«Հայաստանն արդեն Մարդու իրավունքների երեք պաշտպան է ունեցել, եւ այդ երեք պաշտպաններից ոչ մեկի գործունեությունը բնականոն ավարտ չի ունեցել»,- այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման կարգը քննարկելիս ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ «Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գործունեությունն ընդհատվեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը մի անհասկանալի հրամանագրով, պետական պաշտոնյաներով ուղղակի օկուպացրեց ՄԻՊ գրասենյակը եւ պաշտպանը գնաց եւ տեսավ, որ կողպած է դուռը, ինքը չի կարող գրասենյակ մտնել: Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնավարման ժամկետից դեռ տարի ունենալով էլի հրաժարական տվեց: Դրանից առաջ Քոչարյանի կողմից պիտակավորվել էր որպես ամենաանհաջող կադր, իշխանությունների համար ոչ դուրեկան զեկույցներով էր հանդես եկել: Կարեն Անդրեասյանն ավելի քիչ դիմացավ, հրաժարական տվեց, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավորն ասաց, թե նա հավակնում է ամենաանհաջող կադրի դափնիներին»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս վաղաժամ հրաժարականի հարցը պետք է մտահոգեր իշխանություններին, թե այս ի՞նչ է կատարվում: Ըստ Նիկոլ Փաշինյանի, այստեղ միայն Պետաիրավական հանձնաժողովի հարցը չի, պետական կառավարման հարցն է:
Նա մեղադրեց նաեւ Կարեն Անդրեասյանին, որ պաշտոնը ստանձնելիս ասում են՝ մենք անմնացորդ կծառայենք ժողովրդին, մեզ ոչ մի բան չի կանգնեցնի, մեկ էլ առավոտ շուտ վեր են կենում ու ասում՝ ժողովուրդ ջան, ես գնացի: Նա շարունակում է այդ պաշտոնյաների շարքը:
Կարդացեք նաև
Հետո նա հիշեց Տիգրան Սարգսյանի հրաժարականը, որ առավոտյան կառավարության նիստ է անում, երեկոյան ասում է՝ ես հրաժարական եմ տալիս, ու ամբողջ ժողովուրդն ուզում է իմանալ՝ ի՞նչ էիր ուզում անել, ինչո՞ւ էիր մինչեւ հիմա մնացել ու ինչո՞ւ հիմա հրաժարական տվեցիր. «Ժողովուրդն իր հարցերի պատասխանը չի ստացել: Ոնց որ այդ մարդիկ 5-6 տարի այս ժողովրդի հաշվին չեն աշխատավարձ ստացել, ծառայողական մեքենաներով շրջել: Էս ժողովուրդը հարգանքի արժանի չի՞, որ ասեք՝ ժողովուրդ ջան, իմ դեմ կա այս կոմպրոմատը, կամ իմ պախանն ասել է՝ թող ռադդ քաշի, որովհետեւ ես ոչ թե իմ ժողովրդին եմ ծառայում, այլ՝ իմ պախանին եմ ծառայում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ