Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն այլ անձի փոխարեն քվեարկելու համար հարուցված քրեական գործով դատական նիստ:
Ամբաստանյալ Մհեր Ռշտունին 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը պետք է քվեարկեր Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 10/6 ընտրատեղամասում: Դրա փոխարեն նա գնացել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող Երվանդ Քոչարի 12/1 հասցեում, Նար Դոսի անվան դպրոցում տեղակայված 10/14 ընտրատեղամաս եւ քվեարկել է այլ անձի՝ Ժենյա Ղասաբօղլյանի փոխարեն եւ ստորագրել ընտրացուցակի 562 համարի դիմաց:
Նախնական դատական նիստի ընթացքում ամբաստանյալը միջնորդեց արագացված կարգով դատաքննություն անցկացնել: Դատախազ Տիգրան Ենոքյանը չառարկեց եւ միջնորդությունը բավարարվեց:
Կարդացեք նաև
Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն իր ավարտական ճառում ասաց, թե հաշվի է առնում այն, որ ամբաստանյալը եւ նախաքննության, եւ դատաքննության փուլերում ընդունում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, նախկինում դատված չի եղել եւ մինչեւ 14 տարեկան երեխա ունի: Նա միջնորդեց Մհեր Ռշտունուն մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով եւ որպես պատիժ սահմանել տուգանքը նվազագույն աշխատավարձի վեց հարյուրապատիկի չափով:
Ամբաստանյալ Մհեր Ռշտունին իր վերջին խոսքի ընթացքում հայտարարեց, որ ընդունում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը եւ խնդրեց մեղմ պատիժ նշանակել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Քիչ անց դատավորը հրապարակեց վճիռը, համաձայն որի՝ Մհեր Ռշտունու նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք 500.000 դրամի չափով:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ