Ամերիկյան «Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է 2016թ. Տնտեսական ազատության ինդեքսը (2016թ. Index of Economic Freedom), որի համաձայն՝ Հայաստանը հաշվառված 178 երկրների շարքում 67 միավորով զբաղեցրել է 54-րդ տեղը: Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է համարվել «չափավոր ազատ»:
Փոխվել է ոգևորությունն՝ այս զեկույցի նկատմամբ։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ ընդհանրապես ոգևորություն չկա։ Տնտեսական ազատության մեր տնտեսական բլոկի պատասխանատուներն այլևս զեկույցը չեն հիշում։ Պատճառներից մեկը, իհարկե, այն է, որ նահանջ ունենք, և զեկույցում նշվում է ՀՀ իշխանություններին ոչ այնքան ականջահաճո իրողությունների մասին։
Օրինակ, նշվում է, որ Հայաստանում շարունակում են մտահոգիչ մնալ սեփականության իրավունքի հետ կապված խնդիրները, կոռուպցիան և աշխատաշուկայում առկա չարաշահումները. «Համատարած կոռուպցիան խորանում է Հայաստանի տնտեսության և տարածաշրջանային անվտանգության վրա Ռուսաստանի ազդեցության մեծացման հետևանքով։ Կաշառակերությունը և խնամիաբարեկամական հարաբերությունները համատարած բնույթ են կրում այն պաշտոնյաների մոտ, որոնք հազվադեպ են պատասխանատվության ենթարկվում կամ հեռացվում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Դատական համակարգը խնդիրներ ունի՝ անկախ գործելու և թափանցիկության հետ կապված։ Ոստիկանության կողմից ոչ օրինաչափ գործողություններն աղճատում են օրենքի կիրառությունը»։ Դե, իհարկե, ո՞վ կցանկանա խոսել նման զեկույցի մասին։
Սակայն, տհաճ ձևակերպումներից բացի, կա նաև մեկ այլ ավելի խորքային պատճառ։ Տնտեսական ազատությունն այլևս չի կարևորվում, այն պահից սկսած երբ մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության անդամ։ Սա, ըստ էության, նշանակում է, որ մենք փակեցինք դռներն աշխարհի երկրների մեծամասնության առաջ և բացեցինք ետևի մուտքը 3 երկրների համար։
Հենց այդ պատճառով էլ տնտեսական ազատությունների առումով ամենամեծ նահանջն ունեցանք 2014 և 2015 թվականների զեկույցների միջև։ 2014 թվականի զեկույցում 41-րդն էինք, 2015-ի զեկույցում՝ արդեն 52-րդը։
Ու եթե Հայաստանը դեռևս գնահատվում է որպես միջին տնտեսական ազատություն ունեցող երկիր, մի քանի տարի անց կհամարվենք քիչ ազատ կամ անազատ, որովհետև մի շարք ապրանքատեսակների գծով 4 տարի անց արդեն կսկսեն գործել ԵՏՄ բարձր մաքսատուրքերը։ Այնպես որ, առաջ դեպի անազատ (տնտեսապես) Հայաստան:
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում