Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էս ի՞նչ գավառական խոսակցություններ են՝ երեւանցի, գյումրեցի, ալավերդցի». Շարմազանովը՝ Մարուքյանին (Տեսանյութ)

Փետրվար 03,2016 13:48

ԱԺ-ում «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2»-ը ֆինանսավորելու համար վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը բողոքեց մարզերի նկատմամբ խտրական վերաբերմունքից: Հիշեցնենք, որ այդ համաձայնագրով նախատեսվում է 112 մլն դոլար վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից, որը ծախսվելու է մայրաքաղաքի ճանապարհների համար::

Պարոն Մարուքյանի խոսքերով՝ «Մի կողմից ասում են՝ արտագաղթ կա, բա ո՞նց անենք, որ մարդիկ ապրեն գյուղերում, աշխատանք չկա, մի կողմից էլ բոլոր միջոցները կենտրոնացած են մայրաքաղաքում: Պետական կառավարման համակարգն այնպիսին է, որ կենտրոնացված քաղաքականություն է վարվում: Եվ դա հետսովետական պրոբլեմ է: ՌԴ-ում էլ անընդհատ խոսում են Մոսկվան բեռնաթափելու մասին, շրջաններում ծայրահեղ վիճակ է: Եթե վարկային հնարավորություններ կան, դրանից պետք է օգտվեն նաեւ մյուս քաղաքները: Այդ պետական կառավարման պատճառով է, որ բնակչության 1/3-ը կենտրոնացած է Երեւան քաղաքում: Եվ դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում: Հիմա վարկ եք վերցնում ճանապարհների համար, երբ Գյումրիում ու Վանաձորում մարդիկ տնակներում են ապրում: Դե վարկեր վերցրեք՝ էդ մարդկանց տնակների հարցը լուծելու համար»:

Հետո Էդմոն Մարուքյանը դժգոհեց, որ խորհրդատվության համար 13 մլն դոլար է նախատեսվում. «Ասում ենք՝ բա ինչի՞ 13 մլն դոլար, ասում եք՝ մարդիկ փորձ չունեն, պետք է վերապատրաստվեն, որ այդ ծրագիրն իրականացնեն: Նույն խորհրդատվության գումարները ներդրված են եղել Հյուսիս-Հարավ ծրագրում, ո՞նց եղավ, որ սկզբում 500 մլն էր, հետո դարձավ 1 մլրդ: Էդ 13 մլն-ը ի՞նչ խորհրդատվության փող է: Դուք ասեցիք՝ սա էն խորհրդատվության գումարը չի, որ դուք անընդհատ քննադատում եք, սա ուրիշ խորհրդատվության փող է: Ուրիշ խորհրդատվությունը ո՞րն է»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Մարուքյանի՝ քաղաքների համաչափ զարգացման մասին ելույթին՝ նրա մտածելակերպը որակեց գավառական. «Իբր թե իրենք մարզերի իրավունքների պաշտպանն են, եւ իբր թե մարզերում, որ վիճակը վատ է, մայրաքաղաքն է մեղավոր: Չի կարելի էդպես: Չի կարելի մեր երկրում բաժանում կատարել երեւանցի, գյումրեցի, ալավերդցի: Ես Ալավերդիից եմ, բայց այո, հայ ժողովրդի աչքի լույսը մայրաքաղաք Երեւանն է, ինչ-որ մեկի մոտ հարց կա՞: Մայրաքաղաք Երեւանը մեր բոլորի աչքի լույսն է, չի կարելի հակադրել: Եթե մարզերում ծրագրերը վատ են իրականանում, բերեք դրա մասին խոսենք, բայց չհամեմատենք մայրաքաղաքի ծրագրերը»:

Ըստ Շարմազանովի, առջեւում ընտրություններն են 2017-ի ու այս ամբիոնը պարզ է, որ պետք է օգտագործեն քարոզչության համար. «Բայց, սիրելիներս, չափ ու սահման կա ամեն ինչի: Ստեղ ամենավատը այդ գավառական մտածելակերպն է, որ մենք հակադրում ենք մարզերի շահը մայրաքաղաքի շահերի հետ: Ես Ալավերդիի բնակիչ եմ, հոգով-սրտով էլ լոռեցի եմ, բայց անչափ շատ սիրում եմ Երեւանը, հո՞րդ ես շատ սիրում, թե՞ մորդ, էդ մանկական խաղը վերջացրեք: Երեւանը տանենք մարզեր, էս ի՞նչ գավառական խոսակցություններ են: Չի կարելի էս դահլիճում գավառականություն ու պրիմիտիվություն քարոզել, թե ով որտեղից ա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29