Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում փետրվարի 1-ին շարունակվում էր Իսրայել Սարգսյանի գործով դատական նիստը:
Նիստի ընթացքում հարցաքննվեց գործով վկա Աշոտ Բոլյանը: Նա նշեց, որ տեղյակ է, թե ինչ գործով է եկել դատարան՝ «թե իբր Մովսեսը սպանել է Արթուրին, իսկ Իսրայելը սպանել է Մովսեսին», նրա պնդմամբ՝ նման բան չէր կարող տեղի ունենալ: Նա նշեց, որ երբ իմացել է Տիգրան Ասատրյանի եւ Թեւոս Սաֆարյանի միջեւ ֆինանսական խնդիրների մասին եւ միջամտել է, սակայն Իսրայել Սարգսյանը ոչ մի կապ չի ունեցել այդ խնդիրների հետ:
«Իսրայելը ոչ մի հարց չի ունեցել ո՛չ Արթուրի, ո՛չ Թեւոսի հետ: Մինչեւ վերջ Արթուրը, մենք միասին Իսրայելի հետ ընկերություն ենք արել»,- հայտարարեց վկան:
Աշոտ Բոլյանը նշեց, երբ որ դեպքը կատարվել էր, իր մոտ Տիգրան Ասատրյանի նկատմամբ կասկած էր առաջացել, քանի որ վերջինս խնդիրներ ուներ Թեւոսի հետ: Դեպքից հետո փորձել է կապվել Տիգրան Ասատրյանի հետ, սակայն վերջինս իր զանգերին չի պատասխանել, այնուհետեւ զանգահարել է ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին. «Փորձել եմ Իսոյին խնդրել, ասել եմ՝ ոնց կարող ես ինչ-որ մի ձեւով փորձի Տիգրանին: Եթե Տիգրանը չի, ուրեմն՝ մենք ունենք երրորդ թշնամի, որն ամենավտանգավորն է»:
Կարդացեք նաև
Նա հայտնեց, որ տեղյակ է, որ հետազոտված ձեռնոցի ու ատրճանակի վրա կա ԴՆԹ, որն ապացուցում է, որ Արթուր Սաֆարյանի մահվան հետ Մովսես Ներսիսյանը կապ չունի. «Հիմա կա երրորդ ուժ, որը բոլոր տեղերում ստորացնում է իմ ընկերոջը, որ ինքը մարդասպան է: Եթե Մովսեսը չի սպանել, ի՞նչ իմաստ ունի, որ ընկերս սպանի Մովսեսին: Մովսեսը շատ խնդիրներ ուներ Հայաստանում, որ իրեն պետք էր, որ առանց ռոզիսկ տալու ինքը թողներ գնար այստեղից: Դրա մասին բոլորը գիտեն»:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից «Թեւոսիկի»՝ Թեւոս Սաֆարյանի եղբայր Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը, ապա հանցանքը թաքցնելու նպատակով սպանել էր Մովսես Ներսիսյանին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ