Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կառավարության շռայլ ծախսերը՝ 5 մլրդ պետական պարտքի ֆոնին

Փետրվար 01,2016 17:43

ՀՀ կառավարությունը անցյալ տարվա դեկտեմբերին ու այս տարվա հունվարին շռայլ ծախսեր է արել՝ թանկարժեք նվերներ, խնջույքներ ծառայությունների վրա: Ըստ որոշ հրապարակումների, օրինակ 708 000 դրամ ծախսվել է 4 ծաղկեփնջի, 2,5 մլն դրամ` 4 ժամացույցի, 5 400 000 դրամ` 2 խնջույքի վրա:

Aravot.am-ը «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է կառավարության այս ծախսերի վերաբերյալ: Պարոն Հոկտանյանը պատասխանեց. «Նախ լավ չեմ նայում, բայց մյուս կողմից էլ«Թրանսփերենսի ինթերնեշնլը» պետական գնումների մշտադիտարկում է իրականացնում եւ այդ թեմայով մեր հրապարակումն էլ դրված է կայքում»:

«Թրանսփերենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի խոսքով, ուռճացված գնումներ կատարելու դեպքում սովորաբար պետք է ներկայացվի պարզաբանումը, թե ինչու են այդ գնով գնել: «Ես սովորաբար մեկնաբանություններ չեմ անում, մինչեւ տեսնեմ բացատրությունը: Իսկ եթե իսկապես աբսուրդ բացատրություն է, դրանից հետո իմաստ ունի իսկապես քննադատելու: Կարող է իրենք այնպիսի նպատակների են ծառայեցրել այդ խնջույքները, գնումները, որ արդարացվում են ծախսերը»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը՝ իր կարծիքով արդյոք արդարացվա՞ծ են նման գնումները, երբ պետական պարտքը վաղուց հատել է 5 մլրդ դոլարի սահմանագիծը, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Դա դիտարկելու համար նախ պետք է հասկանալ այդ ծախսերի բացատրությունը…Հիշում եմ՝ ավիատոմսերի համար էլ ահռելի գումարներ էին ծախսված,  հետո ուսումնասիրեցինք գնումները, ու տեսանք, որ բնականաբար նախարարը պետք է բիզնես կլասով թռչի: Ընդունված է, որ նախարարները բիզնես կլասով ճամփորդեն, այլ խնդիր է, թե որքանո՞վ է դա արդարացված այդքան պետական պարտք ունեցող երկրի դեպքում: Ժամանակին էլ նույն բիոզուգարանների նպատակն էր աբսուրդ, եւ տուրիզմը զարգացնելու համար կարելի էր ավելի էժան բիոզուգարաններ բերել: Իհարկե կարելի է հաշվի առնել մեր պետական պարտքը, մեր երկրի վիճակին համապատասխան ծախսեր անել, բայց դա արդեն այլ թեմա է»:

Պարոն Հոկտանյանը շեշտեց, որ պետական այրերը քննարկումների ժամանակ կատարվող ճոխ ծախսերն արդարացնում են նրանով, որ իբր մեր երկիրն այդպես ավելի գրավիչ է դառնում, ավելի լուրջ մարդիկ են հետաքրքրվում Հայաստանով: Բայց այդ դեպքում էլ լուծումը, ըստ մեր զրուցակցի նույնն է. «Ցանկացած նման պատճառաբանությունը պետք է ապացուցեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29