Երեւանի քաղաքապետարանի կայքում զետեղված է 2015 թ հաշվետվությունը, ըստ որի Երեւան քաղաքի 2015 թ բյուջեն եկամուտների գծով կազմել է 71,870,838.3 հազար դրամ, ծախսերի գծով՝ 72,120,838.3 հազար դրամ:
Հետաքրքիր է, որ Միջնակարգ կրթություն վերնագրի տակ բացի «Հանրակրթական ուսուցում», «Հատուկ կրթություն», «Ներառական կրթություն» տողերից, գրված է նաեւ «Երեկոյան կրթություն» դիմացն էլ` կոնկրետ ֆինանսավորում:
Քանի որ Հայաստանում երեկոյան կրթություն չի իրականացվում, Aravot.am-ը Երևանի քաղաքապետի՝ ֆինանսական գծով տեղակալ Վահե Նիկոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ երեկոյան կրթության մասին է խոսքը: Նա պնդեց, որ մեկ երեկոյան դպրոց, այնուամենայնիվ կա. «Դա պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագիր է, որը նույն կերպ արտացոլվում է Երեւան քաղաքի բյուջեում: Մենք՝ որպես պատվիրակված լիազորություն, պարտավոր ենք այդ թիվը դնենք մեր բյուջեում»: Պարզվեց՝ խոսքը Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող Կույրերի միջնակարգ երեկոյան դպրոցի մասին է:
Իսկ ինչո՞ւ այդ դպրոցի ֆինանսավորումը ներառված չէ Հատուկ կամ Ներառական կրթության տողում: «Հատուկ կրթությունը երեկոյան կրթություն չէ, սովորական կրթություն է՝ հատուկ երեխաների համար»,-պարզաբանեց փոխքաղաքապետը՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ինչու է տողը կոչվում «Երեկոյան կրթություն», երբ իր հավաստմամբ, դասերն այնտեղ անցկացվում են ժամը 14-ից հետո՝ ցերեկը:
Կարդացեք նաև
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում, «օրենքից դուրս» որակեց այդ դպրոցը, ասելով, որ այն իր համար էլ է կասկածների տեղիք տվել: «Հանրակրթության մասին օրենքով» հանրակրթական ծրագրեր իրականացնող երեկոյան դպրոց Հայաստանում գոյություն չունի: Օրենքում հստակ գրված է, թե հանրակրթական ծրագրեր ո՞ր դպրոցներն են իրականացնում, եւ երեկոյան բառը բացակայում է»,-ասում է տիկին Բախշյանը: Նաեւ հավելում, որ անձամբ այցելել է նշյալ դպրոց:
«Փաստորեն այդ դպրոցը «օրենքից դուրս» դպրոց է եւ այդ դպրոցում իբր թե պետք է երեկոյան կրթություն ստանան տեսողական խնդիրներ ունեցող երեխաները, բայց քանի՞սն է այնտեղ այդպիսին, դժվարանում եմ ասել: 2015-ին դպրոցը 101 աշակերտ է ունեցել, ու հստակ էր, որ մեծամասնությունը ոչ մի առանձնահատուկ պայմանի կարիք չուներ եւ ընդամենը գնում են այնտեղ, որ ատեստատ ստանան»,-հայտնեց Անահիտ Բախշյանը: Նաեւ նշեց, թե ճանաչում է այդ դպրոցն ավարտած տեսողական խնդիր ունեցող մի տղայի, որը գոհ էր իր ստացած կրթությունից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ