Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատկան մարմինների խտրական վերաբերմունքն ապացուցում է, որ Գեւորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է»

Փետրվար 01,2016 17:57

«Դեկտեմբերի 31-ի գիշերն Ազատության հրապարակում ոստիկանները բռնություն կիրառեցին քաղաքացիների նկատմամբ: Տեսանյութերում երեւում է, թե ինչպես են ոստիկանները հարվածում քաղաքացիներին, ինչպես է Գեղամ Խաչատրյանը հարվածում ՀՀ քաղաքացիներին: Փոխանակ ձերբակալելու Գեղամ Խաչատրյանին, քրեական գործ հարուցելու նրա նկատմամբ, ՀՀ ոստիկանությունը ձերբակալում է Գեւորգ Սաֆարյանին»,- այս մասին այսօր ցույցի ընթացքում հայտարարեց «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանը:

«Նոր Հայաստան»-ի մի շարք անդամներ այս պահին հավաքվել են ՀՀ դատախազության դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին:

Գագիկ Եղիազարյանը նշեց, որ հունվարի 3-ին՝ ոչ աշխատանքային օրը, դատախազը կարողացավ մտնել դատարան եւ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում ստանալ, «իսկ երբ պետք էր «Նոր Հայաստանի» 9 անդամների հաղորդումն ընդունել հանցագործության մասին, ոչ աշխատանքային օրեր էին: Հնարավոր չեղավ նամակ հանձնել»:

Ըստ նրա՝ դա խտրական վերաբերմունք է եւ ապացուցում է, որ Գեւորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է: «Մենք ՀՀ դատախազությունից պահանջում ենք, որ այստեղ գա լիազոր ներկայացուցիչ, որը կունենա լիազորություններ մեզ բացատրություններ տալու եւ վերցնելու մեր պահանջները: Մենք երկու պահանջ ունենք. վերացնել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցը, նրան ազատել կալանքից կամ փոխել խափանման միջոցը»:

Երկրորդ կետով «Նոր Հայաստանի» անդամները պահանջում են պատասխանատվության ենթարկել ոստիկան Գեղամ Խաչատրյանին:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29