Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը առողջապահության նախարարից հետաքրքրվեց ողջ ձմռան ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած H1N1 վիրուսի՝ խոզագրիպի հետ կապված:
Նախարար Արմեն Մուրադյանը պատմեց, թե կանխարգելիչ ինչ աշխատանքներ են կատարել, 15 հազար քաղաքացու են պատվաստել, 3000-ից ավելի մարդ հոսպիտալային բուժում է ստացել: Նախարարն ասաց, որ այդ վիրուսը մահացու չէ, վտանգավոր են դրա հետեւանքները՝ ուղեկցող հիվանդությունների դեպքում. «ՀՀ-ում 99 տոկոսից ավելի դեպքերում հաջողվեց դուրս գրել հիվանդանոցից՝ առանց առողջության վրա որեւէ հետեւանքի: Աշխատանքները գնացել են բնականոն ընթացքով, ունենք նվազում այս պահին, շուրջ 570 հիվանդ կա այսօր հիվանդանոցում սուր շնչառականով եւ մոտ 300 հիվանդ՝ թոքաբորբով»:
Վահե Էնֆիաջյանը հարցրեց՝ մահացու քանի՞ դեպք է փաստացի գրանցվել այս վիրուսի պատճառով, նաեւ հարցրեց դեղի չարաշահումներից: Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Գրանցվել է մահվան ընդհանուր առմամբ 19 դեպք: Նրանցից յուրաքանչյուրի համար բավականին մեծ աշխատանք է մղվել վերակենդանացման բաժանմունքներում, ցավոք, չի հաջողվել կյանքը փրկել: Հակավիրուսային բոլոր դեղերը տրամադրվել են անվճար՝ ինչպես հիվանդանոցներում, այնպես էլ պոլիկլինիկաներում: Ամսի 20-ից նկատելով, որ հիվանդացության ցուցանիշը սկսել է նվազել, մենք մինչեւ ամսի 20-ը տվեցինք այդ արտոնությունը»:
Նախարարը նշեց, որ մարզերում 1-2 դեպք է եղել, երբ վճարել են ընդհանուր հետազոտության համար, թոքաբորբ չի հայտնաբերվել, մնացած դեպքերում եղել է անվճար:
Կարդացեք նաև
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հետաքրքրվեց «Զիկա» անունով մոծակներից, որոնց վիրուսը շատ վտանգավոր է. «Ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, մոծակների հետ կապված հիմա էլ լուրջ մտահոգություն հայտնվեց: Հատկապես ճահճային հատվածներում բարենպաստ պայմաններ կան, որ բազմանան ու Աստված մի արասցե, լուրջ վտանգ սպառնան մեր քաղաքացիների համար»:
Նախարարը հանգստացրեց պատգամավորին ու քաղաքացիներին. «Նման տեսակի մոծակները չեն բնակվում ՀՀ-ում բնակլիմայական պատճառով: Մեզ մոտ նման հիվանդության հավանականությունը շատ ցածր է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որ երկրները, որ հայտարարել է, հնարավոր է մարդիկ այդ երկրներում վարակվեն: Ինչ վերաբերում է մարդուց մարդուն անցնելու տարբերակին սեռական ճանապարհով, այդ հնարավորությունը ապացուցված չէ: Մենք այսօր այդ հիվանդությունից դուրս գոտիում ենք գտնվում»:
Նախարարը միայն հղիներին խորհուրդ տվեց այդ երկրներ չմեկնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ