Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբան. Հայաստանում Բահրեյնի քաղաքացու անհետացման հետեւում իրավապահ մարմիններն են կանգնած

Փետրվար 01,2016 20:22

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը Հայաստանում գտնվող Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ Ֆադհել Ռադհիի հարցով այսօր դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ՄԻԵԴ-ի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն՝ խնդրել են անհապաղ միջամտություն եվրոպական դատարանից, որպեսզի Հայաստանի կառավարությունից պահանջեն չարտահանձնել Ֆադհել Ռադհիին:

Նա տեղեկացրեց, թե ՄԻԵԴ-ից տեղեկացրել են, որ ստացել են դիմումը եւ 39-րդ կանոնի համաձայն՝ պետք է շատ արագ արձագանքեն: «Այնտեղ իրեն իրական վտանգ կա, որ ինքը խոշտանգումների կենթարկվի: Բացի այդ՝ նաեւ հայտնել ենք, որ երեկոյան շատ ուշ, մեզ համար շատ կասկածելի պայմաններում, Ֆադհել Ռադհին, ըստ էության, անհետացել է: Մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ այդ անհետացման արդյունքում նրան փորձելու են այլ ճանապարհներով ուղարկել Բահրեյն»,- մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ֆադհել Ռադհիի անհետացման առնչությամբ այսօր հայտարարություն է տարածել նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Հաղորդագրությունում նշված է, որ հունվարի 30-ին նա պետք է ազատ արձակվեր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, քանի որ լրանում էր կալանքի ժամկետը: Սակայն երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրել են, որ Ռադհիին «ընկերներն» են դիմավորել եւ տարել են:

Տիգրան Սաֆարյանին հարցրեցինք, թե ո՞վ կարող է կանգնած լինեն Ռադհիի անհետացման հետեւում: Նա պատասխանեց, թե իրենց ունեցած փաստերով՝ «միանշանակ է, որ երկրի անվտանգության, իրավապահ մարմինները միայն կարող էին այդ ամեն ինչը կազմակերպել եւ անել: Այլ ուժ դա չի կարող անել»:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Ռադհիին Հայաստանում ցանկանում են անպայման արտահանձնել Բահրեյն, պարոն Սաֆարյանը պատասխանեց, որ չի հասկանում. «Չեմ կարող բացատրել: Կար հնարավորության մեր օրենսդրության, միջազգային օրենսդրության շրջանակներում քննարկելու ու լուծելու արտահանձնման հարցը: Դա որոշակի գործընթաց է ենթադրում: Եթե Արդարադատության նախարարը կգտներ, որ պետք է արտահանձնել, ապա պետք է դատարան, դատարանի որոշման հիման վրա արտահանձնեին»:

Նա նշեց, որ դատարանում որոշակի գործընթաց պետք է ընթանար, իրենք կկարողանային իրենց հակափաստարկները ներկայացնեին եւ եթե որեւէ կողմ դժգոհ լիներ որոշումից, կարելի կլիներ բողոքարկել. «Բայց դուրս է գալիս, որ Հայաստանի կառավարությունն, իշխանությունները որոշեցին այդ երկար, դժվար ճանապարհը չանցնել եւ այսպես լուծել խնդիրը»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29