Aravot.am-ը փետրվարի 3-ին «Տեսակետ» մամուլի ակումբում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործի զարգացումների մասին:
«Բռնում ես մի խումբ, հայտարարում ես, որ այս խումբը ուզում էր ինձ սպանել, գործակիցներիս սպանել, զավթել շենքեր, զավթել իշխանություններ եւ այլն, եւ հետո ձերբակալում ես մարդկանց, ասում ես՝ սրանք էլ կա՛մ աջակցել են, կա՛մ խորհուրդ են տվել, կա՛մ ես չգիտեմ, թե ինչ են արել: Հետո սկսում ես այս խումբը ազատել կալանքից, իսկ այս մյուս մարդկանց պահում ես: Ինձ մոտ կասկած է առաջանում արդեն, որ այս խումբն ուրիշ գործառույթ ունի, որովհետեւ եթե սրանք սպանողն էին, իսկ նրանք աջակցողը, եթե ես մարդ եմ ազատում առաջինը՝ աջակցողներին եմ ազատում»,- ասաց նա:
Աշոտ Մանուչարյանը հավելեց, որ կարծում է՝ մարդկանց հայացքների ստուգում է անցկացվել եւ պարզվել է, որ Սերժ Սարգսյանի ամենամերձավոր մարդիկ հայտնվել են կապերի մեջ այդ խմբի հետ. «Ամեն մեկն ընդունել է, ամեն մեկը սիրտը ինչից պայթում է, այդ տղայի հետ կիսվել է, որովհետեւ, երբ որեւէ մեկը ներկայանում է՝ եկել եմ Քեսաբից, ես Ձեզ հավաստիացնում եմ, եթե ինձ ասեր, որ ես եկել եմ Քեսաբից, հաստատ իր հետ կհանդիպեի, որովհետեւ ես ինքս Քեսաբի հետ կապված բոլորի հետ հանդիպել եմ»:
Ըստ նրա, Սերժ Սարգսյանի համար անձնական մեծագույն ողբերգություն է, որ իր մերձավորներից ում դիմել է, դրական արձագանք է տվել. «Հիմա, եթե ինքը ձերբակալելով այդպես գնալու է, եկել է հասել է մի տեղ, որտեղ ձերբակալությունները բացառված են, տարբեր պատճառներով: Եվ ինքը իմ կարծիքով՝ այդտեղ պետք է նստես եւ հասկանաս՝ ինչ է տեղի ունեցել, ո՞նց եմ հասցրել այս ամենը այս վիճակին, ի՞նչն է պատճառը, եւ այս հարցերը լուծվում են խոսելով, բռնելով ավելացնում ես թշնամանքը՝ առանց այն էլ, ահավոր է: Պետք է բոլորը ազատ արձակվեն, որովհետեւ կարծես թե նրանք, ովքեր պետք է սպանեին ավելի շուտ ուղղորդված են՝ չգիտեմ՝ հետները պայմանավորվելո՞վ ուղղորդված են, թե՞ ուղեղի վրա են ազդել, չգիտեմ: Բայց այդ ամենը վկայում է այս մասին»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ