Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 3-ին շարունակվում էր Վարդան Պետրոսյանի դեմ քաղաքացիական գործի քննությունը:
Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց առարկությունը՝ նշելով, որ հայցվորները իրենց հայցադիմումում պահանջել են հատուցել փաստաբանի վարձատրության գումարը՝ այն դիտելով որպես վնաս. ««Ռուբեն Բալոյան» ԱՁ-ին վճարված գումարները վնաս չեն համարվում, քանի որ քրեական գործի շրջանակներում իրավունքները չեն խախտվել, եթե խախտվել են, ապա դա թույլ չի տրվել պատասխանողը: Եթե այդ գումարը վճարելով Ռուբեն Բալոյանին վնաս են ստացել, ապա անհիմն հարստացման հիմքով կարող են բռնագանձել «Ռուբեն Բալոյան» ԱՁ-ից, ոչ թե Վարդան Պետրոսյանից»:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ հայցվորները պետք է ապացուցեն, որ խախտվել են իրենց դատական իրավունքները, որոնց վերականգման համար վճարել են «Ռուբեն Բալոյան» ԱՁ-ին, ապացուցի, որ ենթադրյալ խախտումը թույլ է տվել Վարդան Պետրոսյանի կողմից, ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում է պատճառվել վնասը: Ըստ նրա, անհրաժեշտ է բոլոր կետերի առկայությունը:
«Եթե իրենց իրավունքները խախտվել են, ապա իրենց իրավունքները կարող էր խախտել քննիչը, դատավորը կամ փաստաբանը, Վարդան Պետրոսյանը այդ ցուցակում չի մտնում»,- հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Երբ Նիկոլայ Բաղդասարյանը ավարտեց առարկությունների ներկայացումը, Ռուբեն Բալոյանը հայտարարեց. «Նիկոլայ Բաղդասարյանը օգտվեց ազատ խոսքի իրավունքից»: Նա խնդրեց ժամանակ տրամադրել կողմին ապացույցներ եւ առարկությունների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար:
Դատավորը բաշխեց ապացույցների բեռը, ըստ որի պատասխանողը պետք է ապացուցի մեղքի բացակայությունը: Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ չի հասկանում, թե ինչ պետք է ապացուցի. «Վարդան Պետրոսյանը պետք է ապացուցի, որ մեղք չունի, որ հայցվորները դիմել են Ռուբեն Բալոյանին»:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 2-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ