Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավայրերը չեն ապահովում կրծքով կերակրելու պայմաններ

Փետրվար 03,2016 15:00

Կրծքով սնուցումը կարող է կանխել փորլուծության դեպքերի գրեթե կեսը եւ շնչառական վարակների մեկ երրորդը. սրանք համարվում են մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության հիմնական պատճառները:

Այս մասին են փաստում Բրիտանական Լանսեթ ամսագրի ուսումնասիրությունները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից, վկայակոչելով ամսագրի տվյալները, նշում են, որ կրծքով կերակրող կանանց մոտ կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղի մակարդակի նվազում, իսկ երեխաների մահացության կրճատում է արձանագրվում:

Համաձայն ամսագրի ուսումնասիրությունների՝ կրծքով սնուցման ներկա քանակն արդեն կանխում է կրծքագեղձի քաղցկեղից տարեկան մոտ 20 հազար մահացության դեպքեր:
«Կրծքով սնուցումը էական ազդեցություն ունի կանանց եւ երեխաների առողջության, ինչպես նաեւ թե՛ հարուստ եւ թե՛ աղքատ երկրների տնտեսությունների վրա»,- ասում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Սնուցման բաժնի ղեկավար Վերներ Շուլթինքը: Ըստ նրա՝ ուսումնասիրությունը տրամադրում է վճռորոշ փաստարկներ այն մասին, որ կրծքով կերակրումը երեխաների կյանքի, առողջության, աճի եւ զարգացման հիմնաքարն է:
Կրծքով ավելի երկարատեւ կերակրված երեխան նաեւ ավելի պակաս ենթակա է գիրանալու կամ ճարպակալման ռիսկին հետագայում:

Լանսեթի ուսումնասիրությունը պարզել է, որ կրծքով չկերակրելու հետ կապված կոգնիտիվ կորուստները, որոնք ազդում են վաստակելու ներուժի վրա, կազմում են տարեկան 302 միլիարդ դոլար: Ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրները կորցնում են տարեկան ավելի քան 70 միլիարդ դոլար, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրները ավելի քան 230 միլիարդ դոլար՝ կրծքով սնուցման ցածր մակարդակի պատճառով:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պատասխանատուների խոսքերով՝ մոր եւ երեխայի առողջության հետ կապված բազմաթիվ առավելությունները, ինչպես նաեւ պոտենցիալ տնտեսական օգուտները պետք է դրդեն կառավարություններին հաստատելու համապատասխան քաղաքականություն եւ ծրագրեր՝ պաշտպանելու, խթանելու եւ աջակցելու կրծքով կերակրմանը. «Սա հատկապես կարեւոր է աշխատող մայրերի համար, քանի որ վաղ վերադարձը աշխատանքի նվազեցնում է կրծքով սնուցման շարունակականությունը: Երկրների մոտ 60 տոկոսում ֆիզարձակուրդը չի հասնում ՄԱԿ-ի առաջարկած առնվազն 14 շաբաթվա վճարովի արձակուրդին: Երբ կերակրող մայրերը վերադառնում են աշխատանքի, նրանց աշխատանքի վայրերը չեն ապահովում նրանց կրծքով սնուցման կամ կթելու համար անհրաժեշտ պայմաններով»:

«Կրծքով սնուցումը ամենաբնական, ծախսարդյունավետ, էկոլոգիապես մաքուր եւ հեշտ հասանելի միջոցն է, որ բոլոր երեխաներին՝ հարուստ, թե աղքատ, ապահովում է կյանքի ամենաառողջ մեկնարկը: Կրծքով կերակրման խթանումը, որպես առաջնահերթություն, ձեռնտու է բոլոր կողմերի համար»,- վստահեցնում են հիմնադրամի մասնագետները:

«Առավոտ» օրաթերթ
02.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29