Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը չի բացառում, որ կառաջադրվի Օմբուդսմենի պաշտոնում

Փետրվար 03,2016 10:28

Արմեն Աշոտյանը «էքստրավագանտ» է
որակում Էդմոն Մարուքյանի առաջարկությունը

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստերի դահլիճում հայտարարեց, որ ինքը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջարկում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, քանի որ նա իր ունեցած փորձով, խարիզմայով, մարդու իրավունքների մասին իր մոտեցումներով կլինի լավագույն Օմբուդսմենը:

«Առավոտը» Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք վերաբերվում այդ առաջարկին, պատրաստվո՞ւմ եք առաջադրվել, Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք այդ պաշտոնում: Նա պատասխանեց. «Մինչեւ քաղաքականության մեջ ընդգրկվելը` երկար տարիներ՝ շուրջ 9 տարի, զբաղվել եմ իրավապաշտպան գործունեությամբ: Այդ շրջանակի գործընկերներս հորդորել են ինձ, որպես իրավապաշտպան համայնքի թեկնածու, ներկայացնել իմ թեկնածությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջադրման համար: Քաղաքական գործունեության ժամանակ նույնպես անմասն չեմ եղել իրավապաշտպան գործունեությունից, կարելի է ասել` իմ առօրյա աշխատանքը ԱԺ պատգամավորի պաշտոնում կրում է նաեւ իրավապաշտպան բնույթ: Հետեւաբար չեմ բացառում»:
Մեր հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ ըստ Ձեզ, նախկին օմբուդսմենների ո՞ր սխալները պետք է չկրկնել, որ բանը չհասնի վաղաժամկետ հրաժարականի՝ նա պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանն առաջին հերթին պետք է ունենա գործող իրավապաշտպանի փորձ: Երկրորդը` պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության նվիրյալ: Կարծում եմ` պետք է պայքարը տանել մինչեւ ավարտ` ավարտել ստանձնած պարտականությունները, երբեք չդիմել հրաժարականի, հրաժարականն է ամենամեծ սխալը»:

Թե ո՞վ է Զարուհի Փոստանջյանի նախընտրելի թեկնածուն՝ նա թեկնածուների մի ամբողջ շարք ասաց. «Ես կարող եմ թվարկել թեկնածուների, որոնք ե՛ւ հեղինակավոր են, ե՛ւ ազնիվ են, ե՛ւ պրոֆեսիոնալ` Լարիսա Ալավերդյան, Ավետիք Իշխանյան, Արթուր Սաքունց, Հայկ Ալումյան, Մուշեղ Շուշանյան եւ այլք»:

Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Էդմոն Մարուքյանի՝ Օմբուդսմենի պաշտոնում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջարկելը «էքստրավագանտ»՝ արտասովոր որակեց. «Էդմոն Մարուքյանն աչքի ընկավ լրահոսում իր այդ էքստրավագանտ առաջարկությամբ: Էքստրավագանտ թեկնածուներ ես չունեմ»,- ասաց պարոն Աշոտյանը, երբ հարցրեցինք, թե նա ում է նախընտրում:

Նախարարի խոսքերով՝ «Մենք երբեք անձնավորված չենք աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ: ԿԳ նախարարության համար երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, կրթության իրավունքի իրականացումը գերակայություն է, այդ իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Ցավոք, երեխաների իրավունքների պաշտպանության, կրթության իրավունքի իրացման հետ կապված խնդիրներ կան նաեւ ՀՀ-ում, մենք չենք ավարտել այդ խնդիրների լուծումը: Սա մշտական գործընթաց է: Մենք կաշխատենք Մարդու իրավունքի պաշտպանության ինստիտուտի հետ՝ անկախ նրանից, թե ով կլինի պաշտպանը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Դժվար է գուշակել,թե ինչ տրամաբանությամբ է Էդմոն Մարուքյանը առաջադրել Զարուհի Փոստանջյանին ՄԻՊ- ի պաշտոնում, հաստատ գիտենալով,որ այն չի անցնի :Զ. Փոստանջյանը թերևս միակ արժանի թեկնածուն է,սակայն նա անցանկալի է ՀՀԿ-ի համար:Իշխանության համար դա ինքնքսպանության նման բան կլինի: Իշխանությունը, Զարուհու ելույթներից գրգռված,առիթ է փնտրում նրանից ազատվելու համար,էլ ուր մնաց,որ նրան այդպիսի պաշտոն տան: Այնպես որ,Է.Մարուքյանի այդ ժեստը`Զարուհու հանդեպ, կարելի է դիտարկել որպես կոմպլիմենտ միայն, ոչ ավելի:

  2. Հ.Շ. says:

    ըստ հիմնական եւ էական սահմանումի,
    որպէս նուազագոյն եւ տարրական չափանիշ,
    Ombudsman-ը պաշտօնը ստանձնողը պէտք է որ լինի լիովին չէզոք,
    ոչ մի կուսակցութեան հետ ոչ մի կապ չունեցող անձ

    մինչ այստեղ խօսում ենք անձի մը մասին որ բացայայտ ատելութեամբ լեցուած է իշխանութեան դէմ, եւ մինչեւ իսկ յեղափոխութեան զօրակոչեր կ’աղաղակէ, երբ որ ջիղերուն տնօրինութիւնը լման կորսնցնէ

    հետեւաբար, Փոստանջյանական այն այս անհեթեթ խարխափումները անգան մը եւս կ’ապացուցեն խնդրոյ առարկայ նիւթերի վերաբերեալ ընդհանուր խակութիւնը, անատակութիւնը, մեր պաշտելի բայց տակաւին նորածին երկրում

    (մինչդեռ այս ազնուափայլ Տիկինը գործը լքեց եւ գնաց, ամիսներով, քաղաքագիտութեան դասընթաքների հետեւելու ԱՄՆ-յում… ա՞յս է սորվածը…)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29