Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի վեց թեկնածուներ՝ Կարեն Տոնականյանը՝ 60 կգ քաշային կարգ, Գոռ Երիցյանն ու Վլադիմիր Մարգարյանը՝ 69 կգ, 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը, որը թիմին միացել է ճանապարհին եւ 91 կգ քաշայիններ Հենրիկ Սարգսյանն ու Ռաֆայել Սիմոնյանը, մարզիչ Արման Հարությունյանի ղեկավարությամբ երեկ առավոտյան ժամանել են Մինսկ՝ մասնակցելու Վիկտոր Լիվենցեւի միջազգային մրցաշարին: Այսօր կայանալու է մասնակիցների կշռման արարողությունը, որից հետո հայտնի են դառնալու մեկնարկային մենամարտերի զույգերը:
«Առավոտը» երեկ զրուցել է վերջերս պաշտոնապես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակված Կարեն Աղամալյանի հետ: Նա մնացել է Երեւանում եւ հավաքականի ութ այլ բռնցքամարտիկների հետ նախապատրաստվում է մեկ այլ՝ փետրվարի 22-ից 29-ը կայանալիք Ստրանջայի միջազգային մրցաշարին:
– Պարոն Աղամալյան: Ազգային հավաքականի անդամները նոր են ավարտել ուսումնամարզական հավաքն Աբովյանում: Ինչի՞ն էր այն նվիրված:
– Հավաքն անցավ լավ, ինչպես պլանավորել էինք: Այն բռնցքամարտիկները, որոնք մեկնեցին Մինսկ եւ վաղը մասնակցելու են Լիվենցեւի մրցաշարին, ավելի շատ զբաղվում էին պրակտիկ բռնցքամարտով, իսկ մյուսների հետ, որոնք պատրաստվում են Ստրանջայի մրցաշարին, ավելի շատ ուշադրություն դարձրել ենք հատուկ պատրաստությանը: Նրանց հետ մոտ օրերս կրկին կհավաքվենք, այս անգամ՝ Երեւանում եւ օրական չորսանգամյա մարզումներով կնախապատրաստվենք ու փետրվարի 28-ին կմեկնենք Բուլղարիա:
– Օլիմպիական տարին նոր է սկսվել: Որպես ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, ի՞նչ ծրագրեր եք դրել ձեր առջեւ:
Կարդացեք նաև
– Եթե նկատի ունեք տարվա գլխավոր մեկնարկը՝ օլիմպիական խաղերը, առջեւում վարկանիշային երկու մրցաշար ունենք, որոնց պետք է պատրաստվենք ամենայն լրջությամբ ու վճռականությամբ: Դրանցից առաջինը կայանալու է Թուրքիայում, ապրիլի 7-ից 17-ը, որտեղ ուղեգիր տալիս են 1-ից մինչեւ մաքուր 3-րդ տեղերը, երկրորդը՝ Ադրբեջանում, հունիսին: Ի դեպ, Թուրքիայի մրցաշարը նախապես հայտարարվածից երկու շաբաթ առաջ է բերվել: Սկզբնական մեկնարկը հայտարարված էր ապրիլի 20-ին: Ի դեպ, Ստամբուլի փոխարեն այն անցկացվելու է մեկ այլ քաղաքում:
– Եթե Թուրքիա մեկնելու հարցում խոչընդոտ չկա, ի՞նչ կասեք Բաքվի մասին:
– Մենք նախապատրաստվելու ենք երկու մրցաշարերին էլ: Սակայն Ադրբեջան կմեկնենք, թե ոչ, կորոշվի ավելի ուշ, կարծում եմ, ավելի բարձր ատյաններում:
– Մրցաշրջան 2015-ը հայ բռնցքամարտիկների համար օլիմպիական վարկանիշեր նվաճելու առումով չստացվեց: Որքան հիշում ենք, նախորդ գլխավոր մարզիչը երկու-երեք ուղեգրի ակնկալիք ուներ: Դուք վերջերս եք ստանձնել մեր ընտրանու ղեկավարի պաշտոնը: Ի՞նչ կասեք:
– Թե ինձնից առաջ ինչ, քանի ուղեգիր է պլանավորված եղել, ոչինչ ասել չեմ կարող: Ես հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվել եմ, կարելի է ասել, օլիմպիական նախապատրաստության ցիկլի եզրափակիչ փուլում եւ կոնկրետ խոստումներ տալ, ասել, թե քանի ուղեգիր կնվաճենք, չեմ կարող: Դա շատ դժվար է: Ամեն բան հայտնի կդառնա վարկանիշային մրցաշարերի ավարտից հետո միայն: Բայց վստահեցնում եմ, որ անելու ենք հնարավորին չափ ավելիին հասնելու համար:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.02.2016