«ՀՅԴ-ն ոչ թե կոալիցիա է կազմում ՀՀԿ-ի հետ, այլ համագործակցում է, իսկ համագործակցության առաջարկն էլ եղել է հենց ՀՀԿ ից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ի պատասխան լրագրողների դիտարկումների, Արմեն Ռուստամյանն ասաց, որ չի խուսափում օգտագործել կոալիցիա բառը, պարզապես «իրերը կոչում է իրենց անունով»:
Հարցին`ե՞րբ կավարտվեն բանակցությունները և ընդհանուր հայտարարի կգա՞ն արդյոք, նա խորհուրդ տվեց դիմել ՀՀԿ -ին:
«Համագործակցության պայմանները և դրա անհրաժեշտությունը ինքնին առաջացավ հանրաքվեից հետո,երբ ունեցանք դրական արդյունքներ, իսկ հանրաքվեով ամրագրված նոր սահմանադրական կարգին անհրաժեշտ է միս ու արյուն տալ, և դե յուրե վիճակը վերածել դե ֆակտո վիճակի»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Կարդացեք նաև
Վերջինս նշեց, որ ՀՅԴ -ն չի կարող մի կողմ քաշվել ու դիտողի դերում լինել, ուստի ճիշտ կլինի մտնել այդ պատասխանատվության տակ: Նա քանիցս կրկնեց` ՀՅԴ-ն երբեք ինքնանպատակ ձևով կոալիցիա ոչ մտել է, ոչ էլ դուրս եկել. հիմա երկրում իրավիճակ փոխելու հիմքեր են տեսնում: Պորտֆելների մասին խոսելը դաշնակցական գործիչը, վաղ համարեց:
Օրերս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ էր ասել, որ այդ հարցին դեռ չեն հասել: Հարցին՝ ՀՅԴ-ի պահանջները շա՞տ են, դրա՞ համար են բանակցությունները ձգձգվում, Ռուստամյանն ասաց` շատ ու քչի հարց չի. «Բանակցություններ ընթանում են նաև այդ հարցի շուրջ, դեռ չենք եկել ընդհանուր համաձայնության»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը` ՀՅԴ-ն միշտ համակարգային իշխանափոխության կողմնակից է եղել, իսկ այսօր ստացվեց այնպես, որ այդ նույն իշխանության հետ գնում են համագործակցության, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պարզաբանեց` իրենք ասել են ամբողջական իշխանափոխություն,ենթադրելով համակարգի այնպիսի փոփոխություն, որը ինքնին այդ իշխանափոխությունը իրականացնելու է. «Իսկ հիմա դրա ամենահիմնական ու գլխավոր հիմքերը արդեն կան դրված: Իշխանափոխությունը պետք է կատարի ժողովուրդը: Փոխվելու է կառավարման համակարգը, որը թույլ չէր տալիս իրականացնել իշխանափոխություն, կյանքի մահվան խնդիր էր. հաղթողը ստանում էր ամեն ինչ, իսկ պարտվողը` ոչինչ: Վստահ եմ, որ Հայաստանում 2017 թ-ին լինելու է աննախադեպ որակով անցկացրած ընտրություններ ու ժողովուրդը ընտրելու է իշխանությանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ