Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ հարբած ռուս զինծառայողի՝գիշերով Գյումրու բնակարաններից մեկը ներխուժելու փորձի մասին. (Ձայնագրություն)

Փետրվար 01,2016 22:12

Երեկ ուշ ժամի, մոտավորապես ժամը 24.00-ի սահմաններում 1990 թվականին ծնված Սերգեյ Վասիլի Սուդնիկովը, որը պայմանագրային զինծառայող է,  հարբած վիճակում փորձել է ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանը: Այնտեղ բնակվում է Երանոսյանների երեք սերնդից բաղկացած ընտանիքը: Տան տիկինը՝ Ռուզաննա Երանոսյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ ռուս զինծառայողը համարյա կես ժամից ավել կոտրում էր իրենց դուռը, տան երկու մանկահասակ երեխաները լեղապատառ էին եղել:

«Դռան թակոց լսեցի, ելա, տեսա դուռ փակել եմ, 10 րոպե չանցած, նորից դմբոց եմ լսում, ինչ-որ մեկը ուզում էր դռան փականը կոտրել, ահավոր խփում էր: Լույսը վառեցի՝ հարցրեցի ո՞վ ես, չներկայացավ, միայն պահանջում էր՝ открой дверь: Նորից էր խփում, ամուսինս մոտեցավ, թե սխալ հասցեով ես եկել, երկար ժամանակ համառորեն չէր գնում, զգացվում էր, որ հարբած է: Զանգել եմ ոստիկանություն, 15 րոպե չանցած՝ ոստիկանությունը ներկայացել է, դրան ձերբակալել, տարել են: Ուսին տոպրակ էր, ինքն էլ՝ զինվորական համազգեստով: Երբ ոստիկանները եկան, ես սիրտ առա, դուրս եկա տնից, տեսա, որ 18-20 տարեկան կլիներ:

IMG_2132

Պերմյակովի արածը աչքներիս առաջ է, դեռ չենք մարսել, ինքը էնպես հարբած էր, չէր կանգնում, որ գլազոկից տեսնեինք, թե ով է: Ասում ենք՝ գնա, չի գնում, պառկել, ձայներ էր հանում, ճչում էր, թե պիտի բացես դուռը: Ոստիկանները եկան, հարցնում են՝ որտեղի՞ց ես եկել, ասում է պոլիգոնների չաստից եմ եկել, ասում են հարազատ, բարեկամ, ի՞նչ ունես էստեղ, մուտքը միգուցե շփոթե՞լ ես, ասեց՝ ոչ: Ոստիկաններն ասին ՝տիկին ջան,  դու հանգիստ մնա, մենք նրան կտանենք: Ես չէի ասի, որ տունն է շփոթել, թող անմիջապես ասեր շփոթել եմ, ամուսինս ասում էր՝ դու սխալ հասցեով ես եկել,  թող գնա, հնար չկար:

Ահուսարսափի մեջ ենք, էսպես էլ բան կլինի, էս քաղաքում ապրել չի լինի՞, էս ինչ վտանգավոր քաղաք դարձավ: Երկու մուտք այն կողմ էլի զինծառայողներ կան, վարձով են ապրում, բայց ինքը պահանջում էր մեր դուռը բացել, դուռն էր պոկում, ես չգիտեմ ով էր, ինչ ծրագրով ու նպատակով էր եկել, որ էդպես խփում էր: Խմած-հարբած բարձրացել էր չորրորդ հարկ, ես ոչ մի բան չեմ հասկանում, 30 տարի ապրել եմ էս շենքի մեջ, նման բան ես չգիտեմ: Փառք տամ Աստծուն, որ չկարողացավ դուռը կոտրել: Վախից շաքար էինք ընկել, ես գոռում էի, թե հանկարծ երեխաներին բան չլինի, դե էդ սարսափի միջից անցել ենք: Ամուսինս ասաց, կարո՞ղ է սխալ ես եկել, արի քեզ օգնեմ գտի այն տունը, որն ուզում ես, հնար չկար»:

ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի աշխատակից Արմեն Մալխասյանն Aravot.am-ին փոխանցեց, որ հանգամանքները  պարզվում են:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ  Aravot.am-ին ասաց. «Իմ կողմից ոստիկանությանը հանձնարարվել է դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: Նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միայն կարող ենք հետևություններ անել նշված միջադեպում հանցագործության հատկանիշների առկայության կամ բացակայության, ինչպես նաև դրա պատճառների վերաբերյալ»:

Դատախազը նաեւ ասաց, որ «զենքի առկայությունը, ըստ առկա փաստական տվյալների, հերքված է, քանի որ նշված զինծառայողը հրետանավոր է, տանկի մասնագետ»:

Ըստ  մեզ հասած  տեղեկությունների, Սերգեյ Վասիլի Սուդնիկովը բացատրություն է տվել այն մասին, որ այդ օրը հյուրընկալվել է ընկերոջ տանը, որը բնակվում է  կողքի` Պարույր Սևակ 14 շենքի 9-րդ բնակարանում, ու քանի որ կիրակի է, իրենց ազատ օրն է, երկուսով մի լավ խմել են: Այնտեղից հարբած դուրս է եկել, տաքսի չի գտել,  վերադարձել է և մտել կողքի շենք` շփոթելով ընկերոջ բնակարանի հետ:

Նկատենք, սակայն, որ ռուս զինծառայողները իրենց վտանգավոր վարքագծով իսկական փորձանք, սպառնալիք են դարձել գյումրեցի ընտանիքների գլխին: Անցած տարի ռուս զինծառայողներից մեկը Գյումրու Շիրակացի փողոցում հարբած վիճակում այնպիսի արագությամբ էր վարել մեքենան, որ միանգամից մի քանի մեքենայի էր խփել, լավ է մարդկային զոհեր չէին եղել: Նրանից մեկն էլ հենց նույն օրը՝ դարձյալ հարբած վիճակում կոտրել էր Գյումրու սննդամթերքի խանութներից մեկի ապակին, որ գողություն աներ:

Մանրամասներն այստեղ`

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Գյումրիի ռուսական ռազմաբազան լրիվ բարդականո՞ց է: Սրա՞նք են Հայաստանը «պաշտպանողները»:

  2. Տիգրան says:

    Դատախազը նաեւ ասաց, որ «զենքի առկայությունը, ըստ առկա փաստական տվյալների, հերքված է, քանի որ նշված զինծառայողը հրետանավոր է, տանկի մասնագետ»:
    Փաստորեն, ով որ զենք ունի, նա զենքի «մասնագետ» է, հա՞: Կեցցեք:
    Ու քանի որ նման «մասնագիտական» տերմիններ եք շրջանառում, կողմնորոշվեք, խնդրում եմ, թե այդ մարդը հրետանավո՞ր է, թե՞ տանկի «մասնագետ»:

  3. Կարեն says:

    Կարծում եմ հոդվածում շատ ճիշտ գրված է: Զենք ունեցողը զենքի մասնագետ չէ, այլ որպես կանոն համազորային` հրաձիգ և այլն, իսկ տանկիստներին մեծամասամբ զենք չեն ամրակցում: Իսկ տանկիստը միթե հրետանավոր չէ, կամ տանկը հրետանային զինատեսակ չէ արդյոք: Եթե ավելի լավ եք տիրապետում մեզ լուսավորեք: Ենթադրում եմ, որ շարքային զինծառայող եք եղել և կարծում եք, թե միայն դիվիզիոնն է հրետանային ստորաբաժանում, իսկ ինչ է այդ դեպքում տանկը, ասեք գուցե մենք էլ իմանանք:

  4. Մկրտիչ says:

    Երևի էսքան ժամանակ Տիգրանն իմացել է, թե տանկը հակաօդային պաշտպանության համար են օգտագործում )))))

  5. моя Россия меня бережёт. Հը՞….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29