Aravot.am-ն այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին, որն իր ամփոփիչ ասուլիսում պատմում էր, թե փոքր ու միջին բիզնեսին ինչպես են աջակցում, հարցրեց, թե ՓՄՁ-ն ինչպես կարող է գոյատեւել, երբ ամեն քայլափոխի հսկա սննդի եւ հագուստի սուպերմարքեթներ են բացվում:
Էկոնոմիկայի նախարարը որպես օրինակ նշեց արտերկրի զարգացած քաղաքները, որտեղ նույնպես բիզնեսի այդպիսի կանոններ են գործում: Նրա խոսքերով, կան շատ քաղաքներ, որտեղ կան բազմաթիվ խոշոր խանութներ եւ նրանց կողքին աշխատում են բազմաթիվ փոքր խանութներ:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե այդ հսկայական «մոլ»-երը, հիմնականում ծայրամասերում են կամ քաղաքից դուրս, պարոն Ճշմարիտյանը նկատեց. «Կանոնակարգումների մեջ տարբեր քաղաքներ, տարբեր երկրներ որոշակի կանոնակարգումներով կարողանում են այդ հարցը լուծել, եթե բիզնեսը ինքը չի կողմնորոշվում, որ եթե այստեղ գործում է այս մեծ խանութը, որտեղ վաճառվում է այս ապրանքը, որի հետ որ ես չեմ կարող մրցակցել, ես այդ բիզնեսով չզբաղվեմ…..: Սա զուտ այն ձեռնարկարկատիրոջ խնդիրն է, որը որ նախատեսում է որոշակի իր համար գործ սկսել եւ վարել իր առեւտուրը: Եվ այստեղ հարց բարձրացնել, թե եկեք փակենք մեծերը, որպեսզի աշխատեն փոքրերը, բացարձակ անընդունելի է, անընդունելի է նաեւ հակառակը»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Պարոն Ճշմարիտյանի խոսքերով, սննդամթերքի` մասնավորապես խմիչքների արտադրությունը անկում է գրանցել եւ պատճառը ռուսական շուկայից կախվածությունն է:
Այս առնչությամբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց` եթե ԵՏՄ այդքան վատ է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա, ինչո՞ւ ենք շարունակում այդ միության հետ համագործակցությունը:
Էկոնոմիկայի նախարարը հարցին հարցով պատասխանեց. «Եթե մենք չմտնեինք Եվրասիական տնտեսական միություն, մեզ մոտ առեւտուրը Ռուսաստանի Դաշնության հետ ավելանալո՞ւ էր, տրանսֆերտները Ռուսաստանի Դաշնությունից ավելանալո՞ւ էին»:
Մանրամասները` տեսանյութում
Նախարարն, ամեն դեպքում, մեր գործարարներին խորհուրդ տվեց արտահանումը դիվերսիֆիկացնել եւ բացի ՌԴ-ից այլ շուկաների ուղղությամբ էլ աշխատել, որպեսզի կախվածությունը չեզոքացվի:
Կարեն Ճշմարիտյանը նաեւ հայտնեց, որ անցյալ տարի օտարերկրյա ներդրումների ծավալները 296,7 միլիոն են կազմել, ինչը 80 միլիոն դոլարով գերազանցել է 2014-ի ծավալները:
Պարոն Ճշմարիտյանը համամիտ չէր, որ ավիատոմսերի գները հարեւան Վրաստանում ավելի ցածր են, քան մեր երկրում: Նրա խոսքերով, կան ուղղություններ, որ Հայաստանից ավելի էժան են, ինչին նպաստել է նաեւ բաց երկնքի քաղաքականությունը:
Այն դիտարկմանն ի պատասխան, թե եվրոպական ուղղությունների ավիատոմսերի գները Վրաստանից մեկնելիս գրեթե 150 եվրոյով ավելի ցածր են, քան Հայաստանում, նախարարը նկատեց. «Նախ, որպեսզի որոշենք, որ այստեղ ավելի թանկ է այնտեղ ավելի էժան, կա մի աղբյուր, դա ինտերնետն է եւ տվյալ ավիաընկերության կողմից ինտերնետում ներկայացված գինը, ոչ թե հարեւան Սեդա տատիկի աղջկա, որը որ աշխատում է այսինչ տուրկազմակերպությունում, նրա ներկայացրած գինը: Նախ ժամանակը, որ օրվա համար, որ ժամկետից սկսած, որ կարգի տոմսը, նույն էկոնոմ կարգի մեջ կա 5 կարգ, որ ավիաընկերության տոմսը, այդ ժամանակահատվածում ինչ ակցիաներ են իրականացնում տվյալ ավիաընկերությունները, այդ ժամանակահատվածում նավթի կամ կերոսինի գինը, այսինքն, այնքան ազդող գործոններ կա, որ միանշանակ ասել, չի կարելի»:
Այն հարցին էլ, թե նախարարը իրեն վատ չի՞ զգում, որ բանանը գնում է 960-ից 1000 դրամով այն դեպքում, երբ Ռուսաստանում մեկ կիլոգրամ բանանը վաճառվում է 320-360 դրամ եւ բանան ներկրելու մենաշնորհի պատճառով Հայաստանում բանանի գինը չի իջնում, Կարեն Ճշմարիտյանն ասաց. «Եթե կա մոնոպոլ դիրքի չարաշահում, ապա օրենսդրությունը պիտի կիրառվի: Եթե կա օրենսդրության մեջ որեւէ խնդիր, ապա մենք պատրաստ ենք…. այսինքն` կարող է լինել դեպք, որ օրենսդրությունը չնախատեսի այնպիսի նորմեր, որոնցով հնարավոր լինի որոշակի առումով կանխել մոնոպոլ դիրքի չարաշահումը, այդ դեպքում մենք պատրաստ ենք դա քննարկել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ»:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ