Այսօր Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում առաջարկեց, որ եթե ՀՀԿ մի պատգամավորի՝ Սամվել Ֆարմանյանի ելույթից հետո Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է տալիս, ուրեմն կառավարության անդամների մասին էլ թող ելույթներ ունենան, հրաժարական տան. «Պարո՛ն Ֆարմանյան, կառավարության անդամների մասին էլ 1-2 ելույթ ունեցեք, հրաժարական տան»:
Ըստ Էդմոն Մարուքյանի, Կարեն Անդրեասյանին հիմա հերոսացնում են, հենց հրաժարական են տալիս, ասում են՝ բայց ժողովուրդը նրան սիրում էր:
Նա նաեւ նշեց, որ ցանկացած՝ ամենալավ իրավապաշտպանի թեկնածությունն էլ, որ ՀՀԿ-ն առաջադրի՝ այդ թեկնածուն ասելու է՝ գործ չունեմ, որովհետեւ գիտի, որ հաջորդ իսկ վայրկյանից ասելու են՝ դու էլ ծախվեցիր, իշխանություններին, «Եվ դու, Բրուտո՛ս». «Մենք ինքներս այդ աուրան ստեղծել ենք: Ով էլ որ առաջադրվի, թող չասվի, որ իշխանություններին ծառայություն է մատուցելու: Հենց նրան տրվեց պաշտոնը՝ նա անկախ մարդ է»:
Նա կոչ արեց, որ ով էլ ընտրվի հաջորդ Պաշտպանը, պիտակ չկպցնեն:
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ անձամբ ինքը առաջարկում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը՝ օմբուդսմենի պաշտոնում. «Ովքեր խոսում էին այլընտրանքի մասին, լավ օմբուդսմեն ունենալու մասին, առաջարկում եմ պաշտպանել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Եթե հնարավորություն լինի, որ նա նշանակվի, ես կարծում եմ, որ նա կարող է լինել լավագույն մարդու իրավունքների պաշտպանը՝ իր ունեցած փորձով, խարիզմայով, մարդու իրավունքների մասին իր մոտեցումներով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ