Լրահոս
Օրվա լրահոսը

Մոռանալ Բերիային

Փետրվար 03,2016 10:00

Ի պատասխան մեր թերթում հրապարակված մի նամակի, որտեղ թոշակառու ընթերցողն իր տարակուսանքն է հայտնում, որ հայաստանյան օրացույցներից մեկում տեղ է գտել Լավրենտի Բերիայի նկարը, մեկ այլ ընթերցող իր զայրույթն է հայտնել, թե ինչպես կարելի է նսեմացնել Բերիայի նման պայծառ անձնավորությանը: Խնդիրն այն է, որ այդպես են մտածում նախկին խորհրդային տարածքի հարյուր հազարավոր մարդիկ: Վստահ եմ, որ դա միայն մեր պատմական անցյալի նկատմամբ վերաբերմունքի հարց չէ, դա նաեւ արժեհամակարգ է, որը ծնում է նոր Բերիաներ եւ Մուղդուսիներ: Դա բռնության եւ մարդկային միտքը, անհատականությունը ճնշելու հանդեպ «ըմբռնողական» մթնոլորտ է, որի ալիքները մենք զգում ենք ոչ միայն Հայաստանում եւ ոչ միայն նախկին «սովետում»:
Վերջերս ներկա էի նույն բովանդակության, բայց ավելի «մեղմ հնչերանգով» զրույցի: Մարդը բացատրում էր, թե ինչու հիմա չեն խոսում դավաճանության մասին: (Իրականում, իհարկե, շատ են խոսում՝ դավաճանության պիտակը ամենատարածվածներից մեկն է): Իմ զրուցակցի տրամաբանությունը հետեւյալն էր՝ քանի որ հիմա մարդկանց վզին փաթաթվում են ազատական արժեքներ, եւ գնահատվում է անհատականությունը, ամեն մարդ կարող է մտածել՝ ինչպես որ ցանկանում է, դրա համար էլ «դավաճանություն» եզրը վերացել է: Այո, մարդը կարող է մտածել, խոսել եւ գործել ինչպես ցանկանում է, եւ միակ սահմանափակումը, որին նա պետք է հանդիպի, պետության օրենքներն են, այդ թվում՝ պետական դավաճանության մասին: Իսկ քաղաքական գործիչներն ու հրապարակախոսները չպիտի իրար երեսի նետեն նման բառեր:

Ես այստեղ էլ եմ տեսնում խորհրդային «էնկավեդե»-ի հոգեբանական դրոշմը: Այդ ազդեցությունը կրում են, իհարկե, նախեւառաջ մեր իրավապահ մարմինները ու դատարանները, բայց մեծ հաշվով դրանով վարակված են ամբողջ հասարակությունը եւ «հասարակական կարծիքի առաջնորդները», քաղաքական գործիչները՝ առաջին հերթին:
Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ քաղաքականության մեջ պիտի հայտնվեն նոր դեմքեր: Ինձ թվում է՝ զուտ դեմքերի փոփոխությամբ հարց չի լուծվի: Պետք են նոր ձեւով մտածող մարդիկ՝ իրենց անձը եւ ամբիցիաները չկարեւորող, պարանոյիկ կասկածամտությունից զուրկ, բոլորի նկատմամբ զուսպ ու հանդուրժող, իրենց կարծիքը խաղաղ եւ ոչ ագրեսիվ եղանակով արտահայտող: Ես պնդում եմ, որ դա ոչ միայն արտաքին վարքին վերաբերող դրսեւորում է, այլեւ մտածելակերպի, որը հիմնված է սիրո եւ հարգանքի, ներողամտության, բոլորին մտածելու եւ գործելու ազատություն տալու վրա:
Քաղաքական եւ հասարակական գործիչները կարող են արտաքուստ հայհոյել Լավրենտի Պավլովիչին, բայց լինել նրա հավատարիմ աշակերտները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. henri says:

    Եթէ մեր հասարակութեան մէջ կան մարդիկ որ տակաւին կը խորհին որ Լ.Բերիան /և իր նմանները -Ստալին-Հիթլէր-Ատտիղաս- Ճինկիս խան/ մեծ մարդիկ եղած են, շատ հաւանաբար ի վիճակի են Ծիծեռնակաբերդի բարձունքին Թալաաթի-Էնվերի յուշարձանը կանգնելու առանց դժուարութեան.
    Ինչ որ կը տեսնուի բարոյական անկումը սահման չունի որոշ անձերու մօտ;Դեռ ինչեր պիտի լսենք ;

  2. Garegin says:

    Իմ կարծիքով “դավաճաններ” փնտրելու սինդրոմով տառապում են ոչ միայն հետսովետական երկրներում, այլև ամենուր` ԱՄՆ-ում, եվրոպայում և այլն, պարզապես դրսևորման ձևորն են տարբեր: Ինչ վերաբերվում է մեր երկիրը կառավարողներին ու կառավարման համակարգին, ապա քանի դեռ ֆինանսներ կուտակելու և ունեցվածք դիզելու հիմնական գրավականը ոչ թե ազնիվ բիզնեսն է, այլ իշխանական լծակ ունենալը, ոչինչ չի փոխվելու:
    Անձնականը շահը հանրայինից ստորադասող կառավարիչներ ունենալու համար համապատասխան պայմաններ են պետք, որն իհարկե մենք չունենք: Իշխանական միջանցքներում առաջխաղացումները պայմանավորված են միմիայն ֆինանսական հնարավորություններով ու բարեկամա-խնամիական գործոններով, որի պտուղները մենք ճաշակում ենք ամենուր:

  3. eeh says:

    Ասում են ռուս սպան ժանդարմի ձեռքը երբեք չէր սեղմի։ Մինչև ժողովուրդը չսկսի թքել բանտապահների և նրանց չապաշխարհած հետնորդների հավաքական և անհատական երեսներին՝ նրանք կշարունակեն երազել էն ժամանակի մասին երբ կարող էին հագուրդ տալ իրենց ստոր բնազդներին։ Դրանք էնքան թերի մարդիկ են որ չեն էլ հասկանում, որ ժամանակները շատ չեն փոխվել – ստոր մարդիկ էլի օգտագործելով պատժիչ ապարատը իրանց անկուշտ ստամոքսի հարցերն են լուծում։ Շատ զվարճալի է կարդալ իբր դասական ուղղագրությամբ գրված պոստերը։ Բարի վերադարձ ֆորում, Հենրի։ Կսպասեմ Հայաստանը վատնած Վրացյանով հպարտացող, կանադահպատակ Հ.Շ. մեկնաբանությանը։

    • Հ.Շ. says:

      Դեհ լաւ, զուարճանանք ուրեմն… (Չեմ գիտեր ինչու գիտակցաբար կ’իյնամ այսպիսի «ծուղակներու» մէջ… Երեւի ամէն անգամ կը յուսամ որ մի քանի ուղղամիտ ընթերցողներ կրնան ըլլալ, եւ ամէն գրգռում, որքան որ ալ ուշադրութեան արժանի չըլլայ, նորէն ալ առիթ մըն կ’ընծայէ – մերսի – կարգ մը դիտարկումներ պարզելու այդպիսի ենթադրեալ ընթերցողների հասցէին: )

      Նկատի առնելով վերեւի Խմբագրականի նիւթը, հետաքրքրական են ըսածներդ, սիրելի Հայաստանաբնակ ազգակիցս, որովհետեւ ուղղակի կ’առնչուին անոր հիմնական նիւթին – հակադրուելով սակայն անոր առողջ եւ իմաստուն պատգամին – :

      . Այս «դասական» ուղղագրութիւնը, աւելի ճշգրտօրէն, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած՝ մեր լեզուի հարազատ ու նախնական ուղղագրութիւնն է: Զորս յատկապէս պահպանուած է, շնորհիւ գրաբառին, մեր Կտակարանին մէջ:

      Իսկ «միւսը»… Սդալինի հանճարեղ հղացումն է անշուշտ: Որու միտումն էր, ի միջի այլոց այս լեզուական մարտավարութեամբ՝ Հայաստանի հայութեան ազգային ինքնութիւնը աղաւաղել, խեղաթիւրել, միաժամանակ հայրենաբնակ հայութիւնը հեռացնելով, անջատելով, աքսորեալ հայութիւնից: Որպէսզի սպաննուի եւ թաղուի «Մէկ Ազք, Մէկ Ժողովուրդ, Մէկ Հայրենիք» փրկարար դաւանանքը:

      Փաստօրէն, մինչեւ օրս տակաւին – որոշ չափով – արդիւնաբեր են այդ միտումն ու մարտավարութիւնը…

      Իսկ քանի որ օտարութեան մէջ Հայութիւնը հոգեվարքի մէջ է, մեր մխիթարութիւնը թող ըլլայ որ, նուազագոյնը՝ շնորհիւ այդ ուղղագրութեան պահպանումին, տակաւին – եւ էական մակարդակի մը վրայ – օգտակար ենք Հայութեան ինքնութեան տարրական գոյատեւման, պահպանումին եւ, կը հաւատանք տակաւին՝ վերականգնումին:

      . Վրացեանի աժան արժեւորումդ նաեւ հետաքրքրական է, երբ որ գիտենք որ մարդը, որ իր շրջանակին հետ որոշիչ դեր ունեցած էր, հինգ դարերի անհետացումէ ետք՝ Հայոց Պետականութեան վերագոյացման, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեամբ, ստիպուեցաւ փախչիլ այդտեղէն, որպէսզի զինք ալ չսպանեն Սդալինի հայանուն հետեւորդները:

      . Եւ երբ կը տեսնենք ու կը լսենք թէ – ինչպէս որ նաեւ, վերեւ, Խմբագրապետը պարկեշտօրէն հաստատում է- , այդ ամէնի՜ց յետոյ, Հայաստանում կան տակաւին հայորդիներ որոնք հիացմունք ու պաշտամունք ունին Սդալինի նկատմամբ, կարելի չէ չժպտիլ – թէկուզ մի քիչ դառնօրէն -, կարդալով թէ Վրացեանն է որ «վատներ» է Հայաստանը…

      Ինչ որ եղեր է, եղեր է:

      Եկուր հիմա մտահոգուինք անոնցմով որոնք վատնում են այժմու Հայաստանը: Եւ խօսքս, առաջին հերթին, չի վերաբերիր իշխանութիւններուն, ոչ: Եւ շատ ափսոս:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29