Ռուսաստանում հայերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով երկու մարդ է սպանվել: Այս մասին հաղորդում է crimerussia.ru պորտալը:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի մոտակայքում, Լենինգրադի երկրամասի Շլիսելբուրգ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու զինված խմբերի միջև:
Մասնավորապես, հաղորդվում է, որ քաղաքի մասնավոր ավտոսերվիսին է մոտեցել 444 համարանիշով սև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որից դուրս են եկել «կովկասյան արտաքինով» 5 տղամարդ և կրակ բացել ավտոսերվիսում գտնվող մարդկանց վրա: Պատահական անցորդներից մեկի վկայությամբ՝ ավտոսերվիսում գտնվողներից մեկն անմիջապես մահացել է, բայց ի պատասխան այնտեղից նույնպես կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել է նաև հարձակվող խմբի անդամներից մեկը:
Ըստ Ռուսաստանի ՆԳՆ-ի՝ սպանվածներից մեկը 1956թ. ծնված Հրայր Վարդանյանն է, ում մոտ գտնվել է Ռուսաստանում ապրելու կացության իրավունք, իսկ մյուսը Պուշկինոյի բնակիչ, 1971թ. ծնված Արմեն Խուրշուդյանը:
Կարդացեք նաև
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նույն օրը՝ ավելի ուշ, 444 համարանիշով սև Mercedes-ը հիվանդանոց է տեղափոխել գլխի շրջանում վնասվածք ունեցող ոմն Վախթանգ Սարգսյանի: Նրան ուղեկցողները փախուստի են դիմել նախքան ոստիկանության ժամանելը: Բացի այդ, ոստիկանությանը հայտնի է դարձել, որ նույն գիշեր հրազենային վիրավորմամբ Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոց է դիմել ազգությամբ հայ ևս մեկ տղամարդ: Վիրավորներից երկուսի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր, նրանք հրաժարվում են որևէ ցուցմունք տալ:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով: Փոխհրաձգության շարժառիթները հայտնի չեն, տարվում է քննություն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ