Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաշվի առնել ռուսական իրողությունները

Փետրվար 03,2016 12:00

Եվ առաջ գնալ մանր, հաշվարկած քայլերով

Ճի՞շտ է արդյոք այն պնդումը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոռումպացված է: Թե՞ դա հերյուրանք է, եւ Պուտինն ապրում է տարեկան 110 հազար դոլար համեստ աշխատավարձով: Կարծես թե ամբողջ աշխարհի համար այդ հարցի պատասխանը պարզ է: Հիմքեր կան ենթադրելու, Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը նույնպես գիտի, որ իրենց նախագահը երկրի ամենախոշոր օլիգարխն է: Պարզապես նրանք հոգու խորքում վստահ են, որ հենց այդպես էլ պետք է՝ էլ ո՞վ պետք է լինի երկրի ամենահարուստ մարդը, եթե ոչ ցարը: Այնպես որ՝ երբ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասում է, որ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադամ Շուբինի հայտարարությունը՝ ՌԴ նախագահի կոռումպացված լինելու մասին, «արտապատկերվում է» առնվազն 100 միլիոն մարդու վրա, որոնք աջակցում են Պուտինի քաղաքականությանը, նա ճիշտ է միայն մասամբ:

Այո, այդ 100 միլիոնն «աջակցում է», բայց այդ միլիոններին ամենեւին էլ չի վիրավորում Պուտինի կոռումպացված լինելու պնդումը: «Ոչինչ, որ մեր թագավորը կոռումպացված է,- մտածում են այդ 100 միլիոնը,- փոխարենը մենք վերադարձրել ենք Ղրիմը, մեր հզոր զենքերից վախենում են Վրաստանում, Ուկրաինայում, Սիրիայում, մենք արժանապատիվ ձեւով հակահարված ենք տալիս «պինդոսներին» եւ «Գեյրոպային»: (Երբ խոսում ենք բոլշեւիկների եւ ստալինյան ռեժիմի հանցագործությունների մասին, ապա թերեւս ամենամեծ հանցագործությունը մտավորականության ծրագրված ոչնչացումն էր եւ հասարակությանը առանց «ուղեղային կենտրոնների» թողնելը, որի հետեւանքն է այս աշխարհընկալումը):

Կարելի է համաձայն չլինել նման մտածելակերպի հետ: Բայց մեր՝ հայաստանցիներիս պարագայում կարեւոր է երկու բան՝ 1/ հաշվի առնել, որ մեր ռազմավարական գործընկերն առաջնորդվում է այդ արժեքներով, 2/ նկատի ունենալ, որ այդ մտածելակերպը վաղ թե ուշ բերելու է հերթական կոլապսի: Դա, մասնավորապես, նշանակում է չմասնակցել այն նախաձեռնություններին, որոնցից հնարավոր է խուսափել: Օրինակ՝ կանխատեսելի է, որ մոտ ժամանակներս Արեւմուտքն իր քարոզչական նպատակներով քարշ է տալու Ռուսաստանին Հաագայի դատարան՝ Վրաստանում եւ Ուկրաինայում կատարած «ռազմական հանցագործությունների» համար: Ենթադրելի է, որ Ռուսաստանը կփորձի ստեղծել «հակա-Հաագա»՝ Պորոշենկոյի նույնատիպ գործողությունների, ինչպես նաեւ դրանից առաջ ամերիկացիների՝ Վիետնամում կատարած վայրագությունների կամ 90-ականներին խորվաթական բանակի՝ Սերբական Կրայինայում իրականացված ջարդերի համար: Ինձ թվում է՝ միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը ոչ «Հաագային», ոչ էլ «հակա-Հաագային» չմասնակցի:

Բացի այդ, պետք չէ շտապել, օրինակ, Ուկրաինան հայտարարել մեզ համար գրեթե «թշնամական», համենայնդեպս՝ «ադրբեջանամետ» պետություն: Ինձ թվում է՝ մեր քաղաքական գործիչները եւ լրատվամիջոցները բավարար տեղեկատվություն չունեն այդ երկրի գործողությունների մասին: Օրինակ՝ նրանք պնդում են, որ ԵԽԽՎ վերջին նստաշրջանում ուկրաինական պատվիրակությունն ամբողջ կազմով քվեարկել է հակահայկական երկու բանաձեւերին կողմ: Մինչդեռ համաձայն ԵԽԽՎ կայքում տեղադրված քվեարկության արդյունքների  ՝ Ուկրաինայի պատվիրակությունը Ռոբերտ Ուոլթերի զեկույցին քվեարկել է հետեւյալ կերպ. քվեարկությանը մասնակցել է Ուկրաինայի 12 հոգանոց պատվիրակությունից միայն չորս անդամ՝ Սերհիյա Սոբոլեւը, Օլեքսանդր Բիլիվոլը, Մուստաֆա Ձեմիլիեւը, Ադրի Լոպուշանսկին, որոնք «կողմ» են քվեարկել: Եթե մնացած 8-ն էլ մասնակցեին եւ կողմ քվեարկեին, ապա կողմ կլիներ 72՝ ավելի շատ, քան դեմ (70): Դա գուցե փոքր օրինակ է մի բանի, որ պետք չէ առաջնորդվել կանխակալ կարծիքներով եւ նախապաշարումներով՝ «քանի Ռուսաստանը մեր ախպերն է, իսկ Ուկրաինան Ռուսաստանի դուշմանն է, ուրեմն մեր հարաբերություններն էլ պետք է վատը լինեն»: Միջազգային հարաբերություններում նման պարզունակ տրամաբանություն չի գործում, եւ պետք չէ առանց լուրջ հիմքերի թշնամանալ այն երկրների հետ, որոնք շատ հարցերում կարող են մեր բարեկամները լինել:

Հենց վաղը հայտարարել, որ մենք անկախ ենք Ռուսաստանից, մենք չենք կարող՝ դա կլինի մեր կողմից արկածախնդրություն: Բայց փոքր քայլեր անել, ինչպես նաեւ պատրաստ լինել հնարավոր կոլապսին, մենք պարտավոր ենք: Օրինակ՝ տնտեսության մեջ: Ռուսաստանում, ինչպես հայտնի է, կա երկու լուրջ տնտեսվարող՝ մենաշնորհներ ունեցող «Գազպրոմն» ու «Ռոսնեֆթը»: Հենց դրանց վրա են հիմնված պուտինյան «կոռուպցիոն սխեմաները», որոնց մասին խոսում էր Ադամ Շուբինը: Բայց բացարձակապես պարտադիր չէ, որ այդ սխեմաները տեղափոխվեն նաեւ Հայաստան եւ դրանից օգտվի մեր օլիգարխիան: Ռուսաստանը դա մեզ չի պարտադրում: Ռուսաստանը չի պարտադրում նաեւ, որ մենք կեղծենք ընտրությունները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ինչ արժեք էլ լինի, դրանք ինքնանպատակ չեն, լինի դա սերը, գեղեցիկը, արդարությունը, օրինապահությունը, ուժը թե հարստությունը: Հոգեւոր մտավոր արժեքը ծառայում է ուժի ու հարստության արժեքների բազմապատկմանը: Դու կարող ես փորձել պաշտպանել թույլերի ու աղքատների իրավունքները, բայց եթե մեջքիդ ուժ ու գրպանումդ փող չունես, ոչ միայն անիմաստ են նման փորձերը, դրանք շատ վնասակար են, որովհետեւ վարկաբեկում են քո կողմից առաջարկված իսկապես սիրուն ու անհրաժեշտ գաղափարները: Նմանապես ուժն ու հարստությունը առանց սիրո, գիտության հոգեւորի բազմապատկման արժեք չեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29