ԱԺ-ում «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2»-ը ֆինանսավորելու համար վարկային համաձայնագրի քննարկումը շարունակվում է: Հիշեցնենք, որ այդ համաձայնագրով նախատեսվում է 112 մլն դոլար վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում քննադատեց այս վարկային ծրագիրը: Ըստ նրա, այնպես չի, որ մեզ վարկ պետք չի, բայց պետք է հաշվի առնել՝ ինչքանո՞վ է պետք վարկ վերցնել ու այդպիսի ճանապարհ կառուցել. «Նախ, Հյուսիս-Հարավը լրիվ սխալ ծրագրով գնաց: Սկզբում ասում էի՝ 500 մլն-ով սաղ կսարքենք, հետո 500-ը դարձավ միլիարդ, հիմա միլիարդին էլ ավելացնում ենք այս 112 մլն-ը ու դա վերջ չունի: Ստացվում է՝ 1 կմ ասֆալտը բարձրացել է 8 մլն դոլար: Դա անհանդուրժելի է արդեն: Մի քանի անգամ ավելի թանկ է, քան Եվրոպայում»:
Հրանտ Բագրատյանը ապշած է՝ միլիոնավոր գումարներ են դրվում՝ գործը գլուխ չի բերվում.«Բա վարչապետը չասի՞՝ էս ի՞նչ եք անում: Ես, օրինակ, կասկածներ ունեմ, որ այդ գումարները դուրս են գրվում ու գրպանվում են: Ո՞ւր են գնում: Մենք արդեն 50 տոկոսը ՀՆԱ-ի անցանք, արդեն գնալով դժվար է լինելու վարկ ստանալ: Օֆշորի սկանդալի մարդը էսօր ձեր մոտ պաշտոնի բարձրացում է ստանում, մենք ինչի՞ն հավատանք ձեր, ինչի՞ն կարելի է հավատալ»:
Հրանտ Բագրատյանը հաշվարկներ ներկայացրեց, ըստ որոնց անհնար է, որ այսքան տրանսֆերտներ, այսքան վարկեր գան երկիր ու ՀՆԱ-ն մնա նույն մակարդակի վրա. «Խոստացված 72 տոկոսի փոխարեն աճում է 15.2 տոկոս: ՀՀ բյուջեն 2.7 մլրդ դոլարից իջնում է»:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Եվ լսելն է հեշտ, եւ կռահելը: Մենակ անտերը էնպիսին են, որ շատ հետո են գլխի ընկնում»:
Հրանտ Բագրատյանը տեղից արձագանքեց ինչ-որ բան, որը լսեց Գալուստ Սահակյանը. «Ինձ ասացիք՝ գնա գործի՞դ: Գործ չեմ ճարել, դրա համար ստեղ նստած եմ, ի՞նչ ես ուզում ինձանից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ