«Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետը շարունակում շռայլ ծախսերը»,- այսօր խորհրդարանում լրագրողները հարցրեցին Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին:
«Ձեր արտահայտության մեջ կա անզգուշություն՝ դրանք Տարոն Մարգարյանի ծախսերը չեն: Երևանի ավագանին հաստատում է Երևանի բյուջեն, բյուջեում նախատեսված են մեր բոլոր ծախսերը և եկամուտները, և մեր բոլոր ծախսերը կատարվում են համայնքի ավագանու կողմից հաստատված բյուջեով»,- պատասխանեց փոխքաղաքապետը`հավելելով, որ բոլոր ծախսերը հիմնավորված են եւ «համայնքի ծառայությունների համար անհրաժեշտ ծախսեր են»:
«Այդ ծախսերը Տարոն Մարգարյանի անձնական ծախսերը չեն, անձնական վերաբերմունքը չեն»,- շարունակեց Կամո Արեյանը`հիշեցնելով, որ պաշտոնյան չի անում այդ ծախսերը, այլ ինստիտուտը՝ Երևանի քաղաքապետարանը: Ու հատուկ նշեց, որ դրանք հրապարակային ծախսեր են:
Երկրում, որտեղ աղքատության նման բարձր մակարդակ կա, իշխանություններն իրենց նման շռայլություն իրավունք ունե՞ն թույլ տալ հարցին, փոխքաղաքապետը պատասխանեց հարցով. «Շռայլություն բառի չափման միավորները դո՞ւք եք ստեղծել»:
Կարդացեք նաև
Լրագրողները շարունակեցին` շռայլություն չէ՞, երբ նվերների համար նախատեսված կոնյակների համար Երևանի քաղաքապետարանը 30 մլն դրամ է ծախսում, ամանորյա շոկոլադների համար էլ՝ 9000 դոլար եւ այլն: «Բոլոր ծախսերը բխում են համայնքի շահերից: Համայնքն ունի գործառույթներ, պարտադիր ու պատվիրակված լիազորություններ»,- շարունակեց նա:
Դիտարկմանն ի պատասխան, որ համայնքը պահանջում է նաեւ սոցիալական խնդիրների լուծում, փոխքաղաքապետը ասաց, որ բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացվում եւ բավական անհասկանալի պատասխան տվեց հարցին, թե ինչո՞ւ դրանք արդյունք չեն տալիս. «Ընդհանուր սոցիալ-տնտեսական ցուցանիշների մեջ, որտեղ նաև գնահատվում է աղքատությունը, դրանք ընդհանուր սոցիալ-տնտեսական ցուցանիշներն են: Իսկ քաղաքապետարանի կողմից համայնքի բյուջեով իրականացվող ծրագրերը միտված են սոցիալական ոլորտում այն լիազորություններին, որոնք մենք պարտադիր իրականացնում ենք»:
Երևան համայնքն ունի նաև ներկայացուցչական պարտադիր ծախսեր` գործուղումներ, պատվիրակությունների ընդունում ու հյուրընկալություններ եւ այլն: «Դրանք թաքուն չեն արվում, արվում են բաց, հրապարակային, թափանցիկ: Այս ծախսերը նախապես բյուջեի նախագծում են, անցնում են քննարկումների փուլեր, որևէ թաքուն բան չի արվում»:
Երևան ժամանող պատվիրակություններն էլ բերում են տարբեր հուշանվերներ, որոնք թանկարժեք են, բայց գները քաղաքապետարանում չեն ճշտել. «Նվեր ստանալուց գները չենք ճշտում, նվեր տալուց գները չենք ասում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ