Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ խմբակցությունում երեկ վեճ էր

Փետրվար 03,2016 11:46

Այսօր-վաղը կհստակեցվի ԲՀԿ-ի՝ կոալիցիա կազմելու հարցը

Երեկ երեկոյան խորհրդարանում ԲՀԿ խմբակցության սենյակից բարձր ձայներ էին լսվում: Տպավորություն էր, թե վիճում են, անգամ ձեռնամարտի են բռնվել: Պարզվեց՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բուռն քննարկում են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցը: Այս քննարկումը նախաձեռնել էր ԲՀԿ-ի այն թեւը, որը կողմ է կոալիցիա կազմելուն: Այս փուլում կոալիցիա կազմելուն դեմ են կուսակցության եւ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Հայկ Խաչատրյանը: ԲՀԿ-ական պատգամավորներ Լյովա Խաչատրյանը եւ Արմեն Ավետիսյանը թեեւ դեմ են, բայց քննարկման ժամանակ լռել են: Կոալիցիային կողմերի բանակը գլխավորում է Միքայել Մելքումյանը: «Առավոտի» հետ Միքայել Մելքումյանի զրույցը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:

– Պարոն Մելքումյան, ի՞նչ վեճ էր, կոալիցիա կազմել չկազմելու մասի՞ն…

– Միանգամից կտրեմ ու ասեմ` մենք որոշում չունենք, որ մեր խմբակցության այսօրվա քննարկման թեման կարող ենք հրապարակայնացնել: Առայժմ` չունենք: Կարող է վաղն ունենանք, կարող է` չունենանք: «Նո քոմենթ»:

– Ձեր ասածից կարող եմ ենթադրել, որ տեղեկությունս սխալ չէ, կոալիցիայի թեմայով էր վեճը:

– Տեղեկատվություն չենք տալիս:

– ՀՅԴ խմբակցության ղեկավարը նախօրեին հայտարարեց, որ իշխանությունը հեղինակազրկված է, վարկաբեկված է, եւ հիմնավորեց, որ ի շահ երկրի պատրաստ են հեղինակազրկվելով ու վարկաբեկվելով կանգնել ՀՀԿ-ի կողքին…

– Բան չեմ ասում, չեմ ուզում, եկեք գնահատականներ չտանք…

– ԲՀԿ-ում է՞լ են այդքան մտածում ազգի մասին, որ պատրաստ կլինեն իրենց հեղինակությունն էլ զոհաբերել, եթե կոալիցիա կազմելու առաջարկ լինի:

– Տարբեր քաղաքական ուժեր իրենք են որոշում եւ որդեգրում, թե ինչ ռազմավարությամբ եւ տակտիկայով պետք է շարժվեն: Եկեք այդ կոալիցիա բառն անընդհատ չշահարկենք: Տարբեր համագործակցության ձեւեր կան՝ ե՛ւ ընդդիմության հետ, ե՛ւ իշխանության, բայց դու պարտավոր ես հայրենանվեր, տվյալ փուլում հայրենիքի համար ամենաարդյունավետ քայլերն անել` քո քաղաքական ուժի առումով: Եթե կա պայման քո քաղաքական ուժի ծրագրերը կյանքի կոչելու` ի շահ ժողովրդի, ուրեմն պետք է անել: Եթե չկա այդ պայմանը, ուրեմն ի վերուստ ոչ էլ անում ես:

– Հիմա ԲՀԿ-ի մասով տեսնո՞ւմ եք նման պայման:

– Ես ասացի, որ որեւէ տեղեկատվություն չենք տալիս:

– Ընդհանուր քաղաքական իրավիճակը նման հնարավորություններ տալի՞ս է:

– Կա քաղաքական նպատակահարմարության հարց, կա 2017-ին ընդառաջ գնալու տվյալ քաղաքական ուժի մոտեցումների ճշգրտման հարց, կա քաղաքական ուժի անցած կենսագրության հարց: Այդ բոլորը պետք է ի մի բերել եւ տեսնել` դրանից բխող ամենաարդյունավետ տարբերակը որն է: Այս փուլում մենք որոշում ունենք առայժմ չհրապարակայնացնել որեւէ բան:

– Այսինքն՝ ՀՅԴ-ն ազգին ավելի շա՞տ է սիրում, քան ԲՀԿ-ն:

– Բայց ինչո՞ւ ես ՀՅԴ-ի կամ որեւիցե այլ քաղաքական ուժի մեկնաբանություն կամ հայտարարություն պետք է ինձ համար դիտակետ վերցնեմ ու դարձնեմ, այդ ծիրով առաջ գնամ: Եկեք գնահատականներ չտանք: Բայց ես սիրում եմ իմ հայրենիքը: Սա լավ երկիր է, լավ պետություն է, շանս կա երկիրը կարգավորելու, առաջ շարժվելու: Ես հնարավորություններ տեսնում եմ` կլինես դու իշխանության մեջ, ընդդիմության, կլինես այլընտրանք՝ կարեւոր չի, եթե պայման կա քո ծրագրերն առաջ քաշելու: Ես օրենսդիր եմ, եթե իմ օրենքները անցնում են, ես ուրախ եմ: Կլինի ուրիշ ֆունկցիա` կնայենք, առաջ կանցնենք: Մեր գործը ի՞նչն է. ժողովրդի հետ շիտակ խոսելը, շիտակ հարցադրումներ անելը, հավատալը, որ դու կարող ես բան փոխել… ինքդ քեզ, քո քաղաքական ուժին պիտի հավատաս: Մնացածն առաջ կգնա:

– Այսինքն՝ նախադրյալներ կա՞ն, որ ԲՀԿ-ն կոալիցիա մտնի:

– Դրա մասին մենք չենք խոսում: Կա, չկա, ոնց կա: Թվարկածս գործոնները ի մի պիտի բերենք:

– Ե՞րբ:

– Շատ արագ: Նույնիսկ վաղը կամ մյուս օրը դուք կիմանաք:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լյովա Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը, որ խմբակցության սենյակում թեժ քննարկում էր ընթանում, ասաց, որ սովորական քննարկում էր, ու, ընդհանրապես, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ԲՀԿ-ում միշտ են լինում. «Չի եղել կոալիցիա մտնելու առաջարկ, որպեսզի նման հարցի շուրջ ես ինչ-որ կարծիք հայտնեմ»: Դիտարկմանը, որ ՀՅԴ-ն բանակցությունների մեջ է, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ինձ չի հետաքրքրում այլ կուսակցության…»: Եթե առաջա՞րկ լինի՝ հարցին էլ նա պատասխանեց, որ եթե-ներով հարցերին չի պատասխանում. «Եթե առաջարկ չկա, հետեւաբար չկա նաեւ պահանջարկ: Ես երազներ մեկնաբանելու ունակություն չունեմ»:

 

«Առավոտ» օրաթերթ
03.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29