Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՛մ պետք է որոշ օլիգարխների զոհաբերեն, կա՛մ երկրի անվտանգության հարց է ծագում

Փետրվար 03,2016 15:30

Տասը տարուց ավելի է՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը գրեթե չի փոփոխվում. սա խոսում է այն մասին, որ մենք ոչ թե տեղում դոփում ենք, այլ հետընթաց է մեր երկրի համար:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրության համաձայն՝ 2003 թվականից Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով որեւէ փոփոխություն չի արձանագրել: Ըստ այդմ, Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2015-ին 35 է, նախորդ տարի այն 37 է եղել: 168 երկրների մեջ Հայաստանը 95-98 տեղերում է:

Ընդ որում, այս ուսումնասիրությունը, ինչպես արդեն նշել ենք, ընդամենը կոռուպցիայի ընկալման համաթիվն է, իսկ թե կոռուպցիայի ինչ մակարդակ կա, կամ որքան է կազմում կոռուպցիոն գումարների շրջանառությունը, որեւէ ուսումնասիրություն չկա:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այդ ցուցանիշով տարիներ շարունակ նույն տեղում գտնվելը՝ այն պարագայում, երբ մենք դրամաշնորհներ, վարկեր ենք վերցնում հակակոռուպցիոն տարբեր ծրագրերի համար, այդ գումարները ծախսում ենք կոռուպցիայի դեմ պայքարելու համար, բայց տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը չենք ուղղում, դա մեծ հաշվով ռեսուրսի վատնում է: «Մենք կանգնել ենք մի կետի, որ կոռուպցիան նվազեցնելու համար պետք է քաղաքական կամք, եթե դա չկա, ապա այդ բոլոր ներդրումները վերածվում են անիմաստ ներդրումային նախագծերի»,- նշեց Մանուկյանը:

Տնտեսագետն ասաց, որ եթե 2014-2015 թվականները դիտարկենք, մեծ հաշվով տեղի է ունեցել հետընթաց, քանի որ այս տարի Համաշխարհային բանկը՝ ՀԲ-ն, չի մասնակցել հարցումներին, իսկ նախորդ տարիներին այն մշտապես միջինից բարձր, դրական գնահատական է տվել. «Եթե ՀԲ-ն չլիներ, մենք այսօրվա պատկերից ավելի վատ պատկեր էինք ունենալու»: Մեր հարցին՝ ինչո՞ւ է ՀԲ-ն միշտ համեմատաբար լավ ցուցանիշ տվել Հայաստանին, արդյոք որոշակի շահե՞ր է հետապնդում, տնտեսագետն ասաց. «Մեր արտաքին պարտքի մեծ մասը վարկային ծրագրերն են, իսկ ՀԲ-ն հիմնական խաղացողն է, որպես բանկ՝ նրան ձեռնտու է թղթի վրա ցույց տալ, որ իր կողմից ֆինանսավորվող ծրագրերն արդյունք են տալիս, եւ կոռուպցիայի առումով ավելի բարվոք է մեզ մոտ վիճակը: ՀԲ-ի կողմից վարկավորվող ծրագրերում կան նաեւ հակակոռուպցիոն ծրագրեր»:
Մանուկյանը նկատեց, որ այս դեպքում հանրությունը պետք է պահանջատեր լինի եւ բարձրաձայնի՝ եթե մեծ հաշվով փոփոխություն չկա կոռուպցիայի նվազման առումով, ապա ինչո՞ւ ենք մեր ուսերին նոր վարկեր շալակում:

Արտակ Մանուկյանի դիտարկմամբ՝ այն երկրներում, որտեղ կոռուպցիոն մակարդակը կամ կոռուպցիայի ընկալման համաթիվը բարձր է, այդտեղ, ավանդաբար, տնտեսական ցածր աճ է լինում, եւ այդ երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումները գնալով ավելի են նվազում: Կարելի է ասել, որ այս երեւույթը նկատվում է նաեւ Հայաստանում: Տնտեսագետն ասաց, որ օտարերկրյա ներդրումների նվազման արդյունքում տնտեսությունում մենաշնորհացումն է մեծանում, քանի որ օտարերկրյա ուղղակի ներդրումները կարող են հայրենական արհեստական մենաշնորհների հետ մրցակցել, իսկ այդ ներդրումների բացակայության պարագայում մրցակցությունը դժվար պատկերացնելի է:

Ընդհանրապես, ինչպես մշտապես պնդում են փորձագետները, կոռուպցիան եւ մենաշնորհները փոխկապակցված են, կարելի է ասել՝ միաձուլված են:

Ի վերջո, ինչպե՞ս է հնարավոր պայքարել կոռուպցիայի դեմ, արդյոք հասարակական ճնշմամբ մեր երկրում արդյունքի կհասնե՞նք՝ մեր այս հարցին ի պատասխան Մանուկյանն ասաց, որ կոռուպցիան ամբողջությամբ արմատախիլ անել որեւէ երկրի չի հաջողվել, բայց մի քանի երկրների հաջողվել է կարճ ժամանակում այնպես անել, որ այդ կուռուպցիան հասարակությունը չզգա, բավականին նվազեցրել են: Այդ երկրներում, Մանուկյանի խոսքերով ասած՝ բանալին արդյունավետ պայքարի, իսկ արդյունավետ նշանակում է ՝ ավելի քիչ ժամանակում, դա պատժելիությունն է, օրենքի գերակայությունը. «Մենք ունենք լավ օրենքներ, բայց երբ գալիս է օրենքի կիրառման ընթացքը, բոլորը հավասար են օրենքի առջեւ, բայց կան նաեւ առավելները: Եթե օրենքը պատժելիություն չապահովի, մենք միշտ կասենք՝ կոռուպցիան կարճ ժամանակում նվազեցնել չի լինի: Ես վատատես եմ, որ հասարակությունը կարող է էապես ազդել կոռուպցիայի նվազման վրա: 2 տարբերակ կա՝ վերեւից ներքեւ. իշխանությունը մի օր որոշում է՝ վերջ, ինչքան թալանել ենք, բավական է, արդեն պետք է լուրջ պայքարենք, յուրայիններին էլ պատժենք, կամ ներքեւից վերեւ, ինչը երկարաժամկետ եւ քրտնաջան պայքար է: Ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում հասարակությունն ի վիճակի չէ նման պայքար տանել»:

Մանուկյանը նկատեց, որ օրենքի պատժելիության իմաստով մենք չենք տեսել, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա պատժվի, վարչության պետից բարձր որեւը մեկը պատժի չի ենթարկվել. «Երբ ՀՀ նախագահն իր հայտնի հայտարարությունն արեց պետական գնումների մասին՝ գլխից պետք է բռնել, մամուլում տարիներ շարունակ հրապարակումներ եղան պետական ոչ արդյունավետ գնումների, չարաշահումների մասին, բայց մինչ օրս որեւէ մեկը խիստ պատժի չի ենթարկվել»:

Մանուկյանի խոսքերով՝ այս տարի պետական բյուջե կոչվող տորթը փոքրանալու է, ուստի իշխանությունը պետք է սկսի ներքին արդյունավետության բարձրացումը կամ որոշ օլիգարխների զոհաբերի. «Այս ճանապարհին պետք է լինի համակարգային լուծում, հասկանան՝ ներքին արդյունավետությամբ պիտի աշխատեն, հակառակ դեպքում երկրի անվտանգության խնդիր կա»:

Կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ խորհրդի հետ էլ տնտեսագետը մեծ հույսեր չի կապում: Մանուկյանի կարծիքով՝ այդ խորհրդի պայքարը պետք է ունենա հստակ թիրախ. «Օրինակ՝ ասեն, որ մեզ մոտ կոռուպցիոն գումարների շրջանառությունն այսքան է, մենք պետք է առաջին տարում նվազեցնենք այսքանով եւ այսպես շարունակ: Ու սա պետք է հանրությանը թափանցիկ ներկայացվի: Իսկ ընդհանրապես, Լենինի ասած՝ եթե մի գործ ուզում ես տապալել, ստեղծիր կոմիտե կամ խորհուրդ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29