Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանցիները կարող են «ողողել» Հայաստանը թվաքանակի առումով, բայց դա…». Վարդան Ոսկանյան

Փետրվար 03,2016 15:34

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստան-Իրան հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն է ստեղծվում. «Երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը մեկ անգամ ևս եկավ ապացուցելու, որ մեզանում առկա վախերը, թե Իրանի համար Հայաստանը կարող է կորցնել իր այն նշանակությունը, որն ուներ պատժամիջոցների առկայության ողջ ժամանակահատվածում, ուղղակի չքանում են: Իրանի նախագահի մակարդակով էլ եղավ հավաստիացում, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է Իրանի համար: Շեշտվեց հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանը կարևոր օղակ է Սև ծովը Պարսից ծոցին կապելու համար: Ընդգծվեց նաև Հայաստանի և Իրանի հարաբերությունների օրինակելի լինելը՝ որպես քրիստոնյա և մահմեդական հարևան երկու երկրների հարաբերություններ: Սա շատ կարևոր է, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ արյունալի բախումները, հակամարտությունները Մերձավոր Արևելքում շատ դեպքերում ունենում են դավանական ենթատեքստ կամ դավանական փաթեթավորում»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վարդան Ոսկանյանը:

Հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել ասելով՝ իրանագետը նկատի չունի քաղաքական հարաբերությունները: Դրանք, ըստ նրա, ամենաբարձր մակարդակի վրա են: Խոսքը տնտեսական և մշակութային հարաբերությունների մասին է. «Հայաստանը մշակութային զգալի գրավչություն ունի՝ հաշվի առնելով հատկապես այն, որ իրանցիները շատ հաճախ մեր երկիրն ընկալում են իբրև Եվրոպա: Մենք պետք է այդ հանգամանքն էլ կարողանանք ճիշտ օգտագործել և հավուր պատշաճի ներկայացնել մեր երկիրն իրանցիներին՝ փորձելով այդ ճանապարհով ավելացնել զբոսաշրջիկների հոսքը»:

Իսկ խոսակցություններն այն մասին, որ իրանցիները նախընտրում են Վրաստանը, Վարդան Ոսկանյանը հնացած է համարում. «Իրանցիներն այլևս չեն նախընտրում Վրաստանը: Վերջինիս հետ ժամանակին կար ոչ արտոնագրային ռեժիմ, դրա համար հանգիստ գնում-գալիս էին: Հիմա իրանցիների համար խնդիր է Վրաստան մուտք գործելը, որովհետև սահմանային կետերում վիզաներ չեն տրամադրում կամ տրամադրում են չափազանց մեծ դժվարությամբ»,- ասաց Վ. Ոսկանյանը՝ ընդգծելով, որ Իրանի հետ հարաբերություններում լավատեսական բոլոր հիմքերը մենք ունենք. «Ես այստեղ որևէ վտանգ չեմ տեսնում: Բայց պատկերացնում եմ, թե մոտավորապես ինչ վտանգ կարող է զգալ հայը: Մտածում է՝ իրանցիները շուտով «կողողեն» Հայաստանը, կամուսնանան մեր աղջիկների հետ, մեր տղաներն էլ՝ իրանցի աղջիկների հետ, ու այդպես մեր ազգային անաղարտությունը կաղճատվի: Հարգելիներս, նման բան չկա: Իրանցիները կարող են «ողողել» Հայաստանը թվաքանակի առումով, բայց դա… Այսպես ասեմ. մենք պետք է երկու ուղու միջև ընտրություն կատարենք՝ կամ փորձենք զարգացնել մեր երկիրը, մեր տնտեսությունը՝ նաև «ողողում» ապահովելով, կամ պիտի մեր «պատերն» ավելի բարձրացնենք ու փորձենք պահպանել մեր անաղարտությունը և զրկվենք առաջինից: Ես կարծում եմ, որ միջին տարբերակն ամենաօպտիմալն է. փորձել որոշակի չափավոր մոտեցում ունենալ ինչպես անաղարտության, այնպես էլ «ողողելու» խնդրին»,- ասաց իրանագետը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29