Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեց կինը կենսաթոշակային պաշտպանության հարցով դատի է տվել նախարարությանը

Փետրվար 03,2016 14:30

Կենսաթոշակառուներից շատերն առնչվում են մի խնդրի հետ, որը պատճառ է դառնում, որպեսզի դատական ատյաններում նրանց դիմումները, բողոքներն աճեն: Նրանցից շատերը որոշակի հանգամանքներից դրդված հայտնվում են հանրապետությունից դուրս, հետեւաբար, կենսաթոշակ չեն ստանում, իսկ երբ վերադառնում են, հանդիպում են լուրջ արգելքների: Հաճախ դատարանները վճիռներ են կայացնում, իրավական գնահատականներ տալիս, տարեցների անիրազեկության համար պատասխանատվության բեռը գցելով նրանց վրա:

2008 թվականից Էլիչկա Շահվերդյանը կենսաթոշակառու է: Նրա կենսաթոշակը կազմել է 24.922 ՀՀ դրամ:

Նա 2009 թ. հոկտեմբերին բուժման նպատակով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա: Մոսկվայում կենսաթոշակառուն երկու անգամ՝ 2011թ-ին եւ 2012թ.ին վիրահատվել է, մշտապես գտնվել բժիշկների հսկողության տակ:

Բնականաբար, 2009 թ. հոկտեմբերից մինչեւ 2012 թ. հուլիսը հանրապետությունից դուրս գտնվելով, նա չէր կարողացել ստանալ իր 33 ամսվա թոշակը:

Ի դեպ, այդ ժամանակահատվածում փոփոխություններ էին եղել կենսաթոշակի չափի հետ կապված, չնչին, բայց եւ ավելացել էր այն:

Վերադառնալով Հայաստան, մեր քաղաքացին դիմել էր իր չստացած կենսաթոշակը ստանալու հարցով պատկան ծառայությանը, սակայն վճարել էին միայն 1 տարվա ընթացքում կուտակված կենսաթոշակը, պատճառաբանելով, որ օրենքի փոփոխություն է եղել, ըստ որի պետք է վճարեն մեկ տարվա կենսաթոշակը:

Տարեց կինը դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, սակայն նրան հայտնել են, որ հնարավոր չէ բավարարել կնոջ պահանջը:

Ֆիզիկական վիճակի վատացմանը գումարվել են նաեւ հոգեկան ապրումները:
Է. Շահվերդյանը պնդել է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, հետեւաբար «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 2-րդ կետը, 36 հոդվածը չեն կարող վերաբերելի լինեն իրեն:
Նա բուժման եւ վիրահատության նպատակով ստիպված գտնվելով ՌԴ-ում, տեղյակ չի եղել եւ չէր էլ կարող տեղյակ լինել օրենքի փոփոխության մասին:

Քաղաքացին վկայակոչել է անգամ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1061 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, խնդրելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հաշվարկել եւ վճարել չստացած կենսաթոշակը:
Պահանջվող գումարը կազմում էր 940.400 ՀՀ դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչ Հ. Աջամօղլյանը հղում կատարելով 2011թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» Հ0-243-Ն ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասին, հայտնել էր. «Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ վճարելը դադարեցնելը։ Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել»։

Նույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակառուին 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում։
Ինչ վերաբերում էր դատարան դիմած անպաշտպան թոշակառուին, նախարարության ներկայացուցիչն ասել էր, թե ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից վարվող կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն 2010թ. նոյեմբերից կենսաթոշակառուին 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով է դադարեցվել կենսաթոշակ վճարելը։

2012 թվականի հուլիսի 4-ին թոշակառուն դիմել է ծառայության աշխատակազմի «Կենտրոն-1» սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ կենսաթոշակի վճարումը վերսկսելու եւ 2009 թվականի նոյեմբեր ամսից մինչեւ 2012 թվականի հուլիս ամիսը չվճարված կենսաթոշակի գումարների վճարման հարցով։

Պետությունը՝ տվյալ դեպքում պետական կառույցի ներկայացուցիչը նշել է, որ հայցվորին հասանելիք կենսաթոշակի գումարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվել է, եւ պահանջել էր հայցն ամբողջությամբ մերժել:

Դատարանը արձանագրել էր հետեւյալը. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ 2010թ. դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 36 հոդվածում կատարվել է փոփոխություն եւ նշված հոդվածը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ` մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ վճարելը դադարեցնելը: Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել»:

Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2012 թ. մայիսի 5-ին, մինչդեռ թոշակառուն 2012թ. հուլիսի 4-ին է դիմել ծառայության աշխատակազմի «Կենտրոն-1» սոցիալական ապահովության տարածքային բաժին` կենսաթոշակի վճարումը վերսկսելու չվճարված կենսաթոշակի գումարի վճարման համար:

Ըստ դատարանի. «Քննարկվող նորմի հետադարձ ուժ ունենալ կամ չունենալը էական նշանակություն չի կարող ունենալ սույն վեճի լուծման տեսանկյունից»:
Հետեւաբար, առաջին ատյանի դատարանը վճռել էր, որ նշված հանգամանքները բավարար են հայցը մերժելու համար: Թոշակառուի գործով բողոքը գտնվում է վերաքննիչ դատարանում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29