Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի եղել շտաբի պետը, այլ եղել է՝ ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը (Տեսանյութ)

Փետրվար 03,2016 18:15

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց նոր Սահմանադրության դրույթների հետ կապված՝ կառավարության հրաժարականի մասին. «Անցել ենք խորհրդարանական կառավարման համակարգի, կառավարության հրաժարականի հիմքերը կրճատվել են: 188-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ նախագահին ներկայացնում է  իր հրաժարականը ԱԺ առաջին նստաշրջանին կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնի թափուր մնալու օրը: Անցումային դրույթներով էլ մի զարմանալի դրույթ ենք հայտնաբերում, որտեղ ասվում է, որ նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, ՀՀ նախագահը անհապաղ ընդունում է այդ հրաժարականը»:

Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ 2005-ի Սահմանադրության խոցելի տեղերից մեկն էլ այն էր, որ կառավարությունը կարող էր հաճախակի փոփոխվել, բայց հիմա կառավարության հրաժարականը կապում ենք ԱԺ-ի կողմից ընտրվող նախագահի հետ, դա ի՞նչ է նշանակում:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Լուծումը տրամաբանական է: Հասկանում եմ մտահոգությունը, որ 2018-ի նոր ԱԺ-ն ընտրում է ՀՀ նախագահին, ինչու վարչապետը պիտի հրաժարական տա կամ կառավարությունը պիտի հրաժարական տա: Պատասխանը պարզ է՝ մինչ այդ պահը գործում է կառավարության ձեւավորման բացարձակ այլ մեխանիզմ: Վարչապետը պետք է վայելի ԱԺ մեծամասնության վստահությունը: Տեսականորեն չի բացառվում, որ չհաջողվի վայելել մեծամասնության վստահությունը եւ ձեւավորվի այնպիսի կառավարություն, որը վայելում է 47 տոկոսի վստահությունը: Սա գործող Սահմանադրական կարգավորումն է:

Իսկ նոր Սահմանադրության տրամաբանությունը բացարձակապես այլ է: Նոր կառավարությունը պետք է ԱԺ բացարձակ մեծամասնության վստահությունը վայելի: Չվայելեց՝ չկա կառավարություն: Եվս մի փորձի շանս կտան ԱԺ-ին, եթե ոչ՝ նոր քաղաքական ներկապնակ պետք է ձեւավորվի: Հենց դրանով է պայմանավորված, որ նախագահի նշանակման օրը պետք է հրաժարական տա: Վարչապետը պետք է ընտրվի ձայների բացարձակ մեծամասնությամբ»:

Գագիկ Ջհանգիրյանն էլ արձագանքեց, որ խնդիրն այն է, որ դուք, ձեր կառավարությունը քննադատել եք Սահմանադրության այդ դրույթը, պախարակել, անարգանքի սյունին եք գամել, թե դա կառավարության անկայունություն է բերում, անցումային դրույթներով դա բերել արձանագրել եք. «Դուք ասում եք՝ որպես կառավարության անդամ, այդ հարցը ձեզ չի վերաբերվում: Ձե՛զ է վերաբերվում, որովհետեւ ոչ միայն գրել եք, այլեւ մասնակցել եք քարոզարշավին, դուք եք մասնակցել Սահմանադրության ընդունմանը, վարչապետը եղել է էդ շտաբի պետը, ո՞նց ձեզ չի վերաբերում: Ուղղակի անտրամաբանական է»:

Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի եղել շտաբի պետը, այլ եղել է՝ ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը. «Դավիթ Հարությունյանը մասնակցել է քարոզչությանը ոչ որպես կառավարության անդամ, այլ՝ որպես ՀՀԿ շարքային անդամ, կարելի է ասել՝ քաղաքացի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29