Երևանի պարարվեստի պետական քոլեջում այսօր ՀՀ բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաները ժողգործիքներ ստացան: Գործիքները ձեռք են բերվել «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով՝ 2015 թվականին:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ 2007 թվականից իրականացվող ծրագրի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժինները. ամեն տարի մոտ 2400 աշակերտ անվճար երաժշտական կրթություն է ստանում:
Կարդացեք նաև
«Դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասը կամ մաշվածությունը խնդիրներ են մեզ համար: Վերջին շրջանում ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում մարզային դպրոցների կարիքները հոգալուն: Գործիքների բաշխումը մի քանի սկզբունքով է կատարվում: Առաջնահերթ, փորձում ենք խրախուսել այն երեխաներին, որոնք բարձր առաջադիմություն են ցուցաբերում: Կարծում եմ՝ դա արդար է: Բացի այդ, մանկավարժներին աջակցում ենք, որպեսզի վերջիններս նոր դասարաններ բացեն եւ ուսուցանեն վտանգված նվագարանները: Կփորձենք այդ դասարաններն առաջնահերթ ապահովել երաժշտական գործիքներով: Իսկ սոցիալապես անապահով երեխաները եւս ծրագրի ուշադրության կենտրոնում են»,-ասաց Արթուր Պողոսյանը:
Նրա գնահատմամբ՝ ծրագիրն արդարացնում է իրեն. «Մանկավարժներից արձագանքներ ենք ստանում, թե ինչ խնդիրներ եւ ձեռքբերումներ ունեն: Այս պահից սկսած՝ ձեւավորելու ենք նաեւ այս տարվա պահանջարկը, թե որ դպրոցներում ինչ գործիքների կարիք կա»:
Հավելենք, որ 2013-2015 թթ. ծրագրի շրջանակում ձեռք բերված 271 երաժշտական գործիքները տրամադրվել են 101 երաժշտական և արվեստի դպրոցների 271 սաների:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ