Լրահոս
Օրվա լրահոսը

Կհամարձակվի՞ Ալիեւը մերժել Օբամային

Փետրվար 03,2016 16:00

Ինչ է թաքցնում Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողներից

Լավրովը ե՛ւ հերքում է, ե՛ւ հաստատում

«Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի»,- օրերս մամլո ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Բաքվից վերջին ամիսներին արվող հայտարարություններին ի պատասխան, թե ղարաբաղյան բանակցություններն ընթանում են ռուսական կողմի ներկայացրած կարգավորման նոր սկզբունքների շուրջ: «Լավրովի կամ որեւէ այլ անձի անունը կրող փաստաթուղթ գոյություն չունի: Գոյություն ունեն մի շարք փաստաթղթեր, դրանք կարծեմ չորսն են, հինգը, թե վեցը` այժմ ես չեմ կարող հստակ մտաբերել: Այդ փաստաթղթերը համանախագահները նախապատրաստել էին ԼՂ խնդրի կարգավորման տարբեր փուլերում, երբ խոսք կար այն մասին, որ որպես առաջին քայլ հարկավոր է մշակել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների փաթեթը, ապա նաեւ այդ սկզբունքների հիման վրա մշակել խաղաղ համաձայնագիրը, որն էլ արդեն իրավաբանորեն պարտավորեցնող, այլ ոչ թե զուտ քաղաքական բնույթ կունենար»,- ասել է Լավրովը՝ հավելելով. «Հենց այդ փաստաթուղթն է, որ 2007-ից 2010-2011թթ. ընկած ժամանակահատվածում որոշակի ձեւափոխումների ենթարկվեց: Այդ փաստաթղթի տարբեր վարկածները փոխանցվել են ԵԱՀԿ նախագահին եւ այժմ էլ գտնվում են այդ կազմակերպության չհրկիզվող պահարաններում: Դրանք են միակ թղթերը, որոնք կարելի է փաստաթուղթ անվանել»:

Պաշտոնական Բաքուն աշնանից կրկնում է, թե ՌԴ ԱԳ նախարարը Բաքու եւ Երեւան այցերի ընթացքում ԼՂ կարգավորմանն ուղղված նոր առաջարկներ է ներկայացրել. «Այդ առաջարկները ընդգրկում են այն պայմանավորվածությունները, որ նախագահները ձեռք բերեցին 2014թ. Սոչիում, Նյուփորթում եւ Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ, եւ որոնց հիմքը Մադրիդյան սկզբունքներն էին: Նորացված Մադրիդյան սկզբունքների վեց կետերը հանրությանը հայտնի են` Հայաստանի Զինված ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղին հարող օկուպացված տարածքներից, ինչպես նաեւ այլ հարցեր»:

Մինչդեռ պաշտոնական Երեւանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մակարդակով անդրադառնալով Լավրովի ներկայացրած առաջարկների մասին լուրերին, նկատել էր. «Մենք որեւէ պաշտոնական նման փաստաթուղթ չենք ստացել»: Իսկ ավելի վաղ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նույն թեմային անդրադառնալիս «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան՝ նշել էր. «Պետք չէ ներկայացնել Ադրբեջանի մոտեցումները որպես եռանախագահների դիրքորոշում, առավել եւս, որ այդ տարրերը եւ սկզբունքները հրապարակված են հինգ հայտնի հայտարարություններում։ Իսկ այն, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարը եւ փորձում է դա վերագրել Սերգեյ Լավրովին, այդպիսի մոտեցում ՌԴ ԱԳ նախարարը հայկական կողմին չի արտահայտել, չեմ էլ կարծում, որ նման մոտեցում արտահայտած լինի ադրբեջանական կողմին։ Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը»:

Լավրովն այսօր նշում է, որ պաշտոնական Մոսկվան իր ջանքերը հիմնականում կենտրոնացրել է այն հարցերի վրա, որոնց շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը դեռ չեն եկել վերջնական համաձայնության: «Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են այն սկզբունքի հիման վրա, որի համաձայն՝ «Որեւէ բան համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ»: Ռուսական կողմը դեռ 2010-ից սկսած, երբ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Մեդվեդեւը, ջանքեր էր գործադրում, որպեսզի հանգուցալուծվեն այն խնդիրները, որոնց շուրջ կողմերը դեռ չեն հանգել համաձայնության: Դա օգտակար էր, մենք որոշ հարցերում կարողացանք առաջընթաց արձանագրել: Կազանում 2011թ. հունիսին կայացած բանակցությունների ժամանակ, սպասելիքներին հակառակ, կողմերը չկարողացան հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալ, ինչի արդյունքում բավական տեւական դադար եղավ: Այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում, նա հանդիպեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, եւ երեք նախագահների հանձնարարությամբ մենք վերսկսեցինք լուծմանն ուղղված քայլերի փնտրտուքը: Նման լուծումներ այժմ մենք որոնում ենք գաղափարների, բարձրաձայնված մտքերի մակարդակում: Որեւէ այլ փաստաթուղթ` ԵԱՀԿ-ում պահ տրվածներից բացի, գոյություն չունի: Մնացած ամենը պարզապես փնտրտուք է»,- նկատել է Լավրովը:

Լավրովն, իհարկե, հերքում է Բաքվի հայտարարությունները, թե իր կողմից առաջարկներ են ներկայացվել, բայց փաստում է, որ ոչ թե եղել են ինչ-որ առաջարկներ, այլ դրանք ընդհանուր, համանախագահների կողմից մշակված առաջարկներ են: Տպավորություն է ստեղծվում, որ Լավրովը, կարծես, ձգտում է շտկել իրավիճակը, որպեսզի չպարզվի, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն էլ սեպարատ ինչ-որ տարբերակներ են քննարկել ու գուցե նաեւ համաձայնության եկել:

Խնդիրն այն է, որ Լավրովը նաեւ ռուսական բազմամյա ջանքերը հիշեցնելով` այսօր անուղղակիորեն արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում այլեւս հնարավոր չէ կողմերի հետ առանձին «խաղալ», ինչը նախընտրում էր Մոսկվան: Եվ ուշադրության է արժանի այն պահը, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը հիշում են ռուսական միջնորդության «երանելի» ժամանակները: Արդեն մեկ տարի է, ինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվին դրել է բավական ծանր իրավիճակում, եւ ակնհայտ է, որ ճնշումները հենց Ալիեւի ուղղությամբ են: Ու այս մթնոլորտում, փոխանակ Մոսկվան իր հերթին Ալիեւին կարգի հրավիրի, հիշեցնում է ռուսական ջանքերը: Իհարկե, ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող, կիսում է այսօր բոլոր հայտարարությունների պատասխանատվությունը, սակայն եթե չլիներ Արեւմուտքի լուրջ հակազդեցությունը Ալիեւի ռազմատենչ քաղաքականության նկատմամբ, հավանաբար Մոսկվան կսահմանափակվեր եռակողմ անպտուղ հանդիպումների շարք անցկացնել, քան իրական պահանջներ դնել Ալիեւի առջեւ:

Ալիեւը համանախագահներին մեղադրում է իսլամաֆոբիայի մեջ

ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցները, բրիտանացի պատգամավոր Ուոլթերի հեղինակած բանաձեւի քվեարկության արդյունքները եւ դրանց նախորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Բաքվում նոր աղմուկ են բարձրացրել, համանախագահները ենթարկվում են աննախադեպ քննադատության մամուլի, փորձագետների եւ իշխանության ներկայացուցիչների կողմից: Իսկ Ալիեւը՝ ոչ ավել-ոչ պակաս, համանախագահներին մեղադրել է իսլամաֆոբիայի մեջ. «Շատ եմ ցավում, որ Մինսկի խմբի համանախագահները, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, ձգտում են ոչ թե կարգավորման, այլ հակամարտության սառեցման։ Նրանց այսօրվա գործունեությունը բացարձակապես անիմաստ է։ Նրանք ոչ միայն Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում, այլ նաեւ պաշտպանում են նրան հնարավոր խնդիրներից։ Տեսեք, թե ինչի հանգեցրեց նրանց սադրիչ գործունեությունը ԵԽԽՎ վերջին լսումների ժամանակ։ Ո՞ւմ տեղն են նրանք իրենց դրել։ Այսինքն՝ պետք է ճնշում գործադրեն բոլոր միջազգային կազմակերպությունների վրա՞։ Հրամաններ տան բոլոր միջազգային կազմակերպությունների՞ն։ ԵԽ-ն միջազգային կազմակերպություն է։ Իհարկե, այնտեղ տարբեր մարդիկ կան։ Կան հակաադրբեջանական դիրքորոշում ունեցող մարդիկ, կան շատ իսլամաֆոբներ։ Կան այնպիսիք, որոնք համերաշխ են Հայաստանի հետ եւ կապված են հայկական լոբբիին։ Ես կազմակերպության անդամ եմ եղել եւ գիտեմ դա։ Բայց այդ կազմակերպությունն այսօր այդ հարցը դրել է օրակարգում։

Մինսկի խմբի համանախագահները նրանց վրա ճնշում են գործադրում, որպեսզի հարցը չքննարկվի։ Հենց այդ սադրիչ գործունեության պատճառով էլ մեզ չբավականացրեց 4 ձայն՝ բանաձեւն ընդունելու համար։ Ես ասել եմ եւ ասում եմ նրանց երեսին։ Այսօր այդ մասին բացահայտ եմ ասում, որպեսզի իմանա նաեւ հասարակությունը։ Նրանք ամենամեծ դերակատարումն ունեն նրանում, որ հարցը չի լուծվում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ երկակի չափանիշներ են կիրառում։ Ի՞նչն է պատճառը։ Հարցնում ես, իսկ պատասխան չկա։ Դա նույնպես յուրօրինակ մարտավարություն է։ Երբ հարցն իրենց դուր չի գալիս, չեն պատասխանում։ Բայց մենք գիտենք պատասխանը։ Մենք մուսուլման ենք, այդ պատճառով էլ մեզ վերաբերվում են երկակի չափանիշներով։ Հատկապես հիմա, երբ Եվրոպայում իսլամաֆոբիան հասել է իր գագաթնակետին»,- ասել է Ալիեւը։

Ադրբեջանի նախագահը նաեւ անկեղծացել է ու բացատրել, թե ինչու ժամանակին Ադրբեջանը չստորագրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը. առաջին պատճառն այն է, որ չնայած Ադրբեջանի ջանքերին՝ փաստաթղթում տեղ չի գտել «արդարացի դիրքորոշումը» ԼՂ խնդրի վերաբերյալ:

Այսպիսով` ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունն «անիմաստ» համարող պաշտոնական Բաքուն հերթական առիթն է ստացել փնովելու միջնորդներին: Հայկական կողմի համար այս բարենպաստ իրավիճակը չպետք է պատճառ հանդիսանա, որպեսզի իրավիճակն ինքնահոսի թողնել: Միջազգային այլ կառույցներ ԼՂ խնդիրը տեղափոխելու եւ ընդդեմ ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատելու Բաքվի փորձերին պետք է հակազդել: Կարեւոր է նաեւ սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ձեւավորման գաղափարի շուրջ Բաքվի խուսափողական կեցվածքի վրա լույս սփռելու հետեւողական աշխատանքը:

Պետք է արձանագրել, որ անցյալ տարվա հունվարից ԵԱՀԿ ՄԽ-ն դադարեց «բալանսավորված» հայտարարություններ ընդունել, եւ սա գովելի եւ խիստ շահեկան իրավիճակ է հայկական կողմերի համար: Հիշեցնենք, որ անցյալ տարի հունվարի 27-ին համանախագահները Կրակովում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ուշագրավ շեշտադրումներով հայտարարություն տարածեցին` առաջին անգամ խախտելով «հավասարակշռված» տոնայնությամբ կոչերի ավանդույթը. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման իր ստանձնած պարտավորություններին»: Համանախագահները նաեւ նշել էին. «Մենք Ադրբեջանի ԱԳ նախարարին հիշեցրել ենք Մինսկի խմբի համանախագահների մանդատի (լիազորությունների շրջանակի), Մինսկի խմբի համանախագահների դերի եւ ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների մասին եւ մտահոգություն հայտնել շարունակվող բանակցային գործընթացի վերաբերյալ հնչող քննադատության առնչությամբ»։

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպե՞ն Վաշինգտոնում

Հունվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Դեսպանը նշել է, որ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, ինչի համար Օբաման հայտնել է իր երախտագիտությունը՝ միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության այս նախաձեռնությանը: Իր ուղերձում Օբաման նշել է, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առեւտրային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ դրանից դուրս:

Ինչպես հայտնի էր ավելի վաղ, ԱՄՆ նախագահն Ալիեւին հրավիրել էր ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթնաժողովին. այս տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Եթե Ալիեւը որոշում կայացնի Արեւմուտք-Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի խումբ-Բաքու լարվածության ֆոնին այցելել Վաշինգտոն, ապա չի կարելի բացառել, որ Վաշինգտոնը փորձի նաեւ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել: Կհամարձակվի՞ Ալիեւը մերժել Օբամային:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29