Լրահոս
Օրվա լրահոսը

«Էկոնոմիկայի նախարարությունը տոկոս հաշվել չգիտի»

Փետրվար 01,2016 20:11

«Էկոնոմիկայի նախարարությունը տոկոս հաշվել չգիտի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանն՝ արձագանքելով նախարարության այն հրապարակմանը, որտեղ ներկայացված են ՀՀ տնտեսական ակտիվության 2015 թվականի ցուցանիշները:

Նախարարությունը նշել էր, որ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում գրանցված աճը եղել է պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գների նվազման պարագայում (2014թ. համեմատությամբ, 2015թ. պղնձի գները նվազել են 6.2%-ով, իսկ մոլիբդենինը` 42.1%-ով): Մանուկյանը նկատեց, որ պղնձի միջազգային գների անկումը եղել է ոչ թե 6.2%, ինչպես նախարարությունն է գրել, այլ՝ 25%: «2014 թվականին պղնձի տարեկան միջին գինը, ըստ Լոնդոնի մետաղների բորսայի, եղել է 6860 դոլար, իսկ 2015-ին՝ 5500 դոլար, այսինքն` պղնձի գները նվազել են 25%-ով: Լոնդոնի միջազգային բորսայի ներկայացրած տվյալները հիմք ենք ողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանի համար: Ստացվում է՝ էկոնոմիկայի նախարարությունը 19%-ով սխալ պատկեր է ներկայացնում»:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով տնտեսական ակտիվությունը  3.1% է, այստեղ արդյունաբերության աճը 5.2%-է: Ըստ նախարարության հրապարակման՝  էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, աճ է (անվանական աճ) գրանցվել  հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում` աճի տեմպը` 120.5%:

Այս առնչությամբ տնտեսագետը նկատեց, որ հանքարդյունաբերությունն ավելացված արժեքի հարկ՝ ԱԱՀ քիչ է ստեղծում. «Անտառը կտրում են, մեկ տարվա մեջ դարձնում թուղթ ու ասում են՝ աճ ունենք: Հանքարդյունաբերության աճը եղել է արդյունահանվող հումքի հաշվին: Արդյոք սա ճի՞շտ է: Իմ կարծիքով՝ ոչ: Ապագա սերունդների համար մենք այդ ռեսուրսներն ավելի ենք քչացնում: Ամենակարեւոր խնդիրն այն է, որ պղնձի արդյունահանման ստեղծած օգուտները, եկամուտները քիչ են:  Չենք կարողանում դիվերսիֆիկացնել պղնձից կախվածությունը, եթե հանք չունենանք, ի՞նչ ենք անելու, պարզ չէ»:

Ըստ Մանուկյանի, այն որ հանքարդյունաբերությունն աճում է ի հաշիվ ավելի մեծ ծավալի արդյունահանման, հպարտանալու տեղիք չի տալիս. «Հաշվի չեն առնում բնապահպանական խնդիրները, այսինքն՝ ավելի շատ բնապահպանությանն են վնասում, որը որեւէ կերպ չի արտացոլվում ոչ տնտեսական ակտիվության ցուցանիշում, ոչ էլ համախառն ներքին արդյունքում: Մենք պետք է երկարաժամկետ աճ ստեղծենք, հաջորդ սերունդներին ավելի որակյալ տնտեսական մոդել մատուցենք»:

Անդրադառնալով ԱՎԾ-ի՝ շինարարության աճի ցուցանիշներին՝ 0,3%, ապա տնտեսագետը նկատեց, որ այս ոլորտի աճը կարելի է աճ չհամարել, քանի որ կառուցվածքային առումով, այն որ մի լավ բան չի ասում:

Օրինակ, ըստ ԱՎԾ-ի,  շինարարության ոլորտում կազմակերպություններն ավելի քիչ շինարարություն են արել թե շենքի, եւ թե քառակուսի մետրերի հաշվով, իսկ բնակչությունն ավելի շատ է շինարարություն կատարել, ի տարբերություն բիզնես ոլորտի: ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին կազմակերպությունների միջոցների հաշվին կառուցված շենքերի քանակը 19- է՝ 81,383 քառակուսի մետր, իսկ բնակչության միջոցներով կառուցվել է 622 շենք՝ 146, 087 քառակուսի մետր: Այսինքն, ԱՎԾ տվյալներով կազմակերպությունների միջոցներով կառուցվող շենքերի քանակը 2014-ի համեմատ նվազել է 5 տոկոսով, իսկ քառակուսի մետրը նվազել է 23 տոկոսով, բնակչության միջոցներով կառուցվող շենքերի քանակը 2014-ի համեմատ` 2 տոկոսով:

Արտակ Մանուկյանի խոսքերով՝ մեծ հաշվով, շինարարության ոլորտում որակական առումով, կա աճի նվազում, քանի մասնավորն ավելի քիչ է շինարարություն արել, իսկ հիմնական շարժիչ ուժը պետք է լինի բիզնես ոլորտը, ոչ թե բնակչությունը. «Տնտեսությունում ակտիվության մյուս ցուցանիշներն էլ հաշվի առնելով, պետք է ասել, որ մենք որակական տնտեսական աճի մասին չենք կարող խոսել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29