Լրահոս
Օրվա լրահոսը

«100-ն անց». լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Փետրվար 02,2016 17:07

Փետրվարի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի պատմության թանգարանում բացվեց «100-ն անց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, մտավորականներ, արվեստագետներ, հյուրեր:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նախ շնորհակալություն հայտնեց «Հայերն այսօր», «Եռագույն» էլեկտրոնային թերթերին և Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթին՝ ցուցահանդեսի կազմակերպմանը մասնակցելու համար և ի դեմս տնօրեն Արմինե Սարգսյանի՝ Երևանի պատմության թանգարանին, ցուցասրահը սիրահոժար տրամադրելու համար:

Նախարարը համոզմունք հայտնեց, որ 100-րդ տարելիցից հետո հայ ժողովուրդը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում պիտի շարունակի պայքարը Հայ դատի ճանաչման, Հայոց ցեղասպանության դատապարտման և հետևանքների վերացման համար:
Ներկայացվող ցուցադրությունից նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնացրեց արևմտահայ ծնողների տաղանդավոր ժառանգներ Տիգրան և Արաքս Մանսուրյանների լուսանկարները, ովքեր իրենց արվեստով լավագույնս պահպանում և սերունդներին են փոխանցում Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները:

«Ուրախ եմ, որ մաեստրո Տիգրան Մանսուրյանն այսօր ներկա է ցուցահանդեսի բացմանը և առիթից օգտվելով ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել մեծ արվեստագետին՝ վերջերս նշած Ծննդյան տարեդարձի առթիվ: Սիրելի՛ մաեստրո, Ձեր ստեղծագործությամբ մենք՝ հայերս, այսօր լավագույնս ենք ներկայանում աշխարհին և հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք», – նշեց նախարարը:

2

 

ՀՀ սփյուռքի նախարարն անդրադարձավ մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկարին, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու, դիզայներ Գևորգ Շադոյանի լուանկարներին:

«Շնորհակալություն Իննա Մխիթարյանին, ում աշխատանքներում Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մենք տեսնում ենք պահպանված Արևմտյան Հայաստանի արծաթագործության զարդանախշերը, էրգրից բերված ծիրանի տնկիները, որոնք բերք են տալիս Արարատյան դաշտավայրում, ասեղնագործ աշխատանքները, ճաշատեսակները, Տեր-Զորից բերված հողը և այլ լուսանկարներ», -հավելեց նախարարը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով պարգևատրեց երիտասարդ լուսանկարչին՝ բարձր գնահատելով մեր պատմական հիշողությունը պահպանելուն ուղղված նրա ջանքերը:
Ցուցահանդեսի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ արվեստաբան Մարինա Ստեփանյանը:

Այնուհետև ներկաներին ողջունեց ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը: «Խորապես գնահատում եմ այս ցուցադրությունը և նմանօրինակ բոլոր նախաձեռնությունները, որոնցով մշտապես հանդես է գալիս ՀՀ սփյուռքի նախարարությունը: Արևմտյան Հայաստանից բերված՝ նույնիսկ մանրուքների հանդեպ ունեցած մեր այսօրվա վերաբերմունքով մենք պետք է պահպանենք պատմական հիշողությունը», – նշեց մաեստրոն:

Ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին նշեց, որ նման աշխատանքները նպաստում են Հայաստանում լուսանկարչության՝ որպես արվեստի ճյուղի զարգացմանը: Լուսիկ Ագուլեցին նախարար Հրանուշ Հակոբյանին նվիրեց իր և իր դստեր հեղինակած հայկական տարազների մասին պատմող երկու ժողովածու:

Նկարիչ, դիզայներ Արման Դավթյանը (Նուռը) նշեց, որ այսօր Արևմտյան Հայաստանի մասին մենք պատկերացում ենք կազմում նաև պահպանված լուսանկարների շնորհիվ: «Հուսով եմ՝ այսպիսի ցուցահանդեսներ կկազմակերպվեն ոչ միայն Հայաստանում, այլև ուրիշ երկրներում ևս», – հավելեց Նուռը:

Միջոցառման վերջում հանդես եկավ հեղինակ Իննա Մխիթարյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ իր աշխատանքների ցուցադրությունն իրականություն դարձնելու համար: Լուսանկարիչն իր երախտագիտությունը հայտնեց նաև «Հայերն այսօր», «Եռագույն» էլեկտրոնային թերթերին և Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթին, Երևանի քաղաքապետարանին՝ ի մասնավորի Երևանի պատմության թանգարանին:

«Կորուսյալ Հայրենիքում զոհվեց մեկուկես միլիոն հայ: Սակայն հայ մարդու ապրելու և արարելու մղումը հնարավորություն տվեց շարունակելու և կենսունակ դարձնելու արևմտահայ կենցաղն ու արվեստը, որ մերօրյա մշակույթի առանցքն է», – նշեց Իննա Մխիթարյանը:

Ցուցահանդեսը կտևի 3 օր՝ մինչև փետրվարի 4-ը (հասցեն՝ Արգիշտի 1/1):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29