Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 3-ին վերսկսվեց «Լոկալ Դեվելոփըրզ» ՍՊԸ-ն ընդդեմ «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանի 2 գործերի քննությունը: «Լոկալ Դեվելոփըրզ» ՍՊԸ-ն դատարան է դիմել սեփականության օտարման պահանջով:
Դատական նիստից հետո Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանում 4 գործ է առկա, պատճառը 4 տարբեր գույքեր են, տարբեր հասցեներով: Նա նշեց, որ «Դոլմամա» ռեստորանը եւս պետք է ներգրավվի գործում, քանի որ եթե բավարարվի հայցը, բնականաբար, պետք է դադարեցնի իր գործունեությունը:
«Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ հնարավոր է իրականացնել շինարարություն այդ տարածքում՝ առանց քանդելու հին շենքերը: Պարոն Ավանյանը պատվիրել է ճարտարապետներին մի նախագիծ, որի պայմաններում ե՛ւ շինարարը կարող է գոհ մնալ, ե՛ւ այս շենքերը կմնան: Այսինքն՝ մեր հիմնական թիրախը ոչ թե դատարանն է, այլ կառավարությունն է: Բացի այդ՝ Երեւանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն, որ հաստատված նախագիծ չկա, այսինքն՝ կարող են քննարկել եւ մի քանի փոքրիկ շենքերը մնան, իսկ ետեւի մասում բավականին մեծ տարածք կա, կարող է ցանկացած բան կառուցվել: Այսինքն՝ ճարտարապետական լուծումներ կան՝ առանց քանդելու»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ իր կարծիքով հատուցման գումարը շատ փոքր է, քանի որ այնտեղ ոչ միայն բնակարան կա, այլ նաեւ՝ բիզնես. «Ընդհանուր չորս գույքի համար մոտավորապես 160-170 միլիոն դրամի մասին է խոսքը գնում, կարծեմ: Դա այդքան էական չէ այս պահին մեզ համար, դրա մասին չենք խոսում, դրա մասին չենք խոսել: Մեր առաջարկն այն է, որ քաղաքը խելացի կառուցապատվի, այլ ոչ թե բարբարոսաբար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ