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն է: Այդ պատճառով էլ իրենք սկսել են կապեր հաստատել աշխարհի խոշորագույն կարտոֆիլ մշակող ընկերությունների հետ:
Հայկ Հովհաննիսյանը ներկայացրեց, որ «Ֆարմֆրիտես» հոլանդական ընկերությունը 40-50 տարվա պատմություն ունի ու կարտոֆիլ վերամշակող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է: Նրանք ակտիվ են Արեւելյան Եվրոպայում, հատկապես ՌԴ-ում ու մատակարարում են այնպիսի խոշոր ցանցերի, ինչպիսին օրինակ՝ «Մագդոնալդս»-ն է: Բանախոսը պարզաբանեց, որ սկզբում նպատակադրվել էին ֆրի կարտոֆիլի ֆրիի արտադրություն ստեղծել Հայաստանում, սակայն հետո հոլանդացիները հասկացրել են, որ գործարանը կհիմնեն ՌԴ-ում, քանի որ հիմնական սպառման շուկան հենց այնտեղ է: Իսկ Հայաստանում կուսումնասիրեն կարտոֆիլի պյուրեյի արտադրության հնարավորությունները: «Այս ծրագրի մեջ իրենք պատրաստվում են իրականացնել ուղիղ ներդրում, իրենց ծրագրի նախապայմաններից մեկն այն է, որ կառավարումը պետք է իրականացնեն իրենք եւ վերջում ապրանքի վաճառքն էլ իրենք պետք է իրականացնեն, ինչն արդեն հույս է ներշնչում, որ մարդիկ լուրջ են տրամադրված», -ասաց Հայկ Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանն էլ ասաց, որ ինքը մանրամասն ներկայացրել է բոլոր հնարավորությունները, ֆերմերներին, նրանց փորձը, պահեստային հզորությունը:Խոսել է այն մասին, որ այս պահի դրությամբ մինչեւ 55 հազար պահեստային տարածքներ կան Շիրակի մարզում, որոնք հետագայում կզարգացնեն:
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը նույնպես ներկայացրեց Շիրակի մարզի հնարավորությունները կարտոֆիլագործության ոլորտում: Նա ասաց, որ մեր մարզը մասնագիտացված է այս ոլորտում. ունենք 15 ֆերմերային խոշոր տնտեսություններ, որոնք միջին հաշվով ստանում են մոտ 50-70 հեկտար կարտոֆիլի ցանքատարածություններ եւ հենց այդ ֆերմերային տնտեսությունների կողմից արտադրվում է մարզի կարտոֆիլի մոտ 40 տոկոսը: Նա նաեւ ասաց, որ Շիրակի մարզում կա միջին հաշվով 4000-4500 հեկտար կարտոֆիլի բարձորակ ցանքատարածություններ, տարեկան միջինը ապահովում է մոտ 100-110 տոննա համախառն բերք: Մարզպետարանի պաշտոնյան հաշվարկելով, թե ինչ եկամուտներ կարելի է ստանալ, ասաց որ այս ծրագիրը կդառնա Աստծո տված բարիքներից մեկը մեր մարզում: Նա տեղեկացրեց, որ կարտոֆիլի իրացման խնդիր կա մարզում, բերքի մեծ մասը մնացել է չիրացված:
Հոլանդիայի ներկայացուցիչը ոչ մի խոստում չտվեց, նա ասաց, որ դեռ կարծիք կազմելու ընթացքի մեջ է, ամբողջական պատկերացում չունի, պետք է տեսնի, համոզվի՝ տնտեսապես ձեռնտո՞ւ է արդյոք գործարանի հիմնումը: «Գործարան սարքելը հեշտ գործ է, բոլորը կարող են գործարան սարքել, բայց մենք պետք է երաշխավորված ունենանք կարտոֆիլը, խելացի գնով իհարկե», -ասաց հոլանդացին:
Իսկ Շիրակի մարզի ֆերմերների ասոցիացիայի նախագահ, Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանն էլ մտահոգություն հայտնեց, թե հանկարծ սխալ հաշվարկներ չանեն ու չստեղծեն մի գործարան, որը կարժանանա Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանի բախտին, շիրակցի ֆերմերները հրաժարվում են հումք՝ ճակնդեղ արտադրել շաքարի գործարանի համար՝ առաջարկվող ցածր գների պատճառով:
Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանին էլ հետաքրքրում էր հողը հանքային պարարտանյութերով հարստացնելու խնդիրը, քանի որ, ըստ նրա, պարարտանյութերը թանկ են ու դժվարությամբ են գնվում գյուղատնտեսների կողմից:
Հոլանդացին իրեն ուղեկցող մարդկանց հետ շրջայց կատարեց պահեստները՝ կողմնորոշվելու համար: Գործարանն ամենայն հավանականությամբ կկառուցեն Ազատան գյուղում, եթե իհարկե, վերջնական որոշեն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ