Իրապես ժողովրդավարական պետություններում բարձրաստիճան պետական այրերը հաճախ պաշտոնից ազատվում են, երբ նկատելի է շարքային քաղաքացիների կողմից վստահության կորստի բարձրաձայնումը տվյալ պաշտոնյայի նկատառմամբ:
Խորհրդային տարիներին բարձրաստիճան պետական այրերը զբաղեցրած պաշտոնից ազատվում էին համաձայն դիմումի՝ «առողջական» պատճառով, իսկ դիմացկունները կրեմլում մնում էին մինչև կյանքի մայրամուտ:
Հետխորհրդային ժամանակաշրջանում Ռուսաստանում Լուժկովը պաշտոնից ազատվեց վստահության կորստի հիմնավորմամբ: Սա ինչ-որ տեղ բացառիկ ձևակերպում էր, նախադեպը չունեցող:
Մեր հանրապետությունում իշխանության նկատմամբ վստահության կորուստը ոչ միայն բարձրաձայնվում է, այլև փորձ է արվում ժողովրդավարական գործիքաշինությամբ այն տեղ հասցնել, որպեսզի բարձրաստիճան պետական այրերը ըմբռնումով մոտենան իրենց գործելակերպին և ստացված արդյունքին: Մշակված չափորոշիչներով գնահատեն իրենց ունակությունները, կարողությունները և հմտությունները կառավարման համակարգում:
Կարդացեք նաև
Այս ամենի նկատմամբ իշխանությունը մշակել է իր քիմքին հարմար գործելակերպը՝ հաշվի չառնել հասարակական կարծիքը և անխափան վիճակում պահել ջրցան մեքենաները:
Վերը հիշատակվածը ոչ միայն միանվագ գործողություններ են, այլ հանրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի դրսևորում: Արդյունքում ունենք աղքատություն, գործազրկություն և արտագաղթ հասարակության համար և պարադիս կյանք իշխանավորների համար:
Իշխանությունների վերարտադրությունը այսօր գերագույն նպատակ է, որի համար փնտրվում են գործընկերներ տարբեր ճամբարներից:
Եվ ահա գործընկերներից մեկը առանց վարանելու բարձրաձայնեց, որ հեղինակությունը կորցրած իշխանությանը պետք է օգնել, աջակցել…:
Հարկ է նշել, որ ոչ մի բանական մարդ իր հեղինակությունը չի ստորադասում այլոց հեղինակությունը փրկելու համար…, եթե այլ գերնպատակ չի հետապնդում…:
Կարելի է ֆինանսական դժվարություններ ունեցող ընկերոջը օգնել, դոնոր լինել որևէ մեկի կյանքը փրկելու համար, դժվարություններ կրել հանուն ընտանիքի:
Սակայն հեղինակությունը կորցրած պետական այրերին երբևէ ձեռք չեն մեկնում:
Գուցե հենց այդ է պատճառը, որ օրվա իշխանությունը հանրային կարծիքը արհամարհելով մնում է, իսկ գործընկերոջ խոսքը հեղինակության կորստի մասով ցավագին է ընդունում և անդրադարձ է կատարում:
Իշխանությունը մնացել է երկընտրանքի առջև՝ կորցրած վստահությունը վերականգնել, թե՞ իշխանությունը պահելու համար հեղինակությանը նպաստ բերող հովանավոր փնտրել:
Այստեղ են ասում՝ օրվա իշխանությո՛ւն, գնա լացացնողիդ մոտ…:
Գառնիկ Վաղարշակյան
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար